Մհեր Արմենիան Շուռնուխից քայլելով գալիս է Երևան

© Sputnik / Zara MikaՄհեր Արմենիա
Մհեր Արմենիա - Sputnik Արմենիա, 1920, 25.10.2021
Մհեր Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Ազգի ձայն» կուսակցության ղեկավարը պահանջում է, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական տա։
ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի – Sputnik. «Ազգի ձայն» կուսակցության ղեկավար, երգիչ Մհեր Արմենիան (Մհեր Մեսրոպյան) հայտարարել է համազգային շարժման մեկնարկի մասին։ Այս մասին տեղեկանում ենք «Ազգի ձայն» կուսակցության Facebook–յան էջից, որի միջոցով Մհերը ուղիղ եթեր է մտել։
«Ես և իմ երկու գաղափարակից ընկերը Շուռնուխից քայլելով շարժվում ենք դեպի Երևանի Հանրապետության հրապարակ։ Մենք քայլելու ենք 15 օր և մայրաքաղաքում կլինենք նոյեմբերի 7-ին»,– ասում է Մհեր Արմենիան։
Նա հույս է հայտնում, որ ճանապարհին իրենց կմիանան այն հայրենակիցները, որոնք մտահոգված են ազգի և երկրի ճակատագրով։ Նա որոշ պահանջներ է ներկայացնում և հայտնում է, որ իրենք դեմ են, որպեսզի Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին Մոսկվայում կայանալիք հանդիպման ժամանակ այնպիսի փաստաթղթեր ստորագրի, որոնք ցավոտ հետևանքներ կունենան հայ ազգի համար։

«Մենք պահանջում ենք, որ գործադիրն ամբողջ կազմով հրաժարական տա, սակայն օրենսդիրը շարունակի աշխատել»,– նշում է կուսակցության առաջնորդը։

«Ազգի ձայնը», որը հիմնվել է 2021 թվականի ապրիլին, այժմ գործում է որպես արտախորհրդարանական ուժ։
Հիշեցնենք` հոկտեմբերի 23-ին ՌԻԱ նովոստին հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը կարող է կայանալ նոյեմբերի առաջին տասնօրյակում։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը վստահեցրել էր, որ այս պահի դրությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև որևէ հանդիպում նախատեսված չէ։
Լրահոս
0