ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Բելառուսի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Բելառուսի հետ քաղաքական, տնտեսական համագործակցության զարգացումը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափով և հետաքրքրված է փոխշահավետ ծրագրերով:
Փաշինյանն անդրադարձել է նաև արցախյան պատերազմից հետո ձևավորված իրավիճակին՝ կարևորելով Բելառուսի հավասարակշռված դիրքորոշումը։
«Հայկական կողմի համար կարևորագույն առաջնահերթություն է ռազմագերիների վերադարձը, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը, և այդ ուղղությամբ շարունակական աշխատանք է տարվում»,- ասել է վարչապետը:
Ալեքսանդր Կոնյուկը նշել է, որ Հայաստանին ու Բելառուսին, երկու ժողովուրդներին շատ բան է միավորում, առկա է սերտ փոխգործակցություն, քաղաքական երկխոսության բարձր մակարդակ և վստահեցրել, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի առավելագույն ջանքերը՝ գործընկերությունն էլ ավելի խորացնելու համար: Բելառուսի դեսպանը կարևորել է տարածաշրջանային կայուն իրավիճակի պահպանումը և հայտնել, որ Բելառուսը պատրաստակամ է աջակցել այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների տնտեսական կապերի ակտիվացման, տարբեր ոլորտներում համատեղ նախաձեռնությունների հեռանկարների շուրջ՝ ընդգծելով մեծ ներուժի առկայության հանգամանքը:
Փաշինյանը կարևորել է առևտրատնտեսական հարցերի միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը, խորհրդարանական ինտենսիվ համագործակցությունը: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման արդյունքում ստեղծվող հնարավորություններին:
Փաշինյանը կարևորել է նաև կորոնավիրուսի համավարակի պայմաններում Երևան-Մինսկ չվերթի անընդհատ, անխափան աշխատանքը, ինչն ապահովվել է կողմերի սերտ փոխգործակցության շնորհիվ:
Հիշեցնենք, ավելի վաղ Հայաստանում Բելառուսի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին ընդունել էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը։