«Երեխես մեծանա` ինչ կմտածի». ի՞նչ են ասում պատերազմից հետո երկրից գնացողներն ու եկողները

© Sputnik / Aram Nersesyan«Զվարթնոց» օդանավակայան
«Զվարթնոց» օդանավակայան - Sputnik Արմենիա, 1920, 26.11.2021
«Զվարթնոց» օդանավակայան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Պատերազմից հետո Հայաստանից գնացել ու չի վերադարձել ավելի քան 100 հազար մարդ։ Միևնույն ժամանակ քիչ չեն դեպքերը, երբ մարդիկ արտերկրից պատերազմի օրերին եկել են և որոշել մնալ Հայաստանում։
44-օրյա պատերազմից հետո մասնագետները կանխատեսում էին Հայաստանի արտագաղթի տեմպերի ավելացում։ Այս վարկածը հաստատվեց, երբ 2021-ի փետրվարին Ռուսաստանը մեկ ամսով բացեց Հայաստանի հետ օդային սահմանը (որը փակ էր կորոնավիրուսի համավարակի պատճառով), և այնպիսի աժիոտաժ ստեղծվեց, որ տոմսերի գները սովորական 70-90 հազար դրամից հասան 300-400 հազար դրամի։ Ու չնայած դրան՝ փետրվարին «Զվարթնոցը» լիքն էր Ռուսաստան մեկնողներով։
Մյուս ամիսներին միտումը շարունակվեց, հերթեր գոյացան նաև ԱՄՆ և Շենգենյան գոտու երկրներ գնալու համար վիզա ստանալու կենտրոններում։ Բայց տարվա ընթացքում Իտալիան, Չեխիան և Ավստրիան փակեցին մուտքը D կատեգորիայի երկրների համար, որոնց մեջ էր նաև Հայաստանը։ Մյուս կողմից էլ՝ որոշ երկրների դեսպանատներ հեշտացրին վիզայի տրամադրման գործընթացը։
Այդ երկրներից է Հունաստանը։ Եթե նախկինում օրենքով վիզայի տրամադրման հարցը լուծվում էր 15 աշխատանքային օրում, հիմա Հունաստանի դեսպանատունը վիզա կարող է տրամադրել 2-3 աշխատանքային օրում։
Министр экономики Ваган Керобян - Sputnik Արմենիա, 1920, 24.06.2021
Ինչ պետք է անի կառավարությունը արտագաղթը կանխելու համար. Քերոբյանը` ընտրությունների մասին
Հունաստանի վիզաների դիմումների կենտրոնում եմ, հերթ է։ Այստեղ լրագրողի հետ ավելի հաճույքով խոսում են մարդիկ, որոնք դիմում են կարճաժամկետ՝ տուրիստական վիզայի համար։ Իսկ երկարաժամկետ վիզայի համար դիմած զույգը համաձայնում է հարցերիս պատասխանել իրենց անունները փոխելու պայմանով։
Հայկ Գրիգորյանը (անունը փոխված է) ծրագրում է ընտանիքով տեղափոխվել Սալոնիկ՝ հորեղբոր որդու մոտ։ Արեշում նոր վերանորոգված առանձնատունը վաճառել են բարեկամի ընտանիքին՝ ի դեպ, առանց փաստաթղթային փոփոխության։
- Այսինքն՝ տան սեփականատերը դեռ դո՞ւք եք, բայց իրենք են ապրելու։
- Այո։
- Ու դրա դիմաց ձեզ գումա՞ր են տվել։
- Մինչև վերջ չէ, բայց մոտավոր։
- Իսկ կասկածներ չունե՞ն, որ գուցե ձեր գնալը չստացվի կամ հետ գաք ու դատարանով-թղթերով վերցնեք տունը։
- Բարեկամը ո՞ր օրվա համար ա, որ տենց բան անի։
Գրիգորյանը Սալոնիկ է մեկնելու կնոջ և մանկահասակ երեխայի հետ, նրան վիզա կենտրոն չեն բերել, քանի որ նման պահանջ չկա, կենտրոնին պետք են միայն երեխայի փաստաթղթերը։ Հարցնում եմ՝ տղա՞ է երեխան, գլխով են անում։
Սկզբում դժվարությամբ են խոսում մեկնելու պատճառների մասին՝ պաշտպանվելով հնարավոր դատողությունից։ Հայկը մի անգամ ասաց. «Էս հրադադարն էլ ընդհանրապես հրադադար չի, –ու զգալով, որ իրեն չեմ շտապում մտափոխել, շարունակեց,–90-ականներին բարեկամներ ունեինք, որ գնացին Ամերիկա։ Ես որ մեծացա, հորս հարցրի՝ ինչի՞ դու չգնացիր։ Հիմա գնացած լինեիր, մենք գիտես ոնց կապրեինք։ Չեմ ուզում տարիներ հետո երեխես մեծանա, ասի՝ պապա, ձեռդ ճա՞ր չկար։ Չեմ ուզում երեխես տեսնի էն, ինչ մենք ենք տեսել»։
ԱՄՆ-ում մեքենան ու մոտոն ծախեց, եկավ Արցախ՝ պատերազմի. 21-րդ դարի Մոնթեի պատմությունը
Ասում է՝ Նիկոլի հետ հույս չկա։ Հերթում կանգնած մյուս մարդիկ այդ արտահայտությունից հետո հետաքրքրությամբ լսում են մեր զրույցը։
«Մենք մի քանի անգամ իրան ենք ընտրել։ Բայց ո՞ւր ա՝ գար մի օր տեսներ, որ իրան հավատացող մարդիկ ինչ հիասթափված են։ Ես սենց ասեմ՝ ում ձեռը ճար լինի, հաստատ կգնա էս երկրից, ոչ մեկը չի ուզում վաղը զարթնի ու իմանա, որ էլ տուն չունի։ Մի քիչ չափազանցված եմ ասում, բայց երեխա ունեմ, պիտի իրա մասին մտածեմ», - ասում է Հայկը։
Այս տարվա առաջին 9 ամիսներին երկրից գնացել ու չի վերադարձել 103 հազար մարդ։ 2017-ի առաջին 9 ամիսներին Հայաստանից գնացել էր 75 հազար քաղաքացի, 2018-ին՝ 42, 2019-ին՝ 36 հազար։ Հեղափոխությունից հետո արտագաղթի տեմպերը նվազել էին, մարդիկ են եղել, որ ընտանիքներով տեղափոխվել են Հայաստան։ Բայց հիմա պատկերն ահագնացել է՝ դա կապված է հեղափոխության սպասելիքների չարդարացմա՞ն, թե՞ պատերազմի ու հետպատերազմական քաոսի հետ՝ դժվար է ասել։
Անկախության 30 տարիների ընթացքում Հայաստանից արտագաղթել է 1.6-1.7 մլն մարդ. Գագիկ Եգանյան - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2021
Անկախության 30 տարիների ընթացքում Հայաստանից 1.6-1.7 մլն մարդ է արտագաղթել. Եգանյան
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում շարունակվում են մարդաշատ լինել ռուսական ուղղությունները, թեև արդեն տարեսկիզբ չէ, և մարդիկ ակնհայտորեն չեն գնում սեզոնային աշխատանքի։
Ինչպես բոլոր իրավիճակներում, այս դեպքում էլ տարբեր մարդիկ տարբեր կերպ են արձագանքում։ Եթե մարդկանց մի մասի մոտ պատերազմը կատալիզատոր է դարձել գնալու համար, մյուս մասին` հակառակը՝ ամրացրել է Հայաստանում։ Ռաֆայել Վարդանյանը (անունը փոխված է) Երևան է եկել նախորդ տարվա հոկտեմբերին։ Նա ծնվել, մեծացել է Երևանում։ Երբ դեռահաս էր, ընտանիքը տեղափոխվել է Կանադա։ Ինքն իրեն ամբողջ կյանք ասում է. «ես երևանցի եմ՝ Մոնրեալից»։ Ռաֆայելը կռվի օրերին Հայաստան եկավ՝ մարտի դաշտ գնալու նպատակով։ Չուղարկեցին։ Մնաց Երևանում ու սկսեց այլ խողովակներով օգնել կռվողներին։ Պատերազմից մեկ տարի անց էլ Հայաստանում է, այստեղ հիմնել է զինվորական համազգեստներ կարելու արտադրամաս։
«Կռվի ժամանակ կարում, ուղարկում էինք առաջնագիծ։ Հիմա եթե նորից կռիվ լինի, նորից կուղարկենք։ Բայց քանի հանգիստ է, վաճառում ենք, շուտով խանութն էլ կունենանք», - ասում է Ռաֆայելը։
Կին ու երեխաներ չունի, բայց ասում է՝ եթե ունենար, իրենց էլ կտեղափոխեր Հայաստան։

«Էն փայլփլող աչքերը, որ ես տեսել եմ կռվի օրերին էստեղի ժողովրդի մեջ, իմ կյանքի տեսած ամենասիրուն բանն են։ Եթե ամեն մեկս մտածենք, որ մեր ամենափոքր գործով էլ փրկում ենք Հայաստանը, ավելի ուժեղ դարձնում, դա էնպիսի էներգիա կտա հա՛մ մեզ, հա՛մ շրջապատին, որ երկիրը իրոք կլցվի էդ էներգիայով։ Պատմական ժամանակներում ենք ապրում։ Չի կարելի շանսը բաց թողնել։ Թե չէ ինչ եմ պատասխանելու ապագա երեխաներիս, որ ասեն՝ ինչի Հայաստանը էլ չկա քարտեզի վրա։ Պիտի ասեմ, որովհետև Հայաստանում դժվա՞ր էր ապրելը, ոչ մեկը չեկա՞վ, ձեր հերն էլ՝ իրա՞նց հետ», - ասում է Ռաֆայելը։

Հայաստանի բնակչությունը մշտապես կրճատվում է արտագաղթի պատճառով։ Անկախությունից ի վեր` 30 տարվա ընթացքում (1991-2021 թթ.), Հայաստան ներգաղթած ու Հայաստանից արտագաղթած մարդկանց տարբերությունը 1 միլիոն 250 հազար է։ Բնակչության աճի հնարավոր է հասնել հայրենադարձության ճանապարհով, սակայն ըստ ժողովրդագիրների, դրա համար էլ երկրում պետք է բարենպաստ պայմաններ լինեն, 10 տոկոսանոց տնտեսական աճ և ամենակարևորը՝ վստահություն վաղվա օրվա նկատմամբ։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала