«3+3»` բազում տարաձայնություններով տարօրինակ ձևաչափ. Էրդողանի՞ առաջարկն է, թե՞ Ալիևի

© AFP 2020 / Murat CETINMUHURDAR / Turkish Presidential Press OfficeԻլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը
Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը - Sputnik Արմենիա, 1920, 02.11.2021
Բաժանորդագրվեք
Sputnik Արմենիայի սյունակագիր Արմեն Դուլյանն անդրադարձել է «3+3» ձևաչափին և փորձել հասկանալ` ո՞վ է դրա հեղինակը։
Արդեն մեկ տարի է, ինչ խոսվում է նոր՝ 3+3 ձևաչափի մասին
Եկեք անկեղծ լինենք։ Երկար ժամանակ է, ինչ խոսվում է նոր՝ «3+3» ձևաչափի մասին, ընդամենը մի քանի օր առաջ այն ամենաբարձր մակարդակով քննարկվել է նույնիսկ Մեծ քսանյակի գագաթնաժողովում, սակայն շատ դժվար է հասկանալ, թե ի վերջո ինչ է իրենից ներկայացնում այդ «3+3»-ը։ Նույնիսկ այդ նախաձեռնության հեղինակի մասին միանգամայն տարբեր, հակասական կարծիքներ են շրջանառվում։
Դատեք ինքներդ։ Մեջբերում մի վերլուծությունից. «Նոր ձևաչափի մասին առաջինը հայտարարեց պաշտոնական Անկարան՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո։ Նոյեմբերյան եռակողմ հայտարարության ստորագրումից մոտ մեկ ամիս անց, մասնավորապես, նախագահ Էրդողանն առաջարկեց տարածաշրջանի հեռանակարների ու խնդիրների քննարկման համար նոր հարթակ ստեղծել՝ Հարավային Կովկասի երեք պետությունների և նրանց երեք մեծ հարևանների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ»։ Ինչպես հասկանում եք, մեկնաբանը պնդում է՝ նախաձեռնության հեղինակը Թուրքիան է։
Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Էմանուել Մակրոնը - Sputnik Արմենիա, 1920, 01.11.2021
Մակրոնն ու Էրդողանը քննարկել են «3+3» ձևաչափը
Երկրորդ մեկնաբանությունը. «Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի մասնակցությամբ, այսպես կոչված՝ համագործակցության հարթակի ստեղծման մտադրության մասին շաբաթներ առաջ հայտարարել էր Ադրբեջանի նախագահը»: Այսինքն` ինչպես տեսնում եք, այս տարբերակում էլ առաջնությունը վերագրվում է Իլհամ Ալիևին։
Եվ վերջապես երրորդ մեկնաբանը միանշանակ պնդում է, որ անցած տարվա պատերազմը դեռ չէր էլ ավարտվել, երբ 3+3-ի մասին առաջին անգամ խոսեց Իրանը։

Այսինքն` հեղինակության հարցում ամեն ինչ խիստ անորոշ է։ Կասեք` լավ, ինչ նշանակություն ունի, թե իրականում ով է առաջինն արտասանել «3+3»։ Բայց ախր շատ ավելի անորոշ են այդ «3+3»-ի կարգավիճակն ու գործառույթները։ Դա միջազգային կազմակերպությո՞ւն է, թե՞ ձևաչափ, հարթակ, այսինքն, ընդամենը խորհրդակցական մի մարմի՞ն, որը որևէ գործնական որոշում կայացնելու իրավունք բացարձակապես չունի։

Համաձայնեք, շատ դժվար է այս հարցում համամիտ չլինել Հայաստանի վարչապետի հետ, որը մոտ մեկ ամիս առաջ խորհրդարանում ասել է. «Հայաստանի Հանրապետությունը պետք է նախ հասկանա՝ դրանք ի՞նչ ֆորմատներ են, ի՞նչ նպատակով են իրագործվում, ի՞նչ պայմաններում են գործելու, ի՞նչ սկզբունքներով են գործելու։ Եվ բազմաթիվ այլ մանրամասներ են պետք, որպեսզի հստակ դիրքորոշում արտահայտենք»։
Ամենաանհասկանալին, իհարկե, այն է, թե ինչպես պետք է միմյանց հետ ընդհանուր լեզու գտնեն այն պետությունները, որոնք ակնհայտ տարաձայնություններ ունեն։ Ճիշտ է, կա ՆԱՏՕ-ի փորձը՝ ժամանակին այդ կազմակերպությունը միաժամանակ անդամություն շնորհեց Հունաստանին և Թուրքիային, չնայած այդ երկու պետությունների հարաբերություններն անընդհատ նրանց միջև պատերազմի վերածվելու եզրին էին։ Միաժամանակյա ընդունումը հենց այդ նպատակն էր հետապնդում՝ թույլ չտալ զույգ երկրներին հատել այդ շեմը։ Սակայն երևի կհամաձայնեք՝ սա այդ դեպքը չի թեկուզ այն պատճառով, որ ՆԱՏՕ-ն արդեն կայացած հզոր կառույց էր, իսկ «3+3»-ը հենց իրենք՝ տարաձայնություններ ունեցող պետությունները, պիտի կազմավորեն։
Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են «3+3» ձևաչափի գործարկման հեռանկարները
Ի դեպ, միայն Հայաստանը չէ, որ մտմտում է՝ իսկ արժե՞ արդյոք ընդհանրապես նոր վեցյակի անդամ դառնալ։ Թբիլիսին, որը, ինչպես հայտնի է, արդեն տարիներ շարունակ խիստ լարված հարաբերություններ ունի Մոսկվայի հետ, կարծես թե ինքն էլ չի կարողանում մինչև վերջ կողմնորոշվել՝ լինե՞լ, թե՞ չլինել վեցյակում։
Մի կողմից, վրացիները չեն պատկերացնում, թե ինչպես կարելի է համագործակցել այն պետության հետ, որի նկատմամբ, մեղմ ասած, ջերմ զգացմունքներ նրանք չեն տածում, մյուս կողմից, վախենում են դուրս մնալ տարածաշրջանային նոր կառույցից՝ քաջ գիտակցելով, որ դա որևէ լավ բան չի խոստանում։ Գործը զավեշտի է հասել՝ արտգործնախարար Դավիթ Զալքալիանին հեռուստատեսությամբ նոր էր հայտարարել, որ Վրաստանը պետք է մասնակցի նոր կազմակերպության գոնե ենթակառուցվածքային ծրագրերին, արտգործնախարարության դեպարտամենտներից մեկն անմիջապես պարզաբանում տարածեց, թե նախարարին սխալ են հասկացել։

Չգիտեմ, կարդացե՞լ եք արդյոք «Ալիսը հրաշքների աշխարհում» հանրահայտ գրքի հեղինակ Լուիս Քերոլի «Սնարքի որսը» պոեմը։ Թե ով է կամ ինչ է այդ Սնարքը, ոչ ոք չգիտի, որովհետև որևէ մեկը երբեք չի տեսել, չի լսել, չի հանդիպել այդ էակին, բայց բոլորը նրա մասին խոսում են։

Համաձայն չե՞ք, որ շատ նման է «3+3»-ին՝ բոլորը, նույնիսկ աշխարհի առաջատար պետությունների ղեկավարներն են խոսում դրա մասին, բայց գոնե առայժմ հստակ պատկերացում չկա, թե վերջապես ինչ է այդ խորհրդավոր «Սնարքը»։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала