Շատ երկար չեմ մնա այստեղ. Առուշ Առուշանյանի բացառիկ հարցազրույցը կալանավայրից

© Photo : facebook / Զանգեզուրն ԱյսօրМэр Гориса Аруш Арушанян
Мэр Гориса Аруш Арушанян - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2021
Բաժանորդագրվեք
Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավն ընթանում է անսովոր պայմաններում: Առաջադրված թեկնածուներից Գորիսի նախկին համայնքապետ, «Առուշ Առուշանյան» դաշինքի համայնքապետի թեկնածու Առուշ Առուշանյանը քարոզարշավի ընթացքում և դրան նախորդող ժամանակահատվածում գտնվում է անազատության մեջ:
Կալանավորված համայնքապետը պատասխանել է ՏԻՄ ընտրությունների, իր անձի շուրջ տարածվող ստահոդ լուրերի, քարոզարշավի ընթացքի, ինչպես նաև իր ինքնազգացողության մասին Sputnik Արմենիայի հարցերին:
–Ինչպե՞ս եք Ձեզ զգում։
-Աստծո կամոք լավ եմ: Ամեն բան մարդու համար է:
- Ինչո՞վ եք զբաղվում ամբողջ օրը:
-Գիրք եմ կարդում և մարզվում եմ: Բարեբախտաբար՝ խցում նաև Աստվածաշունչ ունեմ. ես ապավինել և ապավինում եմ Աստծուն:
-Ի՞նչ եք կարծում դեռ որքա՞ն Ձեզ անազատության մեջ կպահեն:
-Կարծում եմ՝ ոչ շատ երկար:
-Ի՞նչն եք կարոտում:
-Այս ընթացքում ամենաշատը կարոտել եմ իմ մեծ ընտանիքը՝ Գորիսը, օրվա գրեթե մեծ մասը մտովի Գորիսում եմ, գորիսեցիների հետ: Կարոտել եմ բոլորին, նրանց հետ մեր պարզ, մարդկային շփումները:
- Գորիսում արդեն ընթանում է քարոզարշավը, բայց դուք անազատության մեջ եք, ինչո՞ւ որոշեցիք մասնակցել ընտրություններին։
-Որոշումը կայացրել եմ միանգամից: Մենք՝ գորիսեցիներս, երազել ենք ունենալ շենացող, ծաղկող, միասնական Գորիս: Ճիշտ է, այս 4 տարիների ընթացքում բազմաթիվ խոշոր ծրագրեր ենք կյանքի կոչել ամբողջ համայնքում, սակայն անելիքներ դեռ շատ կան, որպեսզի մեր երազանքների Գորիսն իրականություն դառնա:
- Հետևո՞ւմ եք քարոզարշավի ընթացքին. արդյոք հաջողվում է Ձեր հիմնական ասելիքը հասցնել ընտրազանգվածին:
-Քարոզարշավի ընթացքին չեմ կարողանում հետևել, քանի որ ինձ համար բոլոր տեսակցություններն արգելված են: Շփվում եմ բացառապես պաշտպաններիս հետ: Հասկանալի պատճառով իրադարձություններին ևս չեմ կարողանում հետևել.այդ պատճառով իմ և ընտրողների միջև որևէ կապող օղակ չկա:
-Պարոն Առուշանյան, Ձեր հիմնական մրցակիցը իշխանության առաջադրած թեկնածուն է՝ Վլադիմիր Աբունցը: Այս օրերին նրա հետ Գորիսում են նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները, որոնք փորձում են իրենց թեկնածուին ներկայացնել գորիսեցիներին։ Մամուլում գրում են, որ անգամ՝ Ձեր անունն ու Ձեր կատարած աշխատանքները ստվերելու գնով: Դուք նման հակաքարոզչություն նկատե՞լ եք։
-Գորիս համայնքի ազգաբնակչությունը շատ լավ ճանաչում է, թե՛ ինձ, թե՛ Ձեր կողմից նշած անձանց: Անկախ սև PR-ից՝ հասարակությունը գիտի իրականությունը, գիտի՝ իրականում ով ով է:
Համայնքում վերջին տարիներին բոլոր աշխատանքները կատարվել են բացառապես իմ նախաձեռնությամբ՝ Գորիսի հասարակության հետ քննարկումների արդյունքում: Ձեր կողմից նշած անձանցից որևէ մեկն այդ քննարկումներին ներկա չի եղել, հետևաբար՝ որևէ մեկը չի կարող սեփականաշնորհել կամ ստվերել դրանք:
- Աժ պատգամավոր Արմեն Խաչատրյանը շարունակում է հայտարարել, որ Դուք և Սյունիքի մյուս համայնքապետները պատերազմի օրերին առաջնագծում չեք եղել: Ունե՞ք հակափաստարկ:
- Արմեն Խաչատրյանը ստում է: Պատերազմը սկսվելուց հետո՝ 3 օրվա ընթացքում զբաղվել եմ կազմակերպչական բնույթի աշխատանքներով՝ իմ բացակայության ընթացքում համայնքային աշխատանքների պատշաճ կատարման նպատակով պատասխանատու անձանց հանձնարարություններ տվել, հստակեցրել նրանց անելիքներն ու պարտականությունները, որից հետո՝ 2020 թվականի հոկտեմբերի 1-ին բազմաթիվ կամավոր գորիսեցիների հետ մեկնել եմ Ջրական (Ջաբրայիլ ), ընդգրկվել 1-ին բանակային կորպուսի շարքերը և ստանձնել հայրենիքի պաշտպանությունը:
Առուշ Առուշանյանը (ձախից առաջինը) մարտական ընկերների հետ - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2021
Առուշ Առուշանյանը մասնակցել է մարտական գործողություններին. ՊՆ-ն հաստատել է
Պատերազմի ողջ ընթացքում ընդամենը 2 կամ 3 օր եմ եղել Գորիսում, ինչը պայմանավորված է եղել որոշակի խնդիրների լուծմամբ, որից հետո կրկին վերադարձել եմ առաջնագիծ: Եթե Ձեր նշած անձը գոնե մեկ անգամ այցելած լիներ առաջնագիծ և մեկ շիշ ջուր բերած լիներ իր հայրենակիցներին՝ ապա հաստատ ինձ այնտեղ հանդիպած կլիներ:
- Ի՞նչ եք կարծում Ձեր անազատության մեջ լինելը կարո՞ղ է ազդեցություն ունենալ Ձեր ընտրազանգվածի վրա, ինչպե՞ս այն կանդրադառնա ընտրությունների ելքի վրա:
-Այդ հարցին դժվարանում եմ պատասխանել:
-Ի՞նչ չեք հասցրել անել անցած 4 տարիների ընթացքում համայնքապետի պաշտոնում: Ի՞նչ խնդիրներ կան, որոնք առաջնահերթ լուծում են պահանջում:
-Աշխատել ենք օր ու գիշեր՝ առանց հանգստյան օրերի՝ փորձելով մեկ քար ավել դնել խոստացածից, ինչը մեզ հաջողվել է: Սակայն անելիքները շատ են, և նույն տեմպով պետք է շարունակենք: Գորիս համայնքի բոլոր խնդիրներն էլ ինձ համար առաջնահերթ են:
-Ի՞նչ եք կարծում՝ կհաջողվի՞ հոկտեմբերի 17-ին կրկնել նախորդ ընտրություններում Ձեր գրանցած արդյունքը՝ ստանալ ընտրողների մեծամասնության քվեն:
-Չեմ ուզում գուշակություններ անել: Մեր հասարակությունը թող որոշի:
-Ձեր ուղերձը գորիսեցիներին:
-Քարը քարի վրա դնելով՝ միևնույն է՝ միասին կհաղթենք:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала