ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Սյունիքում կատարվածն իր բնույթով դիվերսիոն անցում է։ Այսպես է գնահատել ադրբեջանական ԶՈւ գործողությունները ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում ստեղծված իրավիճակի և հետագա քայլերի մասին հրավիրված Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում: Տեղեկությունը հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։
Նիկոլ Փաշինյանն իր խոսքում հիշեցրել է, որ այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի Սև լիճ տեղանքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր` ըստ էության, փորձ անելով պարփակել Սև լիճը:
«Իհարկե այս գործողություններն անհանդուրժելի են Հայաստանի Հանրապետության համար, որովհետև դա ոտնձգություն է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ և իհարկե առանձին քննարկման առարկա է, թե ինչու և ինչպես է հնարավոր դարձել նման գործողությունը, բայց պետք է արձանագրել, որ սա իր բնույթով, ըստ էության, դիվերսիոն անցում է»,–ասել է վարչապետի պաշտոնակատարը:
Նա նշել է, որ ՀՀ զինված ուժերը վաղ առավոտից արձագանքել են տեղի ունեցող իրադարձություններին, իրականացվել են անհրաժեշտ մարտավարական տեղաշարժեր և այլ գործողություններ: Ադրբեջանական զինված ուժերի գործողությունները չեն զուգորդվել հրաձգային կամ որևէ այլ զենքի կիրառմամբ, և նրանք փորձում են հիմնավորել իրենց գործողություններն ինչ-որ քարտեզներով, որոնք մեր առաջին իսկ դիտարկմամբ մտացածին և կեղծ են, որովհետև մեր տրամադրության տակ է դեռևս Խորհրդային Միության ժամանակներում Սովետական Հայաստանի և Սովետական Ադրբեջանի միջև հաստատված, նաև Կենտրոնական իշխանության կողմից հաստատված քարտեզ, որտեղ հստակ երևում է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագիծն ինչպես է անցնում:
«Այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակն անընդունելի է, Հայաստանի Հանրապետությունը չի կարող ուղղակի համակերպվել ստեղծված իրավիճակի հետ, բայց նաև հաշվի առնելով իրադրությունը՝ մեր առաջնային ծրագիրը բանակցությունների միջոցով, նաև դիվանագիտական եղանակներով այս խնդիրը լուծելն է: Բայց սա տարբերակներից մեկն է»,–ասել է Փաշինյանը:
Նա նշել է, որ ՀՀ–ն որևէ կերպ չի կարող հանդուրժել ու համակերպվել ստեղծված իրավիճակի հետ, և Անվտանգության խորհրդի նիստում պետք է քննարկվի այս պահին առկա իրավիճակն ու հետագա անելիքները, հնարավոր սցենարները և այդ սցենարների միջև առկա ներքին փոխկապակցվածությունները:
Ադրբեջանը սադրիչ քայլերով փորձում է ճնշում գործադրել ՀՀ-ի վրա և պարտադրել իր պահանջները
«Հարկ եմ համարում ընդգծել, որ ինչպես և կարելի էր, ցավոք սպասել, իրավիճակը նաև ներքաղաքական շահարկումների առիթ է դառնում և դարձել: Ես ուզում եմ կրկին կոչ անել, որ արտաքին անվտանգության հետ կապված իրավիճակները փորձ չարվի օգտագործել ներքաղաքական նպատակների համար, որովհետև սա ազգային անվտանգության հարց է, և տվյալ իրավիճակում մեզ պետք է կենտրոնանալ խնդրի ու նրա լուծման վրա»,–ասել է Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարն արձանագրել է, որ կրակոցների, փոխհրաձգությունների, մարտական գործողությունների, վիրավորների, զոհերի մասին տեղեկությունները որևէ կապ չունեն իրականության հետ, մյուս կողմից, սակայն, պետք է արձանագրել, որ իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե չասենք ճգնաժամային: «Ամեն դեպքում այս իրավիճակում մեզ անհրաժեշտ է պահպանել սառնասրտություն, մյուս կողմից անհրաժեշտ է լինել հետևողական մեր պետական և ազգային շահերի պաշտպանության տեսանկյունից, և մենք նաև այսօր պետք է որոշումներ կայացնենք անելիքների ու հետագա գործիքակազմի վերաբերյալ»,–ասել է Փաշինյանը:
Հիշեցնենք` լրատվամիջոցներում ու սոցկայքերում լուրեր էին տարածվել, թե Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին մարտական գործողություններ է սկսել։
Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը Facebook-ում գրել էր, որ թշնամին Իշխանասարի հատվածում պետական սահմանն անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։
«Հրամանատարն ասաց, որ Ադրբեջանը որևէ ոտնձգություն չի արել». Թագուհի Թովմասյան
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունն էլ հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։