Հեղափոխության թավիշն ու խոստացված պատիժը. 7-րդ գումարման խորհրդարանի աղմկոտ օրինագծերը

© Sputnik / Asatur YesayantsПленарное заседание Парламента Армении (5 марта 2019). Еревaн
Пленарное заседание Парламента Армении (5 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 29.06.2021
Յոթերորդ գումարման Ազգային ժողովն անկախ Հայաստանի պատմության մեջ կհիշվի որպես թերևս ամենակռվարար ու աղմկահարույց խորհրդարան` աղմկահարույց օրինագծերով։

Թավշյա հավեր ու երկաթե հարկեր. հեղափոխության ֆինանսական հետքը

«Թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանի խորհրդարանի երկաթե դարպասները բացվեցին ՀՀ շարքային քաղաքացիների առաջ` խորհրդարանի շենքի բակն ու այգին հայտարարվեցին հանրային սեփականություն։ Դրանք, իհարկե, 2 տարի անց դարձյալ փակվեցին, բայց մինչ այդ` 2019թ–ի մայիսի 2-ի առավոտյան խորհրդարանի այգին լցվեց հավերով։ Տնային թռչուններին խորհրդարան բերած քաղաքացիներն այս կերպ ՀՀ իշխանություններից պահանջում էին` «մեզ հավի տեղ մի՛ դրեք»։ 

Սա թերևս ամենախոսուն արձագանքն էր հեղափոխության արդյունքում ձևավորված խորհրդարանի առաջին աղմկահարույց օրինագծին` Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծին, որով կառավարությունն առաջարկում էր համահարթեցնել եկամտահարկը ՀՀ բոլոր քաղաքացիների համար` անկախ աշխատավարձի չափերից։

«Հարկային օրենսգրքում դեռևս շատ խնդրահարույց դրույթներ են մնում». Սամսոն Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 21.01.2020
Հարկային օրենսգրքում դեռևս շատ խնդրահարույց դրույթներ կան. Սամսոն Գրիգորյան

2019թ–ի հունիսի 20-ին խորհրդարանն այնուամենայնիվ ընդունեց օրենքն ու արդեն 2020-ի հունվարից ՀՀ քաղաքացիներից շատերն իրենց գրպանի վրա զգացին դրա ազդեցությունը։

Հիշեցնենք` եթե մինչ այդ ՀՀ–ում գործում էր եկամտահարկի եռաստիճան համակարգ` ըստ աշխատավարձերի մեծության` 23, 28 և 36 տոկոս դրույքաչափերով, ապա 2019 թ–ի հուլիսի 1-ից կիրառվեց արդեն միասնական դրույքաչափ` 23 տոկոսի չափով։ Այն ամեն տարի նվազելու է 1 տոկոսով` մինչև 2023 թվականը հասնելով 20 տոկոսի:

ՀՀ քաղաքացիների ֆինանսական դրության վրա ուղղակիորեն ազդող մեկ այլ օրինագիծ էլ ընդունվեց արդեն 2020թ–ի ամռանը։ Հարկային օրենսգրքում կատարված հերթական փոփոխությունը վերաբերում էր գույքահարկին։ Իշխանության մատուցմամբ այն ուղղված է հայաստանյան ճոխ առանձնատներում ու դղյակներում ապրող մեծահարուստներին։ Իրականում դրա հետևանքները մինչև հարկային այս տարվա ավարտը կզգան նաև հասարակ բնակարաններում ապրող հայաստանցիները։

Բանն այն է, որ նոր օրենքով 2021թ․-ից գույքահարկը Հայաստանում սկսում է աճել, հատկապես` Երևանի կենտրոնում ապրողների համար։ Գույքահարկի գործակիցը հաշվարկվելու է ըստ շենքի տարիքի, հիմքի տեսակի (փայտ կամ երկաթբետոն և այլն)։

Օրինակ` Երևանի Թումանյան փողոցում գտնվող 70 քմ մակերեսով «ստալինյան նախագծի» բնակարանի հարկը տարեկան կկազմի շուրջ 30 հազար դրամ` ներկայիս 7 հազարի փոխարեն։ Իսկ Հարավ-արևմտյան թաղամասի բազմաբնակարան շենքի 80 քմ մակերեսով 3 սենյականոց բնակարանի համար հարկը տարեկան կկազմի 9000 դրամ` 1000-2000 դրամի փոխարեն։ Այս հարկատեսակները 2021թ–ից կբարձրանան միայն 25%-ով, իսկ նշված չափերին կհասնեն աստիճանաբար` մինչև 2026թ–ը։

Թանկ և էժան տներ Հայաստանում. ով որքան է վճարելու անշարժ գույքի համար

Ավելի ուշ` արդեն 2020թ–ի վերջին, ընդունվեց ՀՀ քաղաքացիների ֆինանսական վճարումներին վերաբերող երրորդ նախագիծը` «Հայաստանի պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։

Դրանով «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ին 2016թ–ից ի վեր կատարվող պարտադիր վճարումների դրույքաչափերը 2021թ–ի հունվարի 1-ից բարձրացվեցին` 1500-ից 15 000 դրամի` կախված աշխատավարձի չափից։

Օրենքով գողեր ու ապօրինի գույք. օրենսդիրն ընդունել է, դատականը դեռ սպասում է

Հեղափոխական խոստմանը հավատարիմ` յոթերորդ գումարման խորհրդարանը նաև քրեական ենթամշակույթի դեմ որոշ աղմկոտ օրինագծեր ընդունեց։ Դրանցից մեկը 2020թ–ի հունվարի 22–ին ամբողջությամբ ընդունված Քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագիծն էր, որով քրեական պատիժ սահմանվեց քրեական հեղինակությունների ու օրենքով գողերի համար։

Заместитель началника полиции Ованнес Кочарян - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2020
ՌԱԴԻՈ
Սառցաբեկորի երևացող կողմը, կամ հնարավո՞ր է արդյոք արմատախիլ անել քրեական ենթամշակույթը

Այս օրենքի նախագիծը, ի տարբերություն վերը հիշատակվածների, ավելի շատ աղմուկ բարձրացրեց խորհրդարանի պատերից ներս։ ԱԺ նիստերի դահլիճում անգամ լուրջ վիճաբանություն եղավ պատգամավորների միջև։ 

Ի վերջո, ԲՀԿ–ն հայտարարեց, որ դեմ է քվեարկելու նախագծին, ԼՀԿ–ն` ձեռնպահ։ Օրենքն ընդունվեց 73 կողմ, 20 դեմ և 15 ձեռնպահ ձայներով:

Մինչ քվեարկությունը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ ձեռնպահ է քվեարկելու օրենքի նախագծին: Այսօր արդեն քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավվելու համար սահմանվում է ազատազրկում` հինգից տասը տարով, գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Այս հոդվածի կասկածով ու մեղադրանքով Հայաստանում արդեն կան հարուցված քրեական գործեր ու անգամ ձերբակալվածներ, բայց դատարան այս գործերը դեռ չեն հասել։
2020 ապրիլի 16-ին էլ խորհրդարանն ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը։ Դրանով պետությանն իրավունք է վերապահվում բռնագանձել ապօրինի ծագում ունեցող գույքը, եթե դատարանը որոշի, որ դրա շուկայական արժեքը հայցի ներկայացման պահին գերազանցում է հիսուն միլիոն ՀՀ դրամը:

Քրեական ենթամշակույթի հոդվածներով դատարան ուղարկված գործերով անցնում են 3 «օրենքով գողեր»

Ընդ որում, օրենքը տարածվում է 1991 թվականի սեպտեմբերի 21-ից հետո ձեռք բերված գույքերի վրա։ Ի դեպ, այս օրենքն արդեն շուրջ 1 տարի է, ինչ ուժի մեջ է մտել, բայց որևէ մեկի ապօրինի գույքը մինչ օրս չի բռնագանձվել։

Հանուն ճշմարտության ասենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում պարբերաբար խոստանում էր ի վերջո գործարկել այս աղմկահարույց օրենքը։

Մեծ հուզումներ` մի կտոր թղթի պատճառով. հեղափոխական օրենքների թղթե ճակատագիրը

Հետհեղափոխական խորհրդարանի աղմուկ հանած, բայց արդյունքում թղթի վրա մնացած օրինագծերի շարքն այսքանով չի ավատվում։

Կարելի է հիշել թեկուզ հանրության շրջանում մեծ հուզումներ առաջացրած ու ի վերջո «գործ տալու» մասին օրենք որակումը ստացած «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի նախագիծը։

Ереванский государственный университет - Sputnik Արմենիա, 1920, 24.03.2021
ԱԺ–ն ընդունեց «Բարձրագույն կրթության ու գիտության մասին» աղմկահարույց օրենքը

Դրանով հիշեցնենք` նախատեսվում է պատժել տեսախցիկների «աչքից հեռու» ճանապարհային երթևեկության կանոնները խախտող վարորդներին։ Ըստ օրենքի, քաղաքացին կարող է խախտումն արձանագրել իր հեռախոսով ու այն ուղարկել ոստիկաններին։ Բայց դրա համար պետք է ունենա բջջային հատուկ հավելված։ Իսկ այդպիսի հավելված Հայաստանում դեռ չկա։ Օրենքն ընդունվել է 2019թ–ի հոկտեմբերի 23-ին։ Դրանից հետո ՀՀ կառավարությունը հաստատել է նոր համակարգի գործունեության կարգը և սահմանել, որ դրա հավելվածը պետք է ստեղծվի մինչև 2021թ–ը, որպեսզի հունվարի 1-ից օրենքը կիրառվի։ Այս ամենը մնացել է թղթի վրա կես տարի։ Հավելվածը կսկսի գործել միայն հուլիսի 1-ից։

Մեծ աղմուկով ընդունված ու շատ արագ մոռացված օրենքներից է նաև Ալեն Սիմոնյանի հեղինակած «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքում փոփոխությունների ու լրացումների նախագիծը։ Այս օրենքի դեմ 2 տարի առաջ Հայաստանում մեծ ալիք բարձրացավ։ Խաղասրահների աշխատողներն իշխանություններից պահանջում էին չզրկել իրենց հանապազօրյա հացից։

Բանն այն է, որ օրենքով ի թիվս այլ խստացումների ու սահամանափակումների, նախատեսվում էր փակել նաև կրթօջախներին, մշակութային օջախներին մոտ գտնվող խաղասրահները։ Երևանում սահմանվում էր 150, մարզային կենտրոններում ու զբոսաշրջային համայնքներում` 100, մյուս համայնքներում` 50 մետր թույլատրելի հեռավորություն։

Առաջարկվում է լրատվական կայքերից ցերեկվա ժամերին վերացնել վիճակախաղերի գովազդները

Այս բոլոր կարգավորումները պետք է ուժի մեջ մտնեին 2020թ. նոյեմբերի 1-ից։ Բայց Հայաստանի իշխանությունն, ինչպես ասում են, այդ ժամանակ ու դրանից հետո վիճակախաղերով ու խաղատներով զբաղվելու ժամանակ չուներ։

Մեծ աղմուկ հանած նախագծերից մեկն էլ այն ժամանակ դեռ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արսեն Թորոսյանի հեղինակած հակածխախոտային օրենքն էր։
Ծխողների ու չծխողների, իհարկե նաև ծխախոտով գումար աշխատողների բուռն պայքարի ներքո 2020թ–ի փետրվարի 13–ին խորհրդարանն ի վերջո ընդունեց Թորոսյանի նախագիծը, որով առաջարկվում էր արգել ծխելը հանրային փակ տարածքներում ու հանրային սննդի բոլոր օբյեկտներում: Արգելվում է նաև ծխախոտատուփերի ցուցադրությունը վաճառակետերում։ Իսկ կարգազանցների համար նախատեսված են խոշոր տուգանքներ։

Հետաքրքրական է, որ երկարատև քննարկումներից հետո խորհրդարանը, թեև ընդունեց օրենքը, բայց վերապահումով. այն ուժի մեջ է մտնելու միայն 2022 թվականի հունվարի 1-ից։

Բարձր թոշակ լռության ու բարձր տուգանք` խոսելու համար

Բայց հետհեղափոխական խորհրդարանի թերևս ամենաաղմկոտ օրինագծերը Սահմանադրական դատարանի կազմի փոփոխությանը վերաբերող նախագծերն էին։

ՍԴ «անցանկալի» դատավորներից ազատվելու համար կառավարությունը նրանց նախ փորձեց ձեռնտու «գործարք» առաջարկել. կամավոր ազատվել աշխատանքից` բարձր կենսաթոշակի դիմաց։ Բայց 1 մլն դրամը գերազանցող թոշակը ՍԴ անդամներին չգրավեց։ Դրանից հետո ՀՀ արդարադատության նախարարությունը փոփոխություն առաջարկեց Սահմանադրության մեջ։ Մշակված նախագծով առաջարկվում էր դադարեցնել ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ այն դատավորների լիազորությունները, ովքեր պաշտոնավարում են ավելի քան 12 տարի։

Заседание Конституционного суда Армении (4 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 27.12.2019
«Չեմ պատրաստվում վաղ կենսաթոշակի գնալ, հավատարիմ եմ երդմանս». ՍԴ դատավոր

Մնացած դատավորները շարունակում են աշխատել մինչև այդ ժամկետի լրանալը։
2019թ–ի հունիսի 22–ի արտահերթ նիստում ՀՀ ԱԺ-ն ընդունեց Սահմանադրական փոփոխությունների այդ նախագիծը։ Դրա արդյունքում ՍԴ առավել տարեց անդամներն անցան թոշակի ու դարձան ՀՀ «ամենահարուստ» թոշակառուները։ Իշխանությունն էլ հնարավորություն ստացավ ՍԴ–ն «յուրայիններով» համալրելու։

Առայժմ իր գործառույթները շարունակող խորհրդարանի թերևս վերջին աղմկահարույց նախագիծն էլ դարձավ «վիրավորանքի ու զրպարտության» դիմաց տուգանքի չափը բարձրացնելու Ալեն Սիմոնյանի առաջարկած օրինագիծը։

Խորհրդարանն այն շատ արագ ընդունեց ու ուղարկեց ՀՀ նախագահին` ստորագրելու։ Արմեն Սարգսյանը, սակայն, օրենքի սահմանադրականության հարցով դիմեց ՍԴ։ Լրատվական դաշտում բուռն քննադատության արժանացած ու խոսքի ազատության համար լուրջ մտավախություններ առաջացրած այս նախագծի մասին ՍԴ–ի պատասխանին հանրությունը դեռ սպասում է, թեև քաղաքական ու անվտանգության հարցերի արանքում դրա մասին շատերն արդեն մոռացել են։

Այսքանով թերևս, 2018-21թթ–ին գործած յոթերորդ գումարման ԱԺ–ի էջը կարելի է փակված համարել։ Սպասենք հաջորդ` ութերորդ գումարման խորհրդարանին։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала