Ազարյանական խաչի պատմությունը, կամ անհրաժեշտ էր դիմանալ ընդամենը 3 վայրկյան, այնինչ...

© Sputnik / Asatur YesayantsԱլբերտ Ազարյան
Ալբերտ Ազարյան - Sputnik Արմենիա, 1920, 07.11.2021
Բաժանորդագրվեք
Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն Երևանի քաղաքապետարանին առաջարկ է արել։ Քաղաքապետարանն ընդունել է առաջարկը։ Բնական է։ Գաղափարն է` Ալբերտ Ազարյանին նվիրված հուշարձան տեղադրել և միաժամանակ նրա անունը կրող մարզադպրոցն ավելի բարեկարգ տարածք տեղափոխել։
Մի տեսակ անհարմար է բացատրել հայ մարդկանց, թե ով է Ալբերտ Ազարյանը և թե ինչու են նրա համար կենդանության օրոք հուշարձան դնում, երբ նույնիսկ մարշալ Բաղրամյանի համար բացառություն չարեցին։ Երևանի լավագույն պողոտաներից մեկը հեռատես Դեմիրճյանի առաջարկով անվանեցին պետստանդարտով՝ «Բարեկամության փողոց», իսկ մարշալի մահից հետո անմիջապես վերանվանեցին «Մարշալ Բաղրամյան պողոտա»։ Այն ժամանակ չէր թույլատրվում անվանակրի կենդանության օրոք որևէ բան նրա պատվին կոչել, իսկ հիմա կարելի է․ ամբողջ հարցն այն է, թե մարդն ինչ կյանք է ապրել և ինչպես։
Վճռականորեն խորհուրդ չեմ տալիս Ալբերտ Ազարյանի մասին դատել 60-ականներին «Հայֆիլմ» կինոստուդիայի նկարած «Փառքի օղակները» կինոնկարով․ համոզիչ չէ, սխեմատիկ է, խղճուկ, տեղ-տեղ՝ զվարճալի։ Չի փրկում անգամ այն, որ ֆիլմում հենց Ազարյանն է ինքն իր դերը խաղում․ մեծ մարզիկները հազվադեպ են նաև մեծ դերասան ծնվում (դե լավ, ոչ մեծ, գոնե միջինից մի քիչ բարձր), բայց քննդատությունը կինոգետներին թողնենք։ Նրան առաջարկել են, նա համաձայնել է, դե լավ․․․
Ալբերտ Ազարյան - Sputnik Արմենիա, 1920, 26.10.2021
Որոշումն ընդունվեց. Երևանում կտեղադրվի Ալբերտ Ազարյանի արձանը
Ո՞վ էր խորհրդային և հայկական սպորտում Ալբերտ Ազարյանը։ Չեմ ուզում թվարկել տիտղոսները, պարգևներն ու առաջին մակարդակի պատվանդանները, իսկ այ այն մասին, որ ընդամենը մեկ տարի առաջ նրան ճանաչեցին 20-րդ դարի լավագույն հայ մարզիկ, չի կարելի չհիշատակել։ Ինչ եղել է՝ եղել է։
Երկու անգամ նա տարել է Հայաստանի դրոշը Օլմիպիական խաղերի բացման արարողության ժամանակ (Աթենք 2004-ին և Պեկին 2008-ին)․ առաջինի ժամանակ արդեն 75 տարեկան էր, երկրորդին՝ 79։ Այսօր Ազարյանը 92 տարեկան է։ Աստված հարյուր տարվա կյանք տա՝ առանց ծերության։
Ազարյանի երկարակեցության գաղտնիքը ոչ միայն առողջ կենսակերպի արդյունքն է, այլև այն բանի, որ մարզական բեմից իջնելուց հետո նա արդեն մի քանի տասնամյակ է, ինչ ղեկավարում է մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցը Մոսկովյան փողոցի վրա (քաղաքապետարանը խոստացել է նորը առաջարկել՝ Ծիծեռնակաբերդի շրջակայքում)։ Այդ աշխատանքը պետք է ոչ միայն երեխաներին, այլև հենց նրան, չէ՞ որ աշխատանքը երկարացնում է կյանքը։ Ոչ միայն սպորտում։
90 տարեկանում ցատկում է բատուտի վրա. Ալբերտ Ազարյանը նշում է հոբելյանը. լուսանկարներ
Առաջինը մտքիս եկածներին եմ նշում․ լուրջ տարիքի հասած նկարիչ Մարտիրոս Սարյանը, քանադակագործ Երվանդ Քոչարը, գրող Սերո Խանզադյանը, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը և էլի շատերը երկար են ապրել, որովհետև ձեռքերը ծալած չեն նստել։ Այնպես, ինչպես շարունակում է ֆուտբոլում մնալ լեգենդար Նիկիտա Սիմոնյանը։ Ինչ վերաբերում է այն բանին, թե հազար անգամ գովերգված կովկասյան երկարակեցությունը մաքուր օդից է, բարձր լեռներից ու ձյունաճերմակ մածունից՝ նայած` որ կողմից կնայես։ Ընդ որում, դա գործի միայն մի մասն է։ Իսկ մյուսը՝ դուք երբևէ հանդիպե՞լ եք երկարակյաց անբանների, լոդր-ասկակալների, ալարկոտ մաթուսաղաների։
Абсолютный чемпион СССР 1979 года по спортивной гимнастике, олимпийский чемпион 1980 года в командном первенстве Эдуард Азарян - Sputnik Արմենիա, 1920, 22.07.2020
Վնասվածք, որը խաչ քաշեց «խաչի» վրա, կամ Ազարյան ընտանիքում հայտնվեց 4–րդ օլիմպիական ոսկին
Թոշակային տարիքի շեմից այն կողմ այսպես կոչված անհատական աշխատանքային գործունեությունը ենթադրում է հեևյալը․ նկարչին՝ մոլբերտ ու արվեստանոց, գրողին՝ աշխատասենյակ ու գրամեքենա (մեր օրերում՝ սեղան ու համակարգիչ), երաժշտություն հորինողին՝ դաշնամուր ու սենյակ, իսկ փիլիսոփային ընդհանրապես ոչինչ պետք չէ։ Ավելի բարդ է, երբ դու գործարանի տնօրեն ես, քաղաքական գործիչ կամ, օրինակ, դերասան․ առաջինի մոտ առանց աշխատանքային կոլեկտիվի ոչինչ չի ստացվի, երկրորդին օդ ու ջրի պես ունկնդրող զանգվածներ են պետք, դերասանին էլ՝ բեմ կամ նկարահանման հրապարակ։
Ալբերտ Ազարյանը երջանիկ բացառություն է։ Նա ինքն էր պետք՝ պետք էր սպորտին, մարդկանց, երկրին, անգամ ԽՄԿԿ-ին, և հարց անգամ չի ծագել՝ նա պե՞տք է մնա իր գործին, թե ոչ։ Եվ նա մնում էր (Ի տարբերություն, իմիջիայլոց, ոչ պակաս հզոր Իգոր Նովիկովի, որից անկախության առաջին իսկ տարիներին խլեցին ժամանակակից հնգամարտի դպրոցը։ Իսկ «հայկական Պելե» Սարգիս Հովիկյանին թույլ չտվեցին սեփական դպրոցը ստեղծել)։
Սակայն վերադառնանք Ազարյանին։ 1953թ․, Լենինգրադ, մարմնամարզության աշխարհի առաջնության ընտրական մրցումներ։ Հայաստանն առաջատարների շարքում է, սակայն առաջին շարքում մնալու համար Ազարյանը պետք է երեք վայրկյան խաչաձև ձեռնականգ պահի օղակների վրա։ Ոչ մեկին չէր հաջողվում հաղթահարել այդ երեք վայրկյանը։

Ազարյանը վերջինն է մոտենում օղակներին, ֆիքսում է դիրքը, անցնում է երեք վայրկյան, իսկ նա պահում ու պահում է իր «խաչը», հետո որոշում է դատավորներից ճշտել՝ բավակա՞ն է, թե՞ շարունակի։ Սկզբում՝ ձախ կողմում նստած դատավորներից։ Հավանության նշան ստաալով, պտտվում է մարզաբեմից աջ նստած դատավորների կողմը, և կրկին՝ ժպիտով։ Աջ կողմում նույնպես գլխով են անում։ Այսպես էլ ծնվում է մարմնամարզության բարդագույն վարժությունը՝ «Ազարյանի խաչը»՝ 90 աստիճան պտույտով։

Ճիշտ է, նույն պահին էլ մարզաբեմի կողքին հնչում է սարսափելին՝ մարմնամարզիկին կանոնները խախտելու համար որակազրկել։ Թե՝ ինչպես կարելի է, որ վարժություններն անելու ընթացքում մարզիկները խոսեն։ Որտե՞ղ եք նման բան տեսել։ Ինչին ի պատասխան մյուս դատավորն առարկում է` իսկ ձեզնից ո՞վ, որտե՞ղ և ե՞րբ է այսպիսի խաչ տեսել։ Փաստը վկայակոչող փաստարկը հաղթում է։
Բացառիկ ռեկորդ սահմանած գիտնական մարմնամարզիկը չի վախենում 6-րդ ռեկորդից
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала