Фон для радио  - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Պետությունը պիտի կոմպենսացնի ծախսերի այն մասը, որը կարվեր Լարսով գնալու դեպքում. Աղաջանյան

Աղաջանյան. Պետությունը պետք է կոմպենսացնի ծախսերի այն մասը, որը կարվեր Լարսով գնալու դեպքում
Բաժանորդագրվեք
«Ապավեն» բեռնափոխադրող ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ կառավարության նախագծին, որով առաջարկվում է փոխհատուցել լաստանավերով բեռնափոխադրումների ծախսերը։
Լաստանավային ծառայությունից օգտվողների քանակը շատ չի լինի, լաստանավով գնալը երկնքից թափված մանանա չէ, և դրանով բոլոր հարցերը չեն լուծվի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց փորձագետ, «Ապավեն» բեռնափոխադրող ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կառավարությանը ներկայացրել է նախագիծ, որով առաջարկում է փոխհատուցել Փոթի-Կովկաս նավահանգիստ-Փոթի ուղղությամբ լաստանավերով բեռնափոխադրում իրականացնող հայկական ընկերությունների ծախսերը: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՌԴ-ից ՀՀ միակ գործող ցամաքային ուղու` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի՝ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով պարբերաբար փակվելու հետևանքով ՀՀ բեռնափոխադրումների շրջանում առաջացող խնդիրների նվազեցմամբ:
Աղաջանյանի խոսքով` շատ կարևոր է, թե այդ լաստանավերը ուր են գնալու, որն է լինելու նրանց հանգրվանը, ինչ ծավալ են կազմելու լաստանավով ավտոմոբիլային ու երկաթուղային փոխադրումները, բայց անկախ ամեն ինչից լաստանավից օգտվելու նպատակահարմարություն կա։
Ըստ նրա` լինում են դեպքեր, երբ լաստանավային ծառայությունից օգտվելը պարզապես դառնում է անհրաժեշտություն, և այդ դեպքում գինն արդեն սկզբունքային չէ։ Մոտ մեկ ամիս առաջ էկոնոմիկայի փոխնախարարի մոտ քննարկվել են լաստանավային շահագործման հետ կապված հարցերը, և այդ հանդիպմանը մասնակցել են գործարարներ ու տրանսպորտային ոլորտի մասնագետներ։

«Կոնկրետ ես առաջարկել եմ, որ եթե կառավարությունը մտադրություն ունի աջակցություն ցուցաբերել գործարարներին, որպեսզի նրանք չկանգնեն իրենց բեռներով Վերին Լարսում, ապա դրա համար անհրաժեշտ է մշակել պարզ, էլեմենտար մեխանիզմ, ըստ որի` եթե տնտեսվարող սուբյեկտն իր բեռը տեղափոխում է լաստանավով և ունի համապատասխան փաստաթղթեր, ուրեմն թող ներկայացնի այդ փաստաթղթերն էկոնոմիկայի նախարարությանը, և եթե կառավարությունն ուզում է դոտացիա հատկացնել, թող այդ փաստաթղթերի հիմքով տա կոմպենսացիա ծախսերի դիմաց»,– նշեց «Ապավեն» ընկերության գործադիր տնօրենը։

Փորձագետի խոսքով` առաջարկությունների մեջ հնչել են տարբեր մտքեր, որոնցից մեկը եղել է այն, որ գուցե իմաստ ունի լաստանավ վարձակալել ու այն պահել պետական դոտացիայով, այսինքն` հատկացնել որոշակի կոմպենսացիա, եթե միջոցները չբավարարեն անխափան աշխատանքի համար։
Ըստ նրա` գործարարը կոմերցիոն գործունեությունից ստանում է որոշակի գումար, դա մի բան է, իսկ թե որքան գումար չի բավարարում հետագա փոխադրումներն իրականացնելու համար, հենց այդ մասն էլ պետությունը պետք է կոմպենսացնի։
«Լաստանավն ազգային պատկանելություն չունի, այն իրականացնելու է միջազգային փոխադրումներ, տեղափոխելու է ցանկացած տնտեսվարողի բեռը, հետևաբար թող աշխատի ավտոնոմ ռեժիմով, իսկ պետությունը կփորձի աջակցել հայ տնտեսվարողներին, որոնք օգտվում են փոխադրումների տվյալ տարբերակից` կոմպենսացնելով ծախսերի այն մասը, որը կարվեր Լարսով գնալու դեպքում»,– ասաց փորձագետը։
Աղաջանյանի խոսքով` լավ կլինի, որ խոսակցություններն ի վերջո դառնան իրականություն, դրա համար պետք է լինի կառավարության և շահագրգիռ կազմակերպությունների, մասնագետների համատեղ աշխատանքը, որպեսզի վերոհիշյալ տարբերակը լինի շահեկան և պետության վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն չդառնա։
Էկոնոմիկայի նախարարության ներկայացրած նախագծում նշվում է, որ Փոթի-Կովկաս նավահանգիստ-Փոթի ուղղությամբ մեկ չվերթի համար շահառուներին լաստանավերով բեռների տեղափոխման ծառայության մատուցման արժեքի փոխհատուցման նպատակով ընկերությանը տրամադրվող գումարի չափը կազմում է յուրաքանչյուր շահառուի բեռների տեղափոխման ծառայության մատուցման արժեքի 100% -ը, բայց ոչ ավելի, քան մեկ շահառուի հաշվով մեկ չվերթի համար 1 մլն դրամը, իսկ մեկ ուղղության համար 0.5 մլն դրամը։
Վրաստանից ՌԴ ճանապարհը մինչև դեկտեմբերի 23-ը փակ կլինի բոլոր տրանսպորտային միջոցների համար
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала