ԵԱՏՄ-ին համալրում է սպասում․ ի՞նչ կտա Իրանի անդամակցությունը Հայաստանին

© Sputnik / Aram NersesyanАрмяно-иранская граница
Армяно-иранская граница - Sputnik Արմենիա, 1920, 13.02.2021
Բաժանորդագրվեք
ԱՄՆ-ի շարունակական ճնշման ֆոնին Իրանը եվրասիական նախագիծը դիտարկում է որպես յուրահատուկ տնտեսական, ինչպես նաև աշխարհաքաղաքական «անձրևանոց»։

ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի – Sputnik, Աշոտ Սաֆարյան. Եվրասիական տնտեսական միությանը, ինչպես երևում է, համալրում է սպասում։ Ինտեգրացիոն միավորմանը կարող է անդամակցել Իրանը։ Ասել, որ նման ծանրակշիռ խաղացողի մուտքը ԵԱՏՄ լրջորեն կավելացնի կազմակերպության դերն ու սրա տնտեսական ու աշխարհաքաղաքական կշիռը, նշանակում է ոչինչ չասել։ Թեհրանի որոշման մասին մի քանի օր առաջ հայտարարեց խորհրդարանի խոսնակ, պահպանողական թևի ներկայացուցիչ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը՝ Իրանի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը։

Газовая горелка - Sputnik Արմենիա, 1920, 11.02.2021
Սակագնային պատնեշ․ ի՞նչ խնդիրների է բախվում ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի նախագիծը

Փետրվարի 10-ին, Մոսկվայից Թեհրան վերադառնալով, քաղաքական գործիչը հայտարարեց, որ Իրանը ԵԱՏՄ մտնելու ուղղությամբ բանակցություններ է սկսել, և որ այդ ուղղությամբ նախնական աշխատանքները կսկսվեն արդեն երկու շաբաթից։ ԻԻՀ-ի և ԵԱՏՄ-ի միջև 2019թ․-ի հոկտեմբերին ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր էր ստորագրվել։ Բայց հիմա, ինչպես տեսնում ենք, Իրանը որոշել է ավելի հեռու գնալ Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ ինտեգրման գործում։ Եվ եթե ԵԱՏՄ-ն միշտ դիտարկվում էր որպես նախկին ԽՍՀՄ երկրների ինտեգրման նախագիծ, ապա Իրանի մասնակցությամբ այդ միությունը դուրս է գալիս սովորական «հետխորհրդային» շրջանակից։

ԵՊՀ իրանագիտության ֆակուլտետի ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը կարծում է, որ ԵԱՏՄ-ին անդամակցելու հարցում առավել շահագրգռված են իրանական քաղաքական վերնախավի պահպանողական շրջանակները։ Նրանք կարծում են, որ այդ կազմակերպության և մասնավորապես Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունները պետք է խորացնել` օգտվելով նաև Հարավային Կովկասի հաղորդակցության ապաշրջափակումից։

«Իրանը ճանապարհների բացումը դիտարկում է որպես Ադրբեջանով, Նախիջևանի ինքնավար մարզի տարածքով, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի տարածքով Ռուսաստանի հետ ուղիղ ցամաքային կապի հաստատման հնարավորություն: Եվ ռուսական կողմն էլ է կարծես շահագրգռված այդ գաղափարի առաջխաղացմամբ»,- ասաց փորձագետը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Նրա խոսքով՝ Իրանի ակնկալիքը ԵԱՏՄ անդամակցությունից երկու բաղադրիչ ունի՝ առևտրատնտեսական կապեր և ռազմաքաղաքական համագործակցություն: Իրանական կողմի տեսանկյունից ռազմաքաղաքական բաղադրիչը կարող է իրեն անվտանգության մի որոշակի հատված ապահովել։ Իհարկե, Իրանի ներսում կան շրջանակներ, որոնք դեմ են ԵԱՏՄ անդամակցությանը, բայց պահպանողական թևում հիմնականում դրական են տրամադրված։

Рабочие во Владивостоке - Sputnik Արմենիա, 1920, 05.02.2021
ԵԱՏՄ-ում թվային ընդհանուր հարթակ կստեղծվի

ԵԱՏՄ անդամակցությունը Իրանին թույլ կտա որոշ չափով չեզոքացնել ամերիկյան պատժամիջոցների հետևանքով կրած վնասները, հակակշռել Վաշինգտոնի պատժամիջոցային քաղաքականությանը, ամերիկյան վարչակազմին ստիպել ավելի ճկուն լինել, մասնավորապես միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում։

Իրանի անդամակցությունը ԵԱՏՄ–ին Հայաստանին ձեռնտու է տնտեսական արտոնությունների և տարանցիկության հնարավորությունների տեսանկյունից։ Հարավային հարևանը Հայաստանի հետ կհայտնվի միևնույն տնտեսական միությունում, և այդ իրադարձության նշանակությունը դժվար է գերագնահատել։

Ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշևն էլ կարծում է, որ Իրանի այդ քայլը միանգամայն տրամաբանական է թվում՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի մշտական ճնշումը և տնտեսության, մասնավորապես էներգետիկ ոլորտում առկա մի շարք խնդիրները։

«Միանգամայն ակնհայտ է, որ Սպիտակ տան ղեկավարի փոփոխությունը որևէ դրական ազդեցություն չի ունենա այդ խնդիրների վրա։ Տնտեսական ճնշումը շարունակվելու է։ Եվ այս իրավիճակում Իրանը ջանքեր կգործադրի Չինաստանի, Հնդկաստանի, ինչպես նաև ԵԱՏՄ-ի հետ փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության հաստատման ուղղությամբ․ վերջինիս հետ, ըստ էության, նա ընդհանուր սահման ունի։ Այս քայլը միանգամայն տրամաբանական է, և հետագայում ամեն ինչ կախված կլինի ԵԱՏՄ կանոնադրական փաստաթղթերով նախատեսված ընթացակարգերի արագությունից»,-ասաց Արեշևը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Բնական է, որ անդամակցության գործընթացում զանազան հարցեր կառաջանան, ինչպես եղավ ազատ առևտրի գոտու պայմանագրի ստորագրման դեպքում։ Պայմանագրի ստորագրման գործընթացը հեշտ չէր, սակայն կողմերին հաջողվեց համաձայնության գալ։ Քաղաքագետը վստահ է, որ բանակցությունների գործընթացում կհաջողվի հարթել բոլոր սուր անկյունները, քանի որ հեռանկարներն ավելի գայթակղիչ են, քան անխուսափելի բարդությունները։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала