ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. Արցախի աջակցության 3 մեծ ծրագիր կա՝ սոցիալական աջակցության, բնակարանի ապահովման և վնասների հատուցման։ Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ հայտնեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Արցախի աջակցության շուրջ 20 ծրագրերից մի մասը դեռ շարունակվում է։ Ընդհանուր առմամբ, Արցախին տրամադրվող աջակցության ծրագրերի շահառուների թիվը գերազանցում է 100 000-ը։ Արցախի կառավարությանը տրամադրվել է շուրջ 6 մլրդ դրամի ֆինանսական աջակցություն՝ դրամաշնորհի և փոխառության տեսքով»,–ասաց փոխվարչապետը` ներկայացնելով մանրամասներ։
Անհետ կորած զինծառայողների ընտանիքների ամսական 500 հազարական դրամ տրամադրելու աջակցության 6-ամսյա միջոցառման շրջանակում փաստացի վճարված գումարի ընդհանուր չափը կազմել է 1 մլրդ դրամ: Արդեն 600 ընտանիք ստացել է աջակցություն։ Իսկ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառման շրջանակում 265 նույնականացված շահառու կա. 6 ամիս ամսական 100 000 դրամ դրամ պետք է տրամադրվի, և օգտագործված միջոցների չափը 200 մլն դրամ է:
Հյուրընկալ ընտանիքների աջակցության երկու ծրագրերով 6 ամսվա ընթացքում ամսական 30 000 դրամ ՀՀ–ի և հյուրանոցների, իսկ 40 000 դրամ՝ Արցախի դեպքում, հատուցում է հատկացվել 8410 շահառուի` ընդհանուր 1.1 մլրդ դրամի շրջանակներում։
Ուսումնական տարվա մեկ կիսամյակի ուսման վարձի 100 տոկոսի փոխհատուցման ծրագրի շրջանակում 4210 շահառու կա, իսկ փաստացի վճարվել է 900 մլն դրամ:
Մահացած քաղաքացիական անձանց և վիրավորում ստացածների ընտանիքներին աջակցության ծրագրով, ըստ որի` միանվագ տրամադրվում է 1-5 մլն դրամ, 56 շահառուի է օգնություն տրամադրվել։ Ընդհանուր գումարի չափը 200 մլն դրամ է կազմել։
Վիրավորում ստացած 6500 զինվորներին ընդհանուր առմամբ 3.3 մլրդ դրամ է տրամադրվել։
Պատերազմում ծանր վիրավորված զինծառայողի բուժումը կարող է արտերկրում կազմակերպվել
Իսկ Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան համայնքների բնակիչներին տրամադրվող աջակցության ծրագրի շրջանակում 35 ընտանիք է շահառու համարվել, որոնց ընդհանուր առմամբ 15 մլն դրամ է վճարվել:
Արցախում հաշվառված կանանց և երեխաներին տրամադրվող աջակցության շրջանակներում 77 420 անձի ընդհանուր առմամբ 5.3 մլրդ դրամ է վճարվել։