ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. Հաշվի առնելով ստեղծված ճգնաժամային իրավիճակը` ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը միանում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության` արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությանը: Տեղեկությունը հայտնում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արմեն Աբովյանը։
«Այս պահին ընթացքի մեջ են գտնվում նախագծի մշակման աշխատանքները: ԱԺ խորհրդի նիստի գումարման և արտահերթ նիստ հրավիրելու մեր առաջարկի ընդունման դեպքում այսօր երեկոյան խորհրդարանի արտահերթ նիստ կկայանա»,– Facebook–ի իր էջում գրել է նա։
Հիշեցնենք` Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը մայիսի 19–ին Facebook–ում գրել էր, որ ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք նոր հայտարարության փաստաթղթի ձևակերպման աշխատանքը։
Նրա խոսքով` այդ փաստաթղթում դիվանագիտորեն, գեղեցիկ ձևակերպումներով, ըստ էության, ձևակերպվում է նոր դեմարկացիան՝ Հայաստանի համար աղետալի հետևանքներով։
Ըստ Մինասյանի` դեմարկացիան հիմնված է լինելու երեք սկզբունքի հիման վրա՝ ԽՍՀՄ քարտեզների, աշխարհագրական նպատակահարմարության և այդ պահին եղած իրական պատկերի։ Սրա հետևանքով, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը քննարկման առարկա է դարձրել Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղն Ադրբեջանին հանձնելը։
Իսկ այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է ստորագրել այդ փաստաթուղթը։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ այսօր հայտնեց, որ խմբակցությունը հանդես է եկել ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ։
Ըստ Մարուքյանի` հայտարարությունը մոտավորապես նման տեսք է ունենալու` Սահմանադրության և միջազգային պայմանագրերի մասին օրենքի համաձայն` քաղաքական, ռազմական, ինչպես նաև մարդու իրավունքներին առնչվող որևէ փաստաթուղթ ստորագրվելու պարագայում այն պետք է վավերացվի խորհրդարանում։