Վերցրեցի հիշողությունն ու գդալները. արցախցի Լյոկան 3 անգամ տուն է կորցրել, բայց չի կոտրվել

© Aram NersesyanРепер из Нагорного Карабаха Лека (Валерий Казарян)
Репер из Нагорного Карабаха Лека (Валерий Казарян) - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2021
Բաժանորդագրվեք
Վալերի Ղազարյանը երեք պատերազմ է անցել, տուն կորցրել ու մայրիկի շիրիմը թողել թշնամու վերահսկողության տակ անցած տարածքում։ Սակայն նա շարունակում է ապրել ու ստեղծագործել։ 

Պատերազմի օրերին կոլեգաներիցս մեկն առաջարկեց մի «մարգարեական» երգ լսել։ Երբ միացրեց՝ հասկացա, որ արցախցի ռեփեր Լյոկայի (Վալերի Ղազարյան) «Տուն տարեք»–ն էր։ Երգն արցախյան առաջին պատերազմի ու կորցրած տան ցավի մասին է։ Պատերազմից հետո հաճախ եմ լսում այն ու վերջերս նկատեցի, որ յութուբյան դիտումները եռապատկվել են` հասել միլիոնուկեսի։

«Ես այն գրել էի մինչև այս պատերազմը կորցրած տանս մասին։ Չէի ուզում երգը շատ հայտնի դառնա, որովհետև չէի ցանանում, որ ինձ հասկացող լինի։ Ցավոք, պատերազմից հետո շատ մարդ զգաց ու հասկացավ ինձ։ Դա շատ տխուր է»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց նա։

Լյոկան ու իր ընտանիքը երեք անգամ են տուն կորցրել։ Առաջին անգամ 90-ականների արցախյան պատերազմի ժամանակ։ Նա ընդամենը 1,8 տարեկան էր ու աղոտ է հիշում տունը։ Երկրորդ անգամ՝ երբ որոշեցին Մարտակերտից Նոր Մարաղա տեղափոխվել։ Եվ վերջինը՝ այս պատերազմում։ Վերջին տան հանդեպ հատուկ վերաբերմունք ունի, որովհետև այն զրոյից են կառուցել, ու ամեն քարի հետ կապված հիշողություն կա։

Նոյեմբերի 15-ն էր։ Լյոկան Խծաբերդի դիրքերում էր, երբ հայտնեցին, որ մինչև ժամը 23-ը1 պետք է հասնի գյուղ ու ազատի տունը։ Երբ հասավ Նոր Մարաղա, արդեն երեկո էր ու չգիտեր ինչ հավաքեր։ Հուսահատությունից զանգեց իրեն տեղեկացողներին ու ներողություն խնդրեց, որ չի հասցնի տունը հավաքել ու նախաճաշ պատրաստել «հյուրերի» համար։

«Քնած զինվորը» հաղթանակ պարգևեց. ինչպես ստեղծվեց աղմուկ հանած լուսանկարը

– Ի՞նչ վերցրեցիք։

– Մեր հին լուսանկարները, եղբորս երեխաների դասագրքերը ու ամեն ինչից հինգ–հինգ` գդալ, պատառաքաղ և այլն։ Ու հիշողություններս։ Նստած նայում էի ու հիշում, թե ոնց ենք սարքել, ինչ ապրումներ ու նպատակներ ունեցել։

Լյոկան խոստովանում է, որ առաջին արցախյան պատերազմից էլ լավ հիշողություներ չունի։ Մասնավորապես հիշում է ծառից կախված ու մեջտեղից կիսված մարդու։ Այդ սարսափազդու տեսարանը չի կարողանում մոռանալ, բայց այս պատերազմն առանձնակի ցավոտ է, քանի որ ընկեր է կորցրել ու թշնամու մոտ թողել ամենաթանկ մարդու շիրիմը։

© Photo : provided by V.GhazaryanԱրցախցի ռեփեր Լյոկան (Վալերի Ղազարյան)
Վերցրեցի հիշողությունն ու գդալները. արցախցի Լյոկան 3 անգամ տուն է կորցրել, բայց չի կոտրվել - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2021
Արցախցի ռեփեր Լյոկան (Վալերի Ղազարյան)

«Բան էի խոստացել, բայց չկարողացա իրականացնել»,- նշում է նա ու լռում։

Լռում եմ նաև ես։ Գիտեի նրա խոստման մասին։ Լյոկան խոստացել էր իր ընտրյալին տանել մայրիկի շիրիմին ու նոր ամուսնանալ, բայց այլևս չի կարողանա դա անել։ Անհարմար լռությունը կոտրելու համար ինչ–որ հարցեր եմ տալիս, իսկ նա արագ հավաքվում է ու խոսում այն մասին, որ պետք չէ անվերջ սգալ, պետք է ուժ հավաքել ու ապրել։ Հետո հիշում է իր զոհված ընկերոջ հոր հետ զրույցը. նա հորդորում էր վերջ տալ հոգ տանել իրենց մասին ու ապրել սեփական կյանքով, որովհետև իր կյանքը կիսատ կմնա, իսկ որդուն, միևնույն է, փոխարինել չի կարողանա։

© Sputnik / Aram NersesyanԱրցախցի ռեփեր Լյոկան (Վալերի Ղազարյան)
Վերցրեցի հիշողությունն ու գդալները. արցախցի Լյոկան 3 անգամ տուն է կորցրել, բայց չի կոտրվել - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2021
Արցախցի ռեփեր Լյոկան (Վալերի Ղազարյան)

«Եթե որդի կորցրած մարդը չի կոտրվել ու պատրաստվում է ապրել, մենք ով ենք, որ չապրենք։ Իմ որոշումն այն է, որ պիտի ապրեմ, անկախ պատերազմից ու հատկապես պատերազմից հետո։ Պիտի ապրեմ ոչ միայն իմ, այլև նաև այն մարդկանց փոխարեն, որոնք չապրեցին, կիսատ թողեցին, կարոտ մնացին», – նշում է նա։

Բայց ապրել ու վերադառնալ բնականոն կյանքին հեշտ չէր։ Ընկերներն օգնեցին հուդիների արտադրություն հիմնել, որտեղ նա զբաղվում էր հումքի ու արտադրանքի տեղափոխման հարցերով։ Անգամ նորմալ սնվելու ժամանակ չուներ, բայց դրա շնորհիվ ստեղծվեց նոր հայկական բրենդ, որի արտադրության ժամանակ սկզբունքորեն թուրքական հումք չի օգտագործվում։ Նաև պարտադիր պայման է, որ բոլոր գրությունները լինեն արցախյան բարբառով։ Ինչ գրել հագուստի վրա՝ որոշում են ընկերներով, ու արդեն կա պատվիրատուների ամենապահանջված եռյակը. «Անունս Արցախ է` չհանձնվող», «Ապրելու Արցախ» ու «Արա, դե հինչ ըք օզում ինձանա»։

© Sputnik«Տուն տարեք». արցախցի Լյոկան գիտի պատերազմին հաղթելու բանաձևը
Վերցրեցի հիշողությունն ու գդալները. արցախցի Լյոկան 3 անգամ տուն է կորցրել, բայց չի կոտրվել - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2021
«Տուն տարեք». արցախցի Լյոկան գիտի պատերազմին հաղթելու բանաձևը

Վերջին արտահայտությունը նրա մտքով անցավ սեպտեմբերի 27-ին, երբ արթնացավ փամփուշտների ձայնից։ Դուրս նայեց ու հասկացավ, որ մի բան այն չի` այնքան շատ զինտեխնիկա էր տեղաշարժվում ու այնքան մոտ, որ կարծեց, թե Call of Duty խաղում է հայտնվել։

Առաջին 15 օրը նա ընտանիքներ էր տեղափոխում Հադրութից, Մարտակերտից, Մարտունուց և այլ վայրերից։ Թիմ ու մեխանիզմ էր ձևավորվել։ Մեկ անգամ Հադրութից դուրս բերեց մի կնոջ, ու հետագայում իմացավ, որ ընկերոջ մայրիկն է: Երբ հասկացավ, որ այլևս շատ են մարդիկ, որ օգնում են տարհանել մարդկանց, գնաց դիրքեր՝ ընկերոջ մոտ։ Պատերազմից հետո ծանր էր, բայց ժպտում էին տարբեր մարդկանցից ստացված նամակների շնորհիվ. շնորհակալություն էին հայտնում իրենց տարհանելու ու փրկելու համար։

© Sputnik / Aram NersesyanԱրցախցի ռեփեր Լյոկան (Վալերի Ղազարյան)
Վերցրեցի հիշողությունն ու գդալները. արցախցի Լյոկան 3 անգամ տուն է կորցրել, բայց չի կոտրվել - Sputnik Արմենիա, 1920, 23.05.2021
Արցախցի ռեփեր Լյոկան (Վալերի Ղազարյան)

Այդ ժամանակ էլ որոշեց այս պատերազմի մասին ևս պատմել, ու կրկին երգով։ Այս մեկը կոչվելու է «Ես դեռ կամ», հենց այս գրությամբ շապիկով էլ նա եկել էր հարցազրույցի։ Նկատում եմ ու ակամայից որոշում «Տուն տարեք»–ում հնչող հարցերով ավարտել զրույցը։

– Որտե՞ղ է տունդ։

– Չունեմ դեռ։

– Իսկ հանգի՞ստ է քունդ։

– Ոչ...

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала