Ադրբեջանցիները դիտավորյալ հրդեհում են Սոթքի և Կութի մոտակա տարածքները. ՄԻՊ

Բաժանորդագրվեք
Այդ վայրերում համայնքների բնակիչների խոտհարքերն են ու արոտավայրերը, իսկ հրդեհներով դրանք պարզապես ոչնչացվում են:
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի - Sputnik. Առավոտյան ժամը 11-ից ադրբեջանական զինծառայողները դիտավորյալ հրդեհներ են գցել Սոթք և Կութ գյուղերի հարևանությամբ՝ իրենց վրանների մոտից: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Օրվա ընթացքում ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի ուղղությամբ հրդեհները մարվել են, իսկ Կութի հարևանությամբ հրդեհները չեն մարել ու տարածվել են եղանակային պայմաններից ելնելով: Հրապարակվող լուսանկարները ցույց են տալիս այս պահի վիճակը:
«Հատուկ եմ նշում, որ այս վայրերում համայնքների բնակիչների խոտհարքերն են ու արտովայրերը, իսկ հրդեհներով դրանք պարզապես ոչնչացվում են: Հաշվի առնելով նաև, որ ադրբեջանական զինված ուժերը ներխուժել ու տեղակայված են գյուղերի անմիջական հարևանությամբ՝ ՀՀ ինքնիշխան տարածքում, ապա հրդեհներն իրական վտանգ են ներկայացնում նաև գյուղերի քաղաքացիական բնակչության համար:
Ադրբեջանցիները կրակել են Սոթքի ուղղությամբ. հայկական կողմից տուժածներ չկան
Բնակիչների ահազանգերի ստուգումները վկայում են, որ ՀՀ քաղաքացիական բնակչության նկատմամբ այս դիվերսիոն հանցավոր արարքերը կատարվում են դիտավորությամբ. նախ, ադրբեջանական զինծառայողները հստակ գիտակցում են, որ տեղակայված են քաղաքացիական բնակիչներին պատկանող արոտավայրերի ու խոտհարքերի, ինչպես նաև վարելահողերի մեջ, և որ մարդիկ չեն կարողանում օգտագործել անգամ ադրբեջանական դիրքերի հարևանությամբ գտնվող տարածքները, քանի որ այդ վայրերին մարդկանց անգամ մոտենալու դեպքում նրանք արձակում են կրակոցներ»,-նշում է Թաթոյանը:
Դրանից բացի, ադրբեջանական զինծառայողները գիտակցում են, որ ներկայում եղանակային պայմաններն այնպիսին են, որ հրդեհն արագորեն տարածվելու է ու ոչնչացնելու է մարդկանց պատկանող տարածքները, զրկելու են ապրուստի աղբյուրից: Եվ հետո, նրանք գիտակցում են նաև, որ բնակիչները նույնպես տեսնելու են այս հրդեհները և դա ակնհայտորեն անում են քաղաքացիական բնակչությանը վախեցնելու նպատակով:
«Երեկ էի նշել, որ ադրբեջանական զինված ուժերի հեռանալը ՀՀ գյուղերից և համայնքների միջև ճանապարհներից այլընտրանք չունի՝ երաշխավորելու համար ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, մարդկանց խաղաղ ու անվտանգ կյանքը»,-նշում է ՀՀ ՄԻՊ-ը:
Սյունիքում, Գեղարքունիքում ու Արարատում ադրբեջանական վերջին ժամանակաշրջանի արարքների, այդ թվում՝ կրակոցների փաստերը վկայում են, որ դրանք դառնում են ավելի ու ավելի վտանգավոր քաղաքացիական բնակիչների համար, ունեն ուղղակի դիտավորություն, դարձել են թիրախային, իսկ իրավունքների խախտումներն կրում են զանգվածային բնույթ:
Արման Թաթոյանը շեշտում է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այս հերթական հաղորդումը երկուշաբթի օրը՝ օգոստոսի 30-ին համապատասխան առաջարկներով կամ պահանջներով պաշտոնապես կուղարկվի միջազգային կառույցներին, ինչպես նաև ՀՀ պետական մարմիններին ու ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին:
Գորիս-Կապան ավտոճանապարհին ռուս-ադրբեջանական անցակետ չի տեղակայվել
Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։
Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։
ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала