Կադրային ջա՞րդ, թե՞ օրենքի պահանջ. Գյումրու քաղաքապետի պաշտոնակատարը կրճատումներ է անում

© Sputnik / Asatur YesayantsԳյումրու քաղաքապետարան
Գյումրու քաղաքապետարան - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2021
Գյումրու քաղաքապետարան
Բաժանորդագրվեք
Մինչև ՏԻՄ ընտրություններն ընկած կարճ ժամանակահատվածում Գյումրիի ղեկավար նշանակված պաշտոնյան որոշ ազատումներ է արել:
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրու արդեն նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո քաղաքապետի պաշտոնակատար նշանակված Ալբերտ Մարգարյանը որոշ աշխատակիցների արդեն ազատել է աշխատանքից, ինչը քաղաքապետարանում դժգոհության ալիք է առաջացրել: Տեղեկությունը հայտնեցին Sputnik Արմենիայի աղբյուրները։
Բալասանյանի կողմնակիցները սա կադրային ջարդ ու ՏԻՄ ընտրություններից առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմքերն ամրացնելու փորձ են համարում, մինչդեռ Մարգարյանը՝ օրենքով սահմանված պահանջ:
Նշենք, որ Ալբերտ Մարգարյանը, ըստ օրենքի, քաղաքը կղեկավարի մինչև այն պահը, երբ հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքում կհստակեցվի առավելագույն ձայներ հավաքած քաղաքական ուժը, որի ավագանու թեկնածուների առաջին համարն էլ կընտրվի քաղաքապետ:
Լոռու մարզպետարանի շենքը - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2021
Գյումրի ու Վանաձոր համայնքներում ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Քաղաքապետարանի աշխատակիցների զարմանքն է հարուցել այդ կարճ ժամանակաշրջանի համար նորանշանակ պաշտոնակատարի հապճեպ որոշումները: Նրանց կարծիքով` չնայած Ալբերտ Մարգարյանն անկուսակցական է, բայց քաղաքապետարան է «գործուղվել» ՔՊ-ական մարզպետ Հովհաննես Հարությունյանի առաջարկով ու այս փոփոխություններն իրականացնում է առաջիկա ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» դիրքերը «ամրացնելու համար» համար:
Կատարվածին լրիվ այլ մեկնաբանություն տալիս է քաղաքապետի պաշտոնակատարը. Sputnik Արմենիայի հետ զրույցում Ալբերտ Մարգարյանը հաստատեց՝ կրճատումներ եղել են, բայց օրենքի սահմաններում:
«Չեմ ազատել ու չեմ էլ կարող ազատել համայնքային ծառայողներին: Աշխատանքից ազատել եմ միայն հայեցողական պաշտոններ զբաղեցնողներին՝ մեկ խորհրդական, մեկ օգնական։ Իսկ օրենքն ասում է՝ հայեցողական պաշտոններ զբաղեցնողներին կարող եմ ազատել աշխատանքից, եթե ունեմ նրանց փոխարինողներ: Սա օրենսդրությամբ նախատեսված է, որը կարող եմ անել նշանակման առաջին օրից մինչև 1-ամսյա ժամկետը»,-նշեց Մարգարյանը։ Նա տեղեկացրեց, որ նախկին քաղաքապետի գործավարի ու քաղաքապետարանի դռնապահի ազատման հրամանները եղել են միայն նրանց կողմից իր հրահանգները չկատարելու պատճառով:

«Գործավարին առաջին օրը խնդրեցինք հանել Սամվել Բալասանյան ցուցանակը, սակայն հաջորդ օրը կրկին ցուցանակը տեղում էր, այդպես` 3 օր: Համբերությանս բաժակը լցվեց, ու ես ազատեցի նրան աշխատանքից, որի իրավունքը ունեի, քանի որ նա եղել է նախկին քաղաքապետի գործավարը: Հրահանգները հրաժարվել է կատարել նաև դռնապանը, որը ևս համայնքային աշխատող չէ, այլ ծառայող է, դրա համար այսօրվանից ես նրան էլ եմ ազատելու աշխատանքից»,-նշեց Մարգարյանը:

Անդրադառնալով վարորդին` քաղաքապետի պաշտոնակատարը տեղեկացրեց՝ Սամվել Բալասանյանը չուներ ծառայողական մեքենա, վարորդը վարում էր անձնական մեքենան և վճարվում համայնքային բյուջեից: «Ես չունեմ ծառայողական մեքենա, չեմ էլ ունենա, իմ անձնական մեքենան ունեմ, հիմա ինչո՞ւ պահեմ մեկին, որը «պարապ» համայնքի բյուջեից փող է ստանալու: Այս 5 հոգուն եմ ազատել, ինչի իրավունքը լրիվ ունեմ: Խոսում են նաև, որ ազատել եմ մամուլի խոսնակին՝ Սոնա Առաքելյանի, բայց նման բան չկա։ Նա իր գործը լավ անում է»,-ասաց Ալբերտ Մարգարյանը` տեղեկացնելով, որ Առաքելյանն աշխատանքի չի ներկայանում առողջական խնդիրների պատճառով:
«Մեր թեկնածուն համարվում է ամենացանկալին»․ Պապիկյանը խոսել է Գյումրիի ընտրություններից
Վերջինս մեզ հետ զրույցում հաստատեց՝ աշխատանքի չի գնում առողջական խնդիրների պատճառով՝ հանձնել է կորոնավիրուսի թեստ ու սպասում է պատասխանին:
Փորձեցինք այս մասին մեկնաբանություն ստանալ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանից, որը նաև Սամվել Բալասանյանի փեսան է։ Վերջինս հրաժարվեց մեկնաբանել ստեղծված իրավիճակը` նշելով, որ այս պահին ասելիք չունի ու տեղյակ չէ որոշումներից:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала