ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik․ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով ՌԴ ՊՆ ռադիոացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության (ՌՔԿՊ) զորքերի մի շարք մասնագետներ մեդալներ են ստացել։

«ՀՀ զինված ուժերում կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող հակահամաճարակային միջոցառումների ընթացքում ցուցաբերած մասնագիտական բարձր ունակությունների, բարեխիղճ ծառայության և ռազմաբժշկական համագործակցության ոլորտում ունեցած ներդրման համար ՌԴ ՊՆ ՌՔԿՊ զորքերի 48-րդ գիտահետազոտական կենտրոնի մի շարք մասնագետներ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել են գերատեսչական մեդալներով»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՌԴ ՊՆ ՌՔԿՊ զորքերի մասնագետները շուրջ մեկ տարի մասնագիտական աջակցություն են ցուցաբերել ՀՀ ՊՆ հիգիենիկ հակահամաճարակային ծառայությունում՝ 2020թ. ապրիլի 7-ից սկսած։
Գերատեսչական մեդալները ռուսաստանցի զինվորականներին են հանձնվել առաքելության ավարտի առիթով՝ ապրիլի 2-ին կայացած հրաժեշտի պաշտոնական արարողության ընթացքում:
Ռուս մասնագետները ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետի հրամանով խրախուսվել են նաև պատվոգրերով ու հուշամեդալներով։
ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական և ՌՔԿՊ ոլորտների պատասխանատուները շնորհակալություն են հայտնել ռուս գործընկերներին արդյունավետ համագործակցության համար։