Ռուս խաղաղապահները 9 տոննա հումանիտար բեռ են տեղափոխել Արցախ

Բաժանորդագրվեք
Մարդասիրական օգնության մեջ նաև ամանորյա նվեր խաղալիքներ են արցախցի երեխաների համար։
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի – Sputnik. ԼՂՀ–ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Ստեփանակերտ են տեղափոխել ավելի քան 9 տոննա մարդասիրական բեռ` Լեռնային Ղարաբաղի կարիքավոր բնակիչների ու բազմազավակ ընտանիքների համար։
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը, մարդասիրական բեռը հավաքել են Մոսկվայի մարզի բարեգործական կազմակերպությունները, ապա այն Ռուսաստանի պաշտպանության նախարարության ԻԼ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռով տեղափոխվել է Երևան, այստեղից էլ` Ստեփանակերտ:
Ռուս խաղաղապահները սկսել են 400 հա տարածքի ականազերծումը Մարտակերտի շրջանում
«Բեռը գտնվում է Ստեփանակերտում ՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պահեստում, այստեղ է բերվել 5 հազար խաղալիք ՝ Ամանորին երեխաներին նվիրելու համար, նախատեսվում է բերել ևս 5 հազարը դեկտեմբերի 9-ին: Բացի այդ, բերվել է ԼՂ մանկապարտեզների համար նախատեսված կահույք։ Այս ամենը հնարավոր է դարձել «Մերսի» բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի շնորհիվ, նրանց հետ համատեղ իրականացված բեռների առաքման միջոցով», - ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ռուսլան Իվանովը։
Մարդասիրական օգնության բեռների մեջ կա նաև տաք սպիտակեղեն, կարիքավորների համար նախատեսված հագուստ և կոշիկ, ինչպես նաև դպրոցականների համար նախատեսված գրենական պիտույքներ: Ռուս խաղաղապահները բեռը կբաժանեն հասցեական` Լեռնային Ղարաբաղի յուրաքանչյուր կարիքավոր բնակչի` ըստ անհրաժեշտության ու կարիքի գնահատման։
Բնակիչները դիմել են խաղաղապահներին, նրանք էլ ապահովել են արցախցիների անվտանգությունը
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала