Ինքնակամ շինությունների հաշվառման դեպքում մեծ գումարներ կմտնեն բյուջե. Մարգարյան

Մարգարյան. Ինքնակամ շինությունների հաշվառման դեպքում մեծ գումարներ կմտնեն բյուջե
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
ՀՀ արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնի փորձագետ, ճարտարագետ Մանուել Մարգարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ապօրինի շինությունների օրինականացման խնդրին։
Ինքնակամ շինություններին առնչվող օրինականացման գործընթաց սկսելուց առաջ նախ պետք է դրանք հաշվառվեն, քանի որ այս պահին ապօրինի շինարարություն իրականացնողները համայնքի բյուջե աղբահանության վճար և գույքահարկ չեն վճարում, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փորձագետ Մանուել Մարգարյանը։

«Եթե այդ հաշվառումներն իրականացվեն, ապա մեծ գումարներ կմուտքագրվեն համայնքային բյուջե։ Ընդ որում` պետք չէ հույս դնել միայն օդալուսանկարահանումների վրա, քանի որ կան շինություններ, որոնք թաքնված են ծառերի, բուսականության քողի տակ և հաստատ դրանք չեն երևալու, հետևաբար նման դեպքերում շինությունների վաղեմությունը պարզելու հարցում կարող են խնդիրներ առաջանալ»,– նշեց ճարտարագետը։

Մարգարյանը վկայակոչեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի խոսքը, ըստ որի` ֆիզիկական և իրավաբանական անձինք, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները պետք է դիմեն Կադաստրի կոմիտեից որակավորման վկայական ստացած չափագրողների։ Արդեն իսկ գոյություն ունեցող կարգավորմամբ` համայնքի ղեկավարը պարտավոր է ինքնակամ շինություններին առնչվող տվյալները թարմացնել ու ներկայացնել կադաստրի բազա, որպեսզի դրանց համար գույքահարկ վճարվի։
«Եթե ինքնակամ շինությունները չեն խախտում քաղաքաշինական նորմերը, չպետք է քանդվեն, այլ անպայման օրինականացվեն։ Ապօրինի շինարարություն միշտ էլ եղել է, տեմպերը չեն նվազել, հսկողության մեխանիզմները շատ թույլ են։ Վերջին շրջանում ապամոնտաժման աշխատանքներ իրականացվում էին և պետք է համայնքապետերը կամքի ուժ ունենան այդ գործընթացը շարունակելու համար»,– ասաց ճարտարագետը։
Մարգարյանի կարծիքով` հսկողությունն ուժեղացնելու պարագայում հնարավոր կլինի կանխել նոր ինքնակամ շինությունների կառուցապատման աշխատանքները, իսկ արդեն եղածներն անպայման պետք է համայնքապետարանների կողմից հաշվառվեն ու ներկայացվեն կադաստրի կոմիտե, մինչդեռ մեզանում, ըստ փորձագետի, վերջին հաշվառումն իրականացվել է 2000–ական թվականներին։
Նշենք, որ ապօրինի շինությունների օրինականացման համար վերջնաժամկետը 2025թ–ի հունվարի 1-ն է։ Ինքնակամ շինությունների հաշվառման կարգին վերաբերող որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության հունվարի 5-ի նիստում։ Դրանով սահմանվեց հստակ ժամանակացույց, թե որ շինությունը ինչ ժամկետում կարող է հաշվառվել ու օրինականացվել։
Մինչև 2021 թվականի հունվարի 1-ը Երևանում կառուցված ինքնակամ շինությունները կկարողանան օրինականացնել մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, քաղաքային այլ համայնքներում կառուցվածները` մինչև 2024 թվականի հունվարի 1-ը, իսկ գյուղական բնակավայրերում` մինչև 2025 թվականի հունվարի 1-ը:
Լրահոս
0