Քաղաքական կարևոր որոշում եմ կայացրել. Փաշինյանը ներկայացրել է նորանշանակ նախարարին

Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Արշակ Կարապետյանը հեռանալուց առաջ խնդրանքով դիմել է բարձրագույն սպայակազմին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարության աշխատակազմին և ԶՈւ բարձրագույն սպայակազմին է ներկայացրել պաշտպանության նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել արդեն նախկին նախարար Արշակ Կարապետյանին պաշտպանական գերատեսչությունում կատարած աշխատանքի համար և անդրադարձել Սուրեն Պապիկյանին պաշտպանության նախարար նշանակելու որոշմանը:
«Ըստ էության, կայացրել եմ քաղաքական կարևոր որոշում, և երբ այսօր առավոտյան պարոն Կարապետյանի հետ հանդիպում էինք, մի միտք ասաց, որի հետ չեմ կարող չհամաձայնել և որը չեմ կարող չբարձրաձայնել: Նա իրավացիորեն նկատեց, որ պաշտպանության նախարարի կարգավիճակը ՀՀ–ում թերևս ամենախոցելի կարգավիճակն է կամ ամենախոցելիներից մեկը: Ուզում եմ պարոն Կարապետյանին շնորհակալություն հայտնել այդ խոցելի կարգավիճակը ստանձնելու պատասխանատվություն և համարձակություն ունենալու համար, միևնույն ժամանակ պարոն Պապիկյանին ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ ընդունեց իմ որոշումը և փոխվարչապետի պակաս խոցելի կարգավիճակը, ըստ էության, փոխարինում է պաշտպանության նախարարի շատ խոցելի կարգավիճակով»,– ասել է նա:
Արտակ Դավթյանին մեղադրանք են առաջադրել «անորակ հրթիռների» գործով. ԶԼՄ
Փաշինյանը նշել է, որ մեր երկիրը գտնվում է ռազմավարական լրջագույն մարտահրավերների առաջ։
«Մենք ուղղակի իրավունք չունենք այդ մարտահրավերները չկառավարել Հայաստանի Հանրապետության, Արցախի և հայ ժողովրդի շահերին համապատասխան: Գիտեք, շատ գնահատականներ կարող են լինել, այդ գնահատականները կարող են լինել էմոցիոնալ, պակաս էմոցիոնալ, բայց հստակ պիտի իմանանք մի բան, որ ՀՀ կառավարությունը, երկրի ղեկավարությունը հստակ պատկերացնում են ինչ քայլեր են անհրաժեշտ երկիրն այս ռազմավարական մարտահրավերների խաչմերուկից բարեհաջող դուրս բերելու, տևական ու կայուն զարգացման ուղի մտցնելու համար, և մենք գնալու ենք այդ ճանապարհով»,– ընդգծել է ՀՀ վարչապետը։
Փաշինյանն Արշակ Կարապետյանին այսօր առավոտյան ասել է, որ շարունակում է նրան համարել թիմակից:
«Գիտեք, որ Սուրեն Պապիկյանն իմ վաղեմի քաղաքական դաշնակիցն է և ուղեկիցը, և ուզում եմ այս տանիքի ներքո ևս մի անգամ անել հետևյալ հայտարարությունը. 2018 թվականից հետո, իմ՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո, չի եղել գեթ մեկ դեպք, երբ ՀՀ ԶՈւ–ն, ՊՆ առաջ քաշեն խնդիր, որը կառավարության լուծելիության տիրույթում է և այդ խնդիրը չլուծվի: Այսպես լինելու է նաև սրանից հետո, չեմ ուզում ասել առավել ևս, որովհետև սրանից առաջ էլ պակաս չի եղել, բայց մենք կանգնած ենք մի շատ կարևոր և լրջագույն մարտահրավերի առաջ, որի լուծումը պարոն Կարապետյանը սկսել էր, և համոզված եմ՝ պարոն Պապիկյանը հաջողությամբ կշարունակի»,– ասել է նա:
Արշակ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել ՊՆ աշխատակազմին և ԶՈւ սպայակազմին համատեղ աշխատանքի համար:

«Ես բոլորին խնդրում եմ՝ համարեք սա իմ վերջին հրամանը՝ ամեն ինչ արեք, աջակցեք նոր նախարարին և համախմբվեք նոր նախարարի կողքին: Վստահ եմ, որ պարոն Պապիկյանը կարողանալու է շարունակել և իրագործել այն ծրագրերը, որ կառավարությունը հաստատել է Զինված ուժերի մասով: Ես առանձին զրույց ունեցա պարոն Պապիկյանի հետ, հայտնեցի իմ պատրաստակամությունը՝ հարկ եղած դեպքում աջակցելու»,- ասել է նա:

Նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանն էլ իր հերթին նշել է, որ այս պատասխանատու ու դժվարին ժամանակաշրջանում իր համար մեծ պատիվ է ստանձնել նախարարի պաշտոնը:
«Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, այս պատասխանատու դերակատարումը վստահելու համար: Պատրաստ եմ զօրուգիշեր ծառայել Հայաստանի Հանրապետությանը»,– ասել է Պապիկյանը:
Հիշեցնենք` Արշակ Կարապետյանին պաշտոնից ազատելու և նրա փոխարեն պաշտպանության նախարար նշանակելու հրամանագրերը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել էր այսօր։
Լրահոս
0