«Նեմեսիսի» չբացահայտված լիդերներից մեկը․ ո՞վ էր ծախսատար օպերացիայի ֆինանսական տնօրենը

CC BY 4.0 / Yerevantsi / An exhibition dedicated to Operation Nemesis at the genocide museum in Yerevan (cropped and resized photo)Выставка, посвящённая операции "Немезис" в Цицернакабердe
Выставка, посвящённая операции Немезис в Цицернакабердe - Sputnik Արմենիա, 1920, 15.03.2021
Բաժանորդագրվեք
Երբ խոսում ենք «Նեմեսիսի» մասին, առաջին անունը, որ մտաբերում ենք` Սողոմոն Թեհլիրյանն է։ Բեռլինում Թալեաթ փաշայի գնդակահարությունը, միջազգային արձագանք ստացած դատավարությունն ու դատարանի արդարացնող վճիռը Սողոմոն Թեհլիրյանին այս գործողության խորհրդանիշը դարձրեցին։

«Նեմեսիս» գործողության մեջ, բացի շատերին հայտնի բուն վրիժառուներից, այսինքն՝ հանցագործների մահապատիժն իրականացնող մարտիկներից, մի քանի տասնյակ մարդիկ էին ներգրավված։

Ծնվեց վրեժի աստվածուհին...

Հայոց ցեղասպանությունն իրագործած, միլիոնավոր մարդկանց տարագիր դարձրած հանցագործները չէին կարող անպատիժ մնալ։ 1919 թվականի աշնանը Երևանում՝ խիստ գաղտնի պայմաններում, ՀՅԴ 9-րդ ընդհանուր ժողովում որոշում ընդունվեց մահապատժի ենթարկել նրանց։ «Հատուկ գործ» անունով պատժիչ գործողությունը կոչվեց «Նեմեսիս» (հունական դիցաբանության մեջ վրեժի աստվածուհու անունով)։

Стенд операции Немезис в Музее геноцида армян - Sputnik Արմենիա, 1920, 15.03.2021
Թալեաթն այդպես էլ չարեց վերջին քայլը. Թեհլիրյանի գնդակը կասեցրեց նրան

Սա երկար մտածված, բոլոր մանրամասնություններով ծրագրված ու մշակված գերգաղտնի գործողություն էր։ Անգամ մասնակիցներն ամբողջական ինֆորմացիային չէին տիրապետում։ Դա արվում էր ապահովության նպատակով։ Մասնակիցներից որևէ մեկին կարող էին բացահայտել․ որպեսզի ամբողջ գործողությունը չվտանգվեր, շատերը գիտեին միայն այն, ինչն անհրաժեշտ էր իրենց հանձնարարությունը կատարելու համար։

102 տարի անց էլ «Նեմեսիսի» մասին ամեն բան հայտնի չէ․ պարբերաբար ի հայտ եկող նոր փաստերի կողքին նաև նոր անուններ են հայտնի դառնում։ Այդպես բոլորովին վերջերս «Նեմեսիսն» ուսումնասիրողներն իմացան Ահարոն Սաչակլյանի մասին։ Պարզվեց՝  նա ոչ թե պարզապես շարքային մասնակից էր, այլ գործողության ղեկավարներից մեկը։ Պետական գործիչ, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Արմեն Գարոն «Նեմեսիսի» ուղեղն էր, Շահան Նաթալին` «Նեմեսիսի» սիրտը, ոգեշնչողն ու գործողությունների համակարգողը։ Ի դեպ, միգուցե հենց Նաթալիի շնորհիվ է նաև գործողությունը «Նեմեսիս» կոչվել։ Հայտնի է, որ նրա կեղծանունն էր Նեմեսիս։ Եվ վերջապես գործողության երրորդ լիդերն Ահարոն Սաչակլյանն էր, կարելի է ասել, «Նեմեսիսի» ֆինանսական տնօրենն ու լոգիստիկայի պատասխանատուն, որը զբաղվում էր մեծամասշտաբ գործողության համար նյութական միջոցների հայթայթմամբ ու բաշխմամբ։

Հանցագործներին պատժելը թանկ գործ էր...

Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո, երբ ռազմական տրիբունալներ ստեղծվեցին երկրում՝ ցեղասպանության պատասխանատուներին պատժելու համար, հանցագործները փախան երկրից, փոխեցին իրենց ինքնությունը՝ արդարադատությունից խուսափելու համար։ Իրականում, «արդարադատություն» կոչվածն էլ որևէ ջանք չէր գործադրում նրանց հայտնաբերելու և պատժելու համար։ Այդ պայմաններում էլ ստեղծվեց «Նեմեսիսը»՝ հանցագործների մահապատժի դատավճիռներն իրականացնելու համար։

«Հատուկ ֆոնդ էր ստեղծվել, Սաչակլյանն այդ ֆոնդի պատասխանատուն էր։ «Նեմեսիսը» ծախսատար օպերացիա էր։ Մենք, կարծես թե, գործողության այդ կողմի մասին շատ չենք խոսում, բայց մասնակիցները երկրից երկիր էին գնում, պետք է այնտեղ ապրեին, զենք ձեռք բերեին, կեղծ անձնագրեր ունենային և այլն»,- նշում է Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանը, որն արդեն երկար տարիներ է՝ զբաղվում է «Նեմեսիսի» ուսումնասիրությամբ։ Մոտ 5-6 տարի առաջ նրա համար ևս իսկական բացահայտում դարձավ Ահարոն Սաչակլյանի անունը։ Այս մարդը կարողացել էր մինչև կյանքի վերջը չբացահայտված մնալ։

Ապրիլին լույս կտեսնի Հայոց ցեղասպանության մասին թուրք պրոֆեսորի գիրքը

Հետաքրքիր է, որ Ահարոն Սաչակլյանի գործունեության մասին սեփական ընտանիքն իմացել է նրա մահից 25 տարի անց միայն։ Սիրակուզում (Նյու Յորք նահանգ) գտնվող տան ձեղնահարկը կարգի բերելիս գտնվեցին արկղերով փաստաթղթեր, նամակներ «Նեմեսիսի» հայտնի գործիչներից, այդ թվում՝ Շահան Նաթալիից, Սողոմոն Թեհլիրյանից և ուրիշներից։ Նաև ստացականներ, որոնք ներկայացնում էին, թե ում ինչի համար և որքան գումար է վճարվել։ Ստացականներ կային նաև Արմին Վեգներին, Լեփսիուսին, Թեհլիրյանի փաստաբաններին վճարված գումարների մասին։ Գործողության գումարները համահայկական դրամահավաքի միջոցով էին հավաքվել, իրենց վերջին ունեցածը սրբազան գործին նվիրաբերում էին անգամ գաղթականները, ուստի Սաչակլյանը շատ ուշադիր հաշվապահություն էր վարում՝ վերահսկելով յուրաքանչյուր պենիի ծախսը։

Սաչակլյանի արխիվում հայտնաբերվեց նաև Հայոց ցեղասպանությունն ու տեղահանությունը կազմակերպած 100 թուրք ոճրագործների անվանացուցակը, ինչպես նաև նշված գործիչների 65 նկարներ, մեծ մասը՝ թերթերից կտրված։

 2015 թվականին Սաչակլյանի թոռնուհին՝ Մարիան Մեսրոբյան Մաքքըրդին, հայտնաբերված փաստավավերագրական նյութերի և իր հիշողությունների հիման վրա հրատարակեց «Սրբազան արդարադատություն. հայկական «Նեմեսիս» գործողության ձայներն ու ժառանգությունը» գիրքը՝ պատմելով պապիկի ու նրա դերի մասին։

Ո՞վ էր Սաչակլյանը

Թոռնուհին՝ Մարիանը, գրքում նշում է, որ պապին հիշում է փայտե ռադիոընդունիչի կողքին` կարմիր, կաշվե բազկաթոռի մեջ նստած դողացող ձեռքերով ծխելիս։ Նրա մոտ սկսվել էր Պարկինսոնի հիվանդություն...Ահարոն Սաչակլյանը հանգիստ, խաղաղ մարդ էր, անհնար էր պատկերացնել, որ նա երկրորդ՝ գաղտնի կյանք ուներ։ Թեպետ Ահարոնն ու կինը՝ Էլիզան, հարուստ չէին, բայց տունը գրքերով ու մարդկանցով լի էր։ Նրանց Սիրակուզի տունը դարձել էր տեղի հայ համայնքի հավաքատեղիներից մեկը։ Սաչակլյանին կարևոր մարդիկ էին այցելում, այդ թվում Դրոն, «Նեմեսիսի» մասնակիցները, բայց ընտանիքը պատկերացում էլ չուներ տան տղամարդու, ինչպես նաև հյուրերի գերգաղտնի գործունեության մասին։ Սաչակլյանը դա անում էր և՛ սեփական ընտանիքին պաշտպանելու, և՛ գործողության հաջողությունը չվտանգելու համար։

Кадр из фильма о Геноциде армян Намерение уничтожить - Sputnik Արմենիա, 1920, 04.11.2019
Թեհլերյանի նման. ինչպես փաստաբանին հաջողվեց փրկել թուրքին սպանած հային

Ահարոն Սաչակլյան ծնվել է 1879 թ. սեպտեմբերի 9-ին Մալաթիայում։ Նրա հայրը՝ Հարությունը, հայտնի ճարտարապետ-շինարար է եղել, կառուցել է կառավարական շենքեր, հանրային բաղնիքներ, անգամ մզկիթ, որը թուրքերը նրա պատվին Արթին ամուն են անվանել։ Ահարոնն ընդամենը 3 ամսական է եղել, երբ հայրը մահացել է։ 1895 թ.-ին 16-ամյա Ահարոնն իր մի քանի հայրենակից երիտասարդների ու մորաքրոջ ամուսնու հետ որոշում են հեռանալ Մալաթիայից։ Ըստ այն ժամանակ գործող կարգի՝ հայերն իրավունք չունեին հեռանալ երկրից։ Ուստի, երբ արդեն պատրաստվում էին նավով Կ. Պոլսից մեկնել, թուրքական ոստիկանությունը բռնում է նրանց։ Մորաքրոջ ամուսինը կաշառում է ոստիկաններին, այդպես Ահարոնի հետ մեկնում են Պոլիս, այնտեղից էլ կրկին կաշառքի շնորհիվ Մարսել հասնում։

Ի դեպ, մյուս երիտասարդներն այդպես էլ չեն կարողանում նավ նստել, հայտնի է, որ նրանք սպանվում են 1895թ․ համիդյան կոտորածների ժամանակ։ Ահարոնը որոշ ժամանակ մնում է Մարսելում, այդտեղ ծանոթանում է Արմենակյան կուսակցության հիմնադիր Մկրտիչ Փորթուգալյանի հետ: 1896 թ.-ին տեղափոխվում է ԱՄՆ, հաստատվում Կոնեկտիկուտի Հարթֆորդ քաղաքում, որտեղ բնակվում էր ավագ եղբայրը՝ Ստեփանը (նա ավելի վաղ էր ԱՄՆ տեղափոխվել)։ Անգլերեն սովորելուց հետո Ահարոնն ընդունվում է Հանթսինգերի բիզնես քոլեջ, սովորում հաշվապահություն և դառնում Կոնեկտիկուտի առաջին արտոնագրված հաշվապահներից մեկը։

Ինչպես Սաչակլյանն ու «Նեմեսիսը» գտան իրար

Ահարոն Սաչակլյանը որոշ ժամանակ աշխատում է եղբոր՝ Ստեփանի Հարթֆորդի արևելյան գորգերի խանութում, ապա` Բոստոնի «Հայրենիք» թերթում որպես հաշվապահ: Ի դեպ, 1912 թվականից թերթի գլխավոր խմբագիրը Շահան Նաթալին էր։

Մարիան Մեսրոբյան Մաքքըրդին իր տատի՝ Էլիզայի հիշողություններից գիտի, որ պապը «Հայրենիքի» խմբագրատանն օրեր ու գիշերներ էր անցկացնում, անգամ առաջնեկի լույս աշխարհ գալուց հետո։ Ակնհայտ է, որ զօրուգիշեր նա խմբագրության հաշվապահությամբ չէր զբաղված․․․

Ցեղասպանության ճանաչմանն այսքան մոտ դեռ չէինք եղել․ ինչ չպետք է անի Երևանը Բայդենի օրոք

«Սա շատ հետաքրքիր հանգամանք է․այս գործողության համար կարևոր դեր ունեին խմբագրատները։ Խմբագրություններն ունեին հատուկ ռադիոհաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն։ Սա ամենաարագ միջոցն էր, հաղորդագրությունը ստանալուց և իրենց հանձնարարությունն իմանալուց հետո թուղթն այրում էին»,- նշում է Գոհար Խանումյանը։

Обелиск 50 лет Советской Армении (сейчас Возрождённая Армения) на проспекте Азатутяна в Ереване (1970-е гг) - Sputnik Արմենիա, 1920, 17.09.2020
Երևանում ապրած ու Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարած ադրբեջանցին ու 2 հայ եղբայրները

Թերևս հենց «Հայրենիքն» էլ ճակատագրական դարձավ Ահարոն Սաչակլյանի կյանքում։ Հայտնի է, որ Սաչակլյանի անդամակցությունը «Նեմեիսիսին» սկսվում է հենց 1919 թվականից։ Ի դեպ, Նաթալին և Սաչակլյանն ընկերներ էին, թերևս դրանով էր պայմանավորված այն, որ Սաչակլյանին ավելի շատ մանրամասներ էին հաղորդվում «Հատուկ գործի» մասին, քան ընդունված էր բացահայտել, դրա համար էլ նրա արխիվն իսկական բացահայտում դարձավ։

Ահարոն Սաչակլյանը մինչև «Նեմեսիսին» միանալն էլ ակտիվ գործիչ էր՝ իր հայրենիքի ու ժողովրդի ցավով ապրող։ Նա ամերիկյան Կարմիր խաչի և միսիոներների օգնությամբ փորձում էր ինչ-որ կերպ օգնել Ցեղասպանությունից տուժած ու բռնագաղթի ճամփան բռնած հայրենակիցներին։

Ահարոն Սաչակլյանի փաստաթղթային ամբողջ արխիվը դեռևս ուսումնասիրված չէ, միգուցե ապագայում դրանք նոր բացահայտումներ անեն «Նեմեսիսի» մասին։ Նա մինչև 1933 թ.-ը ԱՄՆ ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի անդամ էր, իսկ մինչև մահը՝ ՀՅԴ անդամ: Նա կյանքի վերջին տարիներին կորցրել էր հիշողությունն ու տեսողությունը։ Ահարոն Սաչակլյանը կյանքից հեռացել է 1964 թ. օգոստոսի 5-ին՝ 84 տարեկանում՝ իր հետ տանելով «Նեմեսիսի» մասին բազմաթիվ գաղտնիքներ։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала