Մեծ գումարներ` Հայաստանին և Ադրբեջանին հաշտեցնելու համար, բայց պատերազմը կանխել չստացվեց

© Sputnik / Aram NersesyanՇուշի. Ղազանչեցոց
Շուշի. Ղազանչեցոց - Sputnik Արմենիա, 1920, 14.01.2022
Շուշի. Ղազանչեցոց. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Եկեք անկեղծ լինենք։ Երբ դեռևս չավարտված արցախյան պատերազմի պայմաններում 1992 թվականին ստեղծվեց ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը, հազիվ թե որևէ մեկը կանխատեսեր, որ ուղիղ 30 տարի անց հայ ղեկավարները կառչած կմնան այդ կառույցին, մինչդեռ Ադրբեջանի առաջնորդը անթաքույց հեգնանքով կարտահայտվի միջնորդական ջանքերի հեռանկարների մասին։
Նախ, մեջբերեմ Հայաստանի վարչապետի կարծիքը, որը նա հնչեցրել է մի քանի շաբաթ առաջ Արցախի նախագահի հետ հանդիպման ժամանակ. «Մենք կարևոր ենք համարում, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային լիարժեք գործընթացը վերականգնվի, որտեղ, ինչպես նաև համանախագահներն են ընդգծել մի քանի անգամ, հայտնի սկզբունքների հիման վրա, այդ թվում՝ ազգերի ինքնորոշման իրավունքի, տեղի ունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը՝ վերջնական և համապարփակ և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտումը»։
Միջնորդները ոչինչ չկարողացան անել պատերազմը կանխելու համար, մենք էլի կառչած մնացինք Մինսկի խմբին
Իսկ հիմա տեսեք, թե ինչ է ասել այս շաբաթ Ադրբեջանի նախագահը. «Համանախագահները պետք է իմանան, որ սրանից հետո չեն զբաղվելու ղարաբաղյան հարցով, որովհետև մենք դա թույլ չենք տա։ Մենք հակամարտության կողմերից մեկն էինք։ Եթե կողմերից մեկն ասում է, որ հակամարտությունը լուծված է, նշանակում է՝ այլևս տեղ չկա միջնորդության համար։ Ինչո՞վ են նրանք այժմ զբաղվում՝ տեղյակ չեմ։ Հավանաբար, պատրաստվում են հոբելյանական միջոցառումների։ Ինչպես հայտնի է, Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին, և այս տարի լրանում է 30-ամյակը։ Աշխատանքային ստաժի 30 տարիներից հետո նրանք կենսաթոշակի անցնելու շեմին են, ուստի նրանց ցանկանում եմ երկար տարիների կյանք ու քաջառողջություն»։
Հետաքրքիր է, չէ՞, Բաքվում Մինսկի խմբին պատվավոր հանգստի են ուղարկում, մինչդեռ Երևանում, մասնավորապես Ազգային ժողովում շարունակվում ու շարունակվում են թեժ վեճերն այն հարցի շուրջ, թե իրականում ուր էին տանում Մինսկի խմբի շրջանակներում երեք տասնամյակ տևած բանակցությունները։

Համաձայնեք՝ երբեմն այսպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես այնքան էլ կարևոր չէ Արցախի առնվազն մի մասի կորուստը, որքան այն հանգամանքը, թե ով է պատասխանատու դրա համար՝ նա՞, ում օրոք Արցախը դուրս մնաց բանակցային գործընթացի՞ց, նա՞, ում օրոք փաստաթղթերից անհետացավ Արցախին միջանկյալ կարգավիճակ շնորհելու վերաբերյալ դրույթը, թե՞ նա, ով ի զարմանս համանախագահների՝ հայտարարեց, թե Արցախը Հայաստանն է, և վե՛րջ, ու որոշեց ամեն ինչ զրոյից սկսել։ Կներեք, ձեզ մեկ-մեկ չի՞ թվում, թե կանցնեն տասնամյակներ, իսկ մենք դեռ կշարունակենք թեժ վիճաբանությունն այս հարցերի շուրջ։

Այնինչ, նույնիսկ Մինսկի խմբի համանախագահներից մեկն է անցած տարի խոստովանել՝ հետզհետե ավելի ու ավելի ակնհայտ էր դառնում, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը պատերազմով պիտի լուծվի։ Հիմա երևի ոչ բոլորն են հիշում ամերիկացի դիվանագետ Ռիչարդ Հոգլանդին, միգուցե նաև այն պատճառով, որ նա ուղիղ 5 տարի առաջ 2017 թվականին ընդամենը մի քանի ամիս է աշխատել Մինսկի խմբի համանախագահների կազմում։
Անցած տարի այդ մարդը անկեղծ մեկնաբանություններ է զետեղել The International Conflict Resolution Center-ի կայքում՝ մասնավորապես հիշելով, որ համանախագահները բավական ճոխ կյանք էին վարում իրենց միջնորդական առաքելությունն իրականացնելիս. հինգաստղանի հյուրանոցներ, շքեղ համարներ, բարձրակարգ ռեստորաններ, հանդիպումներ Հայաստանի, Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, հաճախակի ուղևորություններ դեպի Մոսկվա, Բրյուսել, այլ մայրաքաղաքներ։ Մի խոսքով, ինչպես պարզվում է, պատկառելի գումարներ էին ծախսվում Հայաստանին և Ադրբեջանին հաշտեցնելու համար։
Բաբայան. Ադրբեջանական կողմն արդեն ուղղակիորեն հարվածում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը - Sputnik Արմենիա, 1920, 14.01.2022
ՌԱԴԻՈ
Ադրբեջանը փորձում է օգտվել Արևմուտք–ՌԴ հարաբերություններում առկա բարդություններից. Բաբայան
Սակայն նախկին համանախագահը նաև խոստովանում է, մեջբերեմ. «Բայց անկեղծ ասած՝ ձեռքբերումները շատ ու շատ քիչ էին։ Անձամբ ես եկա այն եզրահանգման, որ միայն պատերազմն է վերջնականապես լուծելու Ղարաբաղի խնդիրը, թեև այդ տեսակետը երբեք հրապարակավ չեմ բարձրաձայնել»։ Դե ինչ, դիվանագետի խղճին թողնենք այդ պահվածքը` հաստատ համոզված լինելով, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն անիրական է, այնուամենայնիվ շարունակել միջնորդական ջանքերը հինգաստղանի հյուրանոցների շքեղ համարներում ու թանկարժեք ռեստորաններում։
Սակայն համաձայնե՛ք, ոչ պակաս զարմանալի է մեր կեցվածքը. պատրաստ չենք հրաժարվել Մինսկի խմբի հետ կապված մեր հույսերից նույնիսկ այն ժամանակ, երբ միջնորդներից մեկն անկեղծորեն ակնարկում է՝ զուր են այդ հույսերը։ Թեև ինչու ենք զարմանում՝ իրատեսության պակասը, երբեմն էլ իսպառ բացակայությունը մեր պատմության ընթացքում բազում դժբախտությունների պատճառ է դարձել։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала