«Վախենում եմ»․ Հարությունյանը խոսել է Չենի հաղթանակի և Վալիևայի հետ կապված սկանդալի մասին

© Sputnik / Владимир Песня / Անցնել մեդիապահոցՆաթան Չենն ու Ռաֆայել Հարությունյանը
Նաթան Չենն ու Ռաֆայել Հարությունյանը - Sputnik Արմենիա, 1920, 11.02.2022
Նաթան Չենն ու Ռաֆայել Հարությունյանը
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գեղասահքի տղամարդկանց օլիմպիական չեմպիոն դարձավ ամերիկացի Նաթան Չենը, որը Պեկինում թարմացրեց իր իսկ սահմանած համաշխարհային ռեկորդները: Պարգևատրման արարողությունից հետո նրա մարզիչ Ռաֆայել Հարությունյանը պատասխանել է ՌԻԱ Նովոստիի թղթակից Բորիս Խոդորովսկու հարցերին և խոսել իր սանի և Կամիլա Վալիևայի շուրջ ծավալված սկանդալի մասին:
- Պեկինում Ձեր սանը բոլորից լավ սահեց: Ինչպե՞ս կարողացաք Չենին լավագույն մարզավիճակի հասցնել։
- Օլիմպիական փուլից առաջ Նաթանը հաղթել էր աշխարհի երեք առաջնություններում։ Նա անհրաժեշտ փորձ էր կուտակել օլիմպիական հաղթանակի համար։ Պետք էր պարզապես ամեն ինչ գրագետ հաշվարկել, և մենք կարողացանք դա անել։
- Ազատ ծրագրից առաջ նրա ելույթը մի փոքր հեշտացնելու մասին չե՞ք մտածել:
- Ո՛չ։ Ինչի՞ համար, եթե ամեն ինչ արդեն բազմաթիվ անգամ փորձվել էր։ Չներառեցինք քառակի ռիտբերգերը, ինչի՞ համար էր պետք։ Մրցաշրջանի սկզբում Նաթանը ռիտբերգեր էր անում, որպեսզի մյուսները մտածեն՝ տղան ուզում է ավելի բարդացնել իր ծրագիրը։ Իսկ մենք պարզապես ձգտում էինք ևս մեկ քառակի թռիչք սովորել և դա ցույց տվեցինք հանդիսատեսին։ Չենը տեխնիկապես ամենաուժեղն է աշխարհում։
Օլիմպիական չեմպիոն Չենն ասել է, որ ողջ կյանքում երախտապարտ կլինի մարզիչ Հարությունյանին
-Մրցաշրջանի ընթացքում վերադարձաք նախորդ տարվա ծրագրերին։ Սակայն խոսակցություն կար, որ հնարավոր է` գեղասահքի երկրպագուները Չենի կատարմամբ էլի տեսնեն այն ծրագիրը, որն այդքան հիացրել էր Տատյանա Տարասովային։
- Ես Նաթանին առաջարկել եմ, որ այդ ծրագիրը կատարի ցուցադրական ելույթների ժամանակ։ Դա լավ նվեր կլինի երկրպագուների համար։
-Տեղյա՞կ եք արդյոք օլիմպիական նոր չեմպիոնի ծրագրերի մասին։
-Երբ մենք այդ մասին խոսում էինք օլիմպիադայից առաջ, Նաթանն ասում էր․ «Պեկինում կհաղթեմ, հետո կորոշեմ»։ Հնարավոր է, որ երազանքն իրականացնելուց հետո նա նույնիսկ չցանկանա շարունակել մարզական կարիերան։ Այսօր չեմ կարող պատասխանել այդ հարցին։
-Փհենյանի օլիմպիադայի ժամանակ Ձեր սանն ինքը որոշեց բարդացնել կարճ ծրագիրը և պարտվեց։ Այս չորս տարիներին նրան տանջե՞լ է այն միտքը, որ պատանեկան անհեռատեսություն է դրսևորել։
-Չգիտեմ։ Նաթանը չի սիրում այդպիսի հարցեր քննարկել։ Փհենչհանում ինձ ցնցեց Չենի արարքը։ Այդ որոշումը նրանք ընտանեկան խորհրդի ժամանակ էին կայացրել։ Երբ հարցրի նրան` արդյոք վստահ է իր որոշման հարցում, դրական պատասխան ստացա։ Միայն թե դա մի տեսակ դատապարտված ձայնով հնչեց։ Իսկ երբ ծրագրի ընթացքում Նաթանը ձախողեց լուցը, իսկ փլիպը փոխարինեց տուլուպով, ամեն ինչ պարզ դարձավ։ Օլիմպիական խաղերի ժամանակ չի կարելի որևէ բան փոխել պահի տակ, պետք է անել այն, ինչ կարողանում ես անել հարյուր տոկոսով։
-Թիմային մրցաշարում միայն կարճ ծրագրում հանդես գալու որոշումը նախապե՞ս էր ընդունվել, թե՞ այն փոխելու ցանկություն առաջացավ, երբ ԱՄՆ հավաքականը հաղթեց առաջին երկու ձևերում։
-Ես պնդում էի, որ Նաթանը միայն կարճ ծրագիրը կատարի, որպեսզի ժամանակ լինի անհատական մրցաշարից առաջ վերականգնվելու համար։ Մենք Պեկին էինք մեկնում ոչ թե պարզապես ինչ-որ մեդալի համար, այլ հենց անհատական մրցումներում ոսկե մեդալ նվաճելու համար։
Գեղասահորդ Չենը փայլուն ելույթ է ունեցել Շառլ Ազնավուրի երգի տակ
-Ինչո՞ւ թիմային մրցումների ընթացքում ելույթ չունեցավ ձեր մյուս սանը` Մրայա Բելլը, որն ԱՄՆ առաջնության ժամանակ առաջ էր անցել Քարեն Չենից։
- Օլիմպիական հավաքականի ընտրությամբ զբաղվել է ֆեդերացիայի հատուկ կոմիտեն։ Անգամ չգիտեմ, թե ովքեր և քանիսն են ընդգրկված այդ կոմիտեում, ուր մնաց` իմանամ, թե ինչպես են նրանք քվեարկում։ Անկեղծ ասած, Չենի օգտին որոշումը նույնիսկ չէի վիճարկի։ Նա և Բելլը նույն մակարդակի գեղասահորդուհիներ են։ Իհարկե, իմ սանն ինձ համար ավելի կարևոր է, բայց Ռուսաստանի թիմի հետ մրցակցության առումով սկզբունքորեն ոչինչ չէր փոխվի։
-Դուք ամերիկյան ֆեդերացիայի ղեկավարների հետ խնդիրներ չունեցա՞ք Իլյա Մանինին աջակցող արտահայտությունների համար, որը բացառիկ ելույթով ԱՄՆ առաջնության արծաթե մեդալակիր էր դարձել, բայց հավաքականի մեջ չէր ներառվել։
-Կպատասխանեմ հին առակով․ մի անգամ մի երկրի կայսրը այցելում է ճգնավոր-վանականներին, և նրանք համարձակ տոնով ամենատհաճ բաներն են ասում նրան։ Տիրակալը զարմանում է, հետո հասկանում` վանականներից խլելու բան չկա... Նրանք շատ լավ են հասկանում, որ ինձ իրենցից ոչինչ պետք չէ, իսկ ինձնից խլելու բան չկա։ Կարող եմ աշխատել, կարող եմ կյանքը վայելել Կալիֆոռնիայում։ Այդ ֆեդերացիայի ղեկավարները կախում ունեն նրանից, թե իմ սաներից ով ԱՄՆ-ին հաղթանակներ ու մեդալներ կբերի մրցումներից։
- Իսկ ի՞նչ ծրագրեր ունեք։ Կաշխատեք ամերիկացի աստղերից որևէ մեկի հե՞տ, թե՞ միջազգային թիմի կամ ռուս գեղասահորդների հետ։
- Այնպիսի աշխատանք, ինչպիսին Չենի հետ է եղել, ամենայն հավանականությամբ, արդեն չի լինի։ Կվախենամ ևս մեկ անգամ չորս տարով այսպիսի բեռ և պատասխանատվություն վերցնել իմ ուսերին։ Անգամ չեմ նախանձում նրանց, ովքեր կզբաղվեն Միլանի օլիմպիական չեմպիոններ պատրաստելու աշխատանքով։ Խորհուրդներ երևի կտամ։ Առաջիկայում լիարժեք համագործակցության մասին կխոսեմ այն սաներիս հետ, որոնց հետ աշխատում եմ հիմա։
-Ամերիկացի գեղասահորդները շատ զուսպ են արտահայտվում Կամիլա Վալիևայի հետ կապված իրավիճակի մասին։ Նրանք ինչ-որ հրահանգնե՞ր են ստացել այդ թեմայով։
-Այդ առումով մեր ֆեդերացիայի ղեկավարությունը շատ գրագետ է։ Դեռ Պեկին մեկնելուց առաջ գեղասահորդներին ասվել էր․ «Այն ամենը, ինչի վրա մենք չենք կարող ազդեցություն ունենալ, պետք է մի կողմ թողնել։ Կենտրոնանում ենք միայն մեր ելույթների վրա։ Դրանք էլ մեկնաբանում ենք»։ Այդպիսի մոտեցումը ինձ էլ է դուր գալիս։ Սկանդալներն ու ինդրիգները մեր վարչության գծով չեն։ Ես միշտ մարզիկների կողմից եմ, իսկ երբ խոսքը 15 տարեկան աղջկա մասին է, պետք չէ նրան գեղասահքում եղած բոլոր խնդիրների մեղավորը դարձնել։
-Դուք կապ տեսնո՞ւմ եք հենց հիմա ծագած սկանդալի և ISU-ի խորհրդի որոշման մեջ, որը Կոնգրեսին է ներկայացնում պատանիներից մեծահասակների անցման տարիքը բարձրացնելու հարցը:
-Հետաքրքիր հարց է։ Այսօր մեծերի մրցումներին մասնակցող 15-ամյա գեղասահորդը իրավաբանորեն որևէ պատասխանատվություն չի կրում անգամ գոյություն ունեցող կանոնների խախտման դեպքում։ Եվ առհասարակ անհասկանալի է, թե ինչու է անցման տարիքը սահմանված հենց 15 տարեկանը, ոչ թե 15 տարի և երեք ամիսը։ Անցման տարիքը սահմանելու համար ինչ-որ տրամաբանություն պետք է լինի։ Մի՞թե տրամաբանությունն այն է, որ թույլ չտան մրցումներին մասնակցել ISU-ի իրավասության տակ չգտնվող մարզիկներին։ Վստահ եմ, որ հենց այստեղ պետք է ինչ-որ տրամաբանություն լինի։ Առայժմ չկա։
-Ինչպե՞ս է ամերիկացի մարզիչը նշում իր սանի օլիմպիական հաղթանակը։
-Պեկինում դրա համար պայմաններ չկան։ Մենք նստած ենք «փուչիկի» մեջ, որտեղից կարող ենք միայն մրցումների վայր գնալ։ Ներկա էի պարգևատրման արարողությանը, նկարահանեցի, ուրախացա Նաթանի համար, որն այսուհետ ավելի հեշտ կապրի և կիրականացնի հետագա երազանքները։ Կհասնեմ տուն և մի լավ կնշեմ մտերիմներիս հետ։
Լրահոս
0