Վերջն ի՞նչ է լինելու` պարարտանյութը ոսկուց թանկ է. գյուղացին և ներմուծողը փաստի առաջ են

© Sputnik / Aram NersesyanԱրմավիրի ջերմոցներից մեկի սեփականատեր Ռազմիկ Մանուկյանը
Արմավիրի ջերմոցներից մեկի սեփականատեր Ռազմիկ Մանուկյանը - Sputnik Արմենիա, 1920, 12.02.2022
Արմավիրի ջերմոցներից մեկի սեփականատեր Ռազմիկ Մանուկյանը
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Չնայած արդեն պետք է կամաց–կամաց սկսեն գյուղատնտեսական աշխատանքները, սակայն գյուղացիները սպասողական վիճակում են, քանի որ պարարտանյութի գները կրկնակի բարձրացել են։ Ներմուծողներն էլ իրենց հերթին չեն շտապում պատվերներ տալ։
Հայաստանյան շուկայում վերջին ամիսներին գյուղատնտեսական պարարտանյութերի գինը 75-80 տոկոսով թանկացել է։ Եթե մեկ տարի առաջ գյուղացին պարարտանյութը գնում էր 7000 դրամով, ապա հիմա 19 000 դրամով գտնելուց իրարից հարցնում են`որտեղից են գնել, քանի որ ավելի թանկ գնով վաճառողներ էլ կան։ Չնայած դրան, գյուղմթերքի գները չեն թանկացել և ստացվում է`միակ տուժողը գյուղացին է։

Գյուղացիները չեն շտապում պարարտանյութ գնել

Արմավիրի մարզի Մեծամոր գյուղի որ փողոցով էլ քայլես` աջ և ձախ կողմերում ջերմոցներ են. հիմա կանաչեղենի սեզոնն է։ Այս շրջանում նաև բանջարեղենի սածիլներն են տնկում, որպեսզի հետո տեղափոխեն ջերմոց.հենց այդ ժամանակ էլ պարարտանյութի կարիք են ունենալու։
Տեղի բնակիչներից Լարիսա Սահակյանին և որդուն` Արթուրին, հենց գյուղատնտեսական աշխատանքներ անելիս ենք հանդիպում։ Տիկին Լարիսան համեմ է քաղել, որը պետք է մաքրի և փնջեր կապի, իսկ Արթուրը պետք է դրանք շուկա տանի` վաճառելու։
© Sputnik / Aram NersesyanԱրմավիրի Մեծանոր գյուղի ջերմոցներից մեկի սեփականատեր Լարիսա Սահակյանը
Արմավիրի ջերմոցներից մեկի սեփականատեր Լարիսա Սահակյանը - Sputnik Արմենիա, 1920, 11.02.2022
Արմավիրի Մեծանոր գյուղի ջերմոցներից մեկի սեփականատեր Լարիսա Սահակյանը
«Անցած տարիներին մի կապ համեմն էս սեզոնին 100 դրամ էր, դա ծախելով օրվա հացի փողը հանում էինք։ Հիմա 60 դրամով են կանաչին մեզնից վերցնում` ջրի գնով։ Մեռնելով հանում ենք կանաչին, տանում–թափում ջուրը։ Ու սա էն դեպքում, որ ամեն ինչն է թանկացել` սերմից սկսած, պարարտանյութից վերջացրած։ Առաջ ռուսական 46 տոկոսանոց ազոտային պարարտանյութը գնում էինք 8000 դրամով, հիմա 20-24 000 դրամ է գինը»,–ասում է տիկին Լարիսան։
Նրա տղան էլ ասում է, որ նախկինում հնարավորություն ունեին կանաչին Ռուսաստան արտահանելու, բայց հիմա պահանջարկ չկա, քանի որ ապրանքը շատ է։ Հայկական շուկայում նույնպես ապրանքը շատ է, դրա համար էլ հաճախ անգամ էժան գներով գնորդ չեն գտնում։ Արթուրն ասում է` սկզբում մտածում էին, որ հետպատերազմական վիճակ է, ոչինչ, կանցնի, բայց գնալով ավելի վատանում է` գյուղացու հոգսը չի թեթևանում։ «2 մլն դրամ վարկ եմ վերցրել, որ ջերմոց դնեմ։ Ո՞վ իմանար, որ պարարտանյութի գներն էսքան բարձրանալու են։ Հիմա փաստի առաջ ենք կանգնել` լավ, բա բանջարեղենն ինչով ենք աճեցնելու»,-ասում է Արթուրն ու հուսահատ հավելում` միակ ելքը երկրից գնալն է մնացել։
© Sputnik / Aram NersesyanԱրմավիրի Մեծամոր գյուղի ջերմոցներից մեկի սեփականատեր Արթուր Սահակյանը
Արմավիրի ջերմոցներից մեկի սեփականատեր Արթուր Սահակյանը - Sputnik Արմենիա, 1920, 11.02.2022
Արմավիրի Մեծամոր գյուղի ջերմոցներից մեկի սեփականատեր Արթուր Սահակյանը
Ջրառատցի Ռազմիկ Մանուկյանն էլ ասում է` եթե նախորդ տարի այս շրջանում արդեն իսկ պարարտանյութը գնել, պատրաստ պահել էին, ապա հիմա գնելու հույս չկա առհասարակ։
«Ջերմոց ունեմ, տնամերձ ունեմ, նախկինում միայն իմ դռան դիմացի հողով կարողացել եմ տուն կառուցել, երկրորդ հարկ գցել։ Իսկ հիմա վարկ փակելով ենք զբաղված` ամեն ինչ էնքան է թանկացել, պարարտանյութը ոսկուց էլ թանկ է։ Ես այստեղ եմ ծնվել, մեծացել. դեռ նման վատ վիճակ չեմ տեսել»,–ասում է 84-ամյա Ռազմիկ պապը։
Ջրառատում 9000 քմ հողատարածք ունի Հմայակ Փանոսյանը, որն էլ 9 մլն դրամ վարկ է վերցրել, որպեսզի սերմ գնի, ցելոֆանապատի ջերմոցները, որոշ գումար էլ պարարտանյութի համար է պահել։ Տղամարդն ասում է` կյանքը թանկանում է, գյուղացու չարչարանքը` դառնում անօգուտ։ «Արդեն ամեն ինչ այնքան է թանկացել, որ պարարտանյութի թանկացմամբ մեզ չեն զարմացնի։ Մյուս կողմից, հիմա շուկայում չես էլ գտնի պարարտանյութ` պահում են, որ հետո ավելի թանկ գնով ծախեն։ Մինչ այս ես գնել եմ պարսկական, վրացական և ռուսական պարարտանյութ` 6000-7000 դրամով, իսկ հիմա 20 000 դրամից բարձր են գները` ո՞նց ենք անելու»,–ասում է Հմայակ Փանոսյանը, որն արդեն վարունգի սածիլները դրել է և շուտով պետք է ջերմոց տեղափոխի։
© Sputnik / Aram NersesyanԱրմավիրի Ջրառատ գյուղի ջերմոցներից մեկի սեփականատեր Հմայակ Փանոսյանը
Արմավիրի ջերմոցներից մեկի սեփականատեր Հմայակ Փանոսյանը - Sputnik Արմենիա, 1920, 11.02.2022
Արմավիրի Ջրառատ գյուղի ջերմոցներից մեկի սեփականատեր Հմայակ Փանոսյանը
Նա նշում է` սածիլներն այն հույսով էր դրել, որ պարարտանյութի գները կնվազեն, շուկայում վիճակը կկարգավորվի, բայց հիմա փաստի առաջ է կանգնել` չգիտի, թե արդեն ծլած սածիլներն ինչ է անելու։ Նրանք ամեն տարի նաև սմբուկ, պղպեղ են ունեցել իսկ այս տարի հույս չունեն, որ լոլիկ ու վարունգից բացի այլ բան կցանեն, քանի որ պարարտանյութ գնելը խնդիր է։

Ինչ լուծում է գտել էկոնոմիկայի նախարարությունը

Պարարտանյութի թանկացման լուրերը ոչ մի գրամ չափազանցություն չեն. էկնոմիկայի նախարարությունը մեր գրավոր հարցմանը պատասխանել է, որ ՀՀ-ում այս պահին պարարտանյութի գնային տարբերությունը, 2021 թվականի համեմատ, 12 000 դրամ է։

«2021-ին մեկ պարկ ամոնիակային սելիտրա պարարտանյութի վաճառքի գինը 7000-8700 դրամ էր, իսկ ներկայումս վերջինիս շուկայական գինը կազմում է 19 000–21 000 դրամ: Սա պայմանավորված է միջազգային շուկայում պարարտանյութերի գնի կտրուկ աճով, որին հիմնականում հանգեցրել են պարարտանյութերի արտադրությամբ զբաղվող եվրոպական մի շարք ընկերությունների գործունեության դադարեցումը, ինչպես նաև բնական գազի համաշխարհային գների բարձրացումը»,–հայտնել են նախարարությունից։

Միաժամանակ նշում են, որ դեռ 2021-ի տարեվերջից նախարարության կողմից իրականացվել են ուսումնասիրություններ և քննարկումներ, որոնց արդյունքում խնդրի լուծման 2 տարբերակ է դիտարկվել։ Մասնավորապես դիտարկվում է ԵԱՏՄ շրջանակներում ՀՀ ներմուծող ընկերությունների համար հանքային պարարտանյութերի մատչելի գներով ձեռքբերման հնարավորությունը, ինչպես նաև մշակվել է հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը, որը հաջորդ հինգշաբթի կներկայացվի կառավարությանը։
© Sputnik / Shushanik AvdalyanՊարարտանյութ ներմուծող 10 խոշոր ընկերությունները
Պարարտանյութ ներմուծող 10 խոշոր ընկերությունները - Sputnik Արմենիա, 1920, 11.02.2022
Պարարտանյութ ներմուծող 10 խոշոր ընկերությունները
Իսկ պետեկամուտների կոմիտե ուղարկված մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ 2021թ.-ին 91 ընկերություն, ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր են պարարտանյութ ներկրել: Խոշոր 5 ներկրողներն են՝ «Ագրոտեխ», «Էյ ընդ էմ», «Ինովատոր», «Գեոպրոմայնինգ գոլդ» և «Սապսան թրեյդ» ՍՊԸ-ները: 2021թ-ին Հայաստան գյուղատնտեսական պարարտանյութ է ներկրվել 19 երկրից:
© Sputnik / Shushanik AvdalyanԻնչ պարարտանյութեր են ներմուծվում Հայաստան
Ինչ պարարտանյութեր են ներմուծվում Հայաստան - Sputnik Արմենիա, 1920, 11.02.2022
Ինչ պարարտանյութեր են ներմուծվում Հայաստան
Ամենաշատը ներմուծվել է ամոնիումի նիտրատ` ազոտական պարարտանյութ` միայն նախորդ տարի 46 458 տոննա։ Ամենաշատը ներմուծում է իրականացվել Վրաստանից` 25 043.9 տոննա, Ռուսաստանից` 19 712.3 տոննա և Իրանից` 1960.7 տոննա։
© Sputnik / Shushanik AvdalyanՈր երկրից որքան պարարտանյութեր է ներմուծվել ՀՀ (տոննա)
Որ երկրից որքան պարարտանյութեր է ներմուծվել ՀՀ (տոննա) - Sputnik Արմենիա, 1920, 11.02.2022
Որ երկրից որքան պարարտանյութեր է ներմուծվել ՀՀ (տոննա)

Ներմուծողները գյուղացիների պես սպասողական վիճակում են

«Ագրոինփուտ» ՍՊԸ–ն նախորդ տարի ՀՀ–ում պարարտանյութ ներմուծած 10 խոշոր ընկերություններից մեկն է։ Ընկերության տնօրեն Գայանե Դավթյանը նշում է` եթե նախորդ տարի այս նույն ժամանակահատվածում իրենց պատվիրած պարարտանյութն ու թունաքիմիկատներն արդեն ճանապարհին էին, ապա հիմա դեռ նախորդ տարվա ունեցածն են սպառում։

«Պարարտանյութ արտադրողները 20 օրը մեկ գնաճի մասին են մեզ տեղեկացնում` գները լողացող են։ Մեզ ասում են, որ գնաճի պատճառը հումքի բացակայությունն է, գազի թանկացումը։ Պարարտանյութի մի շարք տեսակներ այլևս չեն արտադրվում Ռուսաստանում, քանի որ հումք չկա, եղածն էլ, բնականաբար, թանկացրել են. կալցիումով հարուստ պարարտանյութը 100 տոկոսով է թանկացել, և սա դեռ վերջը չի։ Բացի այդ, 50-60 տոկոսով ճանապարհածախսն էլ է թանկացել»,–ասում է Դավթյանը։

Նրա խոսքով` թանկացել են նաև բույսերի պաշտպանության ամբողջ միջոցները։ Ընկերության տնօրենը չգիտի` ինչքան պարարտանյութ կներմուծեն այս տարի, քանի որ բացի թանկացումներից, դեռ հարց է, արտադրողը կտա՞ պարարտանյութ, թե՞ ոչ` շուկայում դեֆիցիտ կա։
Հավելենք, որ հաջորդ հինգշաբթի` փետրվարի 17-ին, կառավարության նիստի ժամանակ կքննարկվի էկոնոմիկայի նախարարության մշակած նախագիծը, որը որքանով կմեղմի իրավիճակը` հայտնի կլինի հետագայում։
Լրահոս
0