ՀՀ–ն` տնտեսական մրցակցության հարթակ. Մարշալի պլանից մինչև Մակեդոնացի ու Մետաքսի ճանապարհ

© Sputnik / Aram NersesyanՀյուսիս–հարավ ճանապարհ
Հյուսիս–հարավ ճանապարհ - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2021
Հյուսիս–հարավ ճանապարհ
Բաժանորդագրվեք
ԵՄ–ն ու Ռուսաստանը ՀՀ տնտեսության մեջ ներդրումների սեփական շահերն ունեն։ տնտեսագետ Արմեն Քթոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է դրանք ու հուշել, թե ինչ պետք է անի Հայաստանը նոր Մետաքսի ճանապարհի իր հանգրվանում։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik, Նելլի Դանիելյան. Ռուսաստանն ու Եվրոպական միությունը մրցակցում են Հայաստանի տնտեսական ու քաղաքական ազդեցության համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Արմեն Քթոյանը` մեկնաբանելով Հայաստանին խոստացված երկու խոշոր ներդրումները (ԵՄ–ն` 2.6 մլրդ եվրո, ՌԴ–ն` ավելի քան 1 մլրդ դոլար)։

«ԵՄ–ն 2.6 մլրդ եվրո գումարի խոստում ներկայացրեց, և դա նաև քաղաքական էֆեկտ կարող է ունենալ` ներհայաստանյան ու նաև արտաքին։ Հիմա այստեղ ինչ–որ առումով մրցակցության միջավայր է ձևավորվում, և ՌԴ–ն իր քայլն է անում ցույց տալու համար, որ ինքը ևս այստեղ լուրջ, էական խաղացող է, այդ թվում` տնտեսական համակարգում»,– ասաց Քթոյանը։

Ընդ որում, փորձագետի դիտարկմամբ, խոսքը ոչ միայն զուտ տնտեսական, այլև քաղաքական ազդեցությունների համար պայքարին է վերաբերում, քանի որ տնտեսական ու քաղաքական ազդեցությունները սերտորեն շաղկապված են։ Տնտեսագետը որպես օրինակ հիշեցրեց Երկրորդ համաշխարհայինից հետո Եվրոպայի հետպատերազմական վերականգնման «Մարշալի պլանը», որի արդյունքում Եվրոպան ԱՄՆ աջակցության շնորհիվ վերականգնվեց, բայց և մտավ ԱՄՆ քաղաքական, տնտեսական ու ռազմական ազդեցության տակ։
Անդրադառնալով եվրոպական ու ռուսաստանյան ներդրումների բովանդակային մասին` Քթոյանը նշեց, որ այսօր խոստացված տնտեսական ծրագրերը, ըստ էության նախկինում արդեն Հայաստանում ունեցած տնտեսական և քաղաքական շահերի ամրապնդումն ու շարունակությունն են։
Պարսյան. Պետք է ողջունել ու աջակցել, որ ռուսական փորձառությունը և կապիտալը գա Հայաստան     - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2021
ՌԱԴԻՈ
Պետք է աջակցել, որ ռուսական կապիտալը գա Հայաստան. Պարսյանը` մետրոյի նոր կայարանի մասին
«Օրինակ` Ռուսաստանն ավանդաբար ներդրումներ է ունեցել էներգետիկ ոլորտում, նույնը այսօր էլ շարունակվում է։ Այսինքն` այս առումով այստեղ նոր բան չկա։ Տրամաբանական է նաև, որ եթե բազմակողմ վարկային պորտֆել է առաջարկվում միջպետական հարաբերությունների շրջանակներում, դրանում կարևոր մաս ունեն նաև ենթակառուցվածքային խոշոր ծրագրերը։ Օրինակ` Հյուսիս–հարավի առանձին հատվածները։ Այսինքն` այս փաթեթը լիովին տրամաբանական է ու ամբողջությամբ տեղավորվում է միջպետական հարաբերությունների ընդունված տրամաբանության մեջ»,– ասաց նա։
Հոկտեմբերի 19–ին Երևանում ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը հայտարարեց, որ ռուսական ընկերություններն առաջիկա տարիներին պատրաստվում են Հայաստանի տնտեսության մեջ ավելի քան 1 մլրդ դոլար ներդնել։ Ըստ նրա` ֆինանսական միջոցները հիմնականում ներդրվելու ենթակառուցվածքներում, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում։
Արդյո՞ք այս ներդրումների մեջ հաշվարկված է նաև ռուսական կողմի հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածությունները Հայաստանում նոր ատոմակայան ու պղնձի վերամշակման գործարան կառուցելու մասին, պաշտոնական մակարդակով առայժմ չի հստակեցվում։ Իսկ տնտեսագետի դիտարկմամբ` այս ծրագրերը շատ ավելի մեծ ներդրումներ են պահանջում, քան հայտարարված 1 մլրդ դոլարն է։

«Չմոռանանք, որ մեր տնտեսության մեջ մինչ այժմ արված ներդրումների 1/3-ը ռուսական ծագում ունեն, ու մյուս երկրները դրան նույնիսկ մոտ չեն գտնվում։ Եվրոպական խոշոր երկրները 8-10 տոկոս ունեն, երբ Ռուսաստանը 36-38 տոկոս ունի»,– հիշեցնում է տնտեսագետը` հավելելով, որ դրանում մեծ է հատկապես էներգետիկ ոլորտի մասնաբաժինը։ Ուստի, նրա համոզմամբ, նոր ներդրումների ինչ փաթեթ էլ առաջարկվի, դրանում էներգետիկան ևս ներգրավված է լինելու։

Ինչ վերաբերում է ԵՄ–ի ներդրումային ուղղություններին, դրանք, ըստ ՀՀ կառավարության հայտարարության, ընդգրկելու են Հյուսիս-հարավ միջանցքի շինարարությունը, Հայաստանի հարավային շրջանների դիմակայունության ամրապնդումը, փոքր և միջին բիզնեսի զարգացումը, կանանց տնտեսական գործունեության և առաջնորդության քաջալերումը, բնապահպանական խնդիրների լուծումն ու կանաչ օրակարգի խթանումը, նորարարության, գիտության և տեխնոլոգիաների զարգացումը, ջրային և կրթական ենթակառուցվածքների ձևավորումը։
Ցանկը, ի դեպ, վերջնական չէ, այն դեռ քննարկման փուլում է։
Переговоры и.о. премьер-министра Армении Никола Пашиняна и президента РФ Владимира Путина (7 июля 2021). Москва - Sputnik Արմենիա, 1920, 19.10.2021
Աշխարհը փոխվում է շատ արագ. Փաշինյանը խոսել է ՌԴ–ի հետ տնտեսական հարաբերությունների մասին
Հոկտեմբերի 6–ին ՀՀ կառավարությունում կայացել էր ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո Հայաստանին տրամադրվելիք 2.6 մլրդ եվրո աջակցության փաթեթի շուրջ առաջին աշխատանքային քննարկումը` Արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթի գլխավորությամբ։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել էր, որ ԵՄ աջակցության փաթեթի ուղենիշների ու նպատակների շուրջ բանակցությունները եվրոպական կողմի հետ այդ հանդիպումով դեռ նոր են մեկնարկում։
Մեկնաբանելով արդեն հայտարարված ուղղությունները` տնտեսագետ Քթոյանը նկատում է, որ դրանցում ոչ միայն տնտեսական, այլև գաղափարական բաղադրիչ կա։
«Հայաստան–Իրան–Հնդկաստան»–ն ընդդեմ «Պակիստան–Թուրքիա–Ադրբեջան»–ի. Հնդկաստանի ուղերձները
«Դա տրամաբանական է, ու միշտ էլ այդպես է եղել։ Եթե մենք նույնիսկ Մետաքսի ճանապարհի տրամաբանությունը նայենք` հազարամյակներ առաջ։ Դա ոչ միայն առևտուր է եղել, այլև մշակութային արժեքների փոխանակություն, սեփական արժեքների ներդրում։ Մակեդոնացու կայսրությունը հենց այդ նույն տրամաբանությամբ էր առաջնորդվում։ Իրենց արժեքները ներդնում էին գրաված երկրներում։ Հիմա գործիքները փոխվել են, բայց ներդրումը, տնտեսական, ֆինանսական մասնակցությունը ենթադրում է նաև որոշակի քաղաքակրթական ներկայություն, սեփական արժեքների ներմուծում»,– ասում է փորձագետը։
Նրա դիտարկմամբ` յուրաքանչյուր կողմ այստեղ հետապնդում է իր շահերը։ Հայաստանին մնում է գիտակցել իր շահն ու առաջնորդվել դրանով։
Իսկ այսօր Հայաստանի շահից բխում է ներդրումներ ներգրավելը, քանի որ մեր երկրի հետպատերազմական վերականգնումն առանց արտաքին ներդրումների անհնար է։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала