Հենրիխը լեգենդ է. Մխիթարյանի արդեն նախկին թիմակիցները խոսել են նրա մասին

© Sputnik / Asatur YesayantsՀայաստանի ազգային հավաքականի մարզումը
Հայաստանի ազգային հավաքականի մարզումը - Sputnik Արմենիա, 1920, 09.03.2022
Հայաստանի ազգային հավաքականի մարզումը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում իր ելույթների ավարտի մասին Հենրիխ Մխիթարյանի հայտարարությունից շատերն անակնկալի եկան և մեծ ափսոսանք հայտնեցին։ Ինչ կարծիքներ ունեն նրա մասին արդեն նախկին խաղընկերներն ու գործընկերները։ Sputnik Արմենիան խոսել է նրանց հետ։
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Հենրիխ ՄխիթարյանըՀայաստանի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է։ Այսպես է կարծում մոտ երկու տարի Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում աշխատած Ռազմիկ Գրիգորյանը, որը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Մխիթարյանի վերջին որոշման և հավաքականի համար նրա նշանակության մասին։
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի արդեն նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի նշանակությունը մեր հավաքականի համար շատ բարձր են գնահատում ոչ միայն ֆուտբոլասերները, այլև նրա թիմակիցները հավաքականում և ընտրանու մարզչական շտաբում աշխատած մարզիչները։
«Ինձ համար շատ հաճելի է եղել աշխատել Հենրիխ Մխիթարյանի նման պրոֆեսիոնալի ու մարդու հետ։ Իմ ճանաչած հայ ֆուտբոլիստներից Հենրիխն ամենապրոֆեսիոնալն ու կարգապահն է եղել», - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ռազմիկ Գրիգորյանը։
Նա ընդգծեց, որ Մխիթարյանի նշանակությունն ու կարևորությունը մեր հավաքականի համար չի քննարկվում։ Շատ ափսոս, որ նա նման որոշում է կայացրել։ Բայց դա իր որոշումն է, և մեզ մնում է հարգել այն։
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանն ասում է, որ, երկար տարիներ խաղալով Հենրիխի կողքին, հիացել է նրա խաղային ու մարդկային որակներով։
Նրա համար էլ է անսպասելի է եղել Մխիթարյանի հայտարարությունը․«Համոզված եմ, որ Հենրիխի հեռանալը հավաքականի խաղի վրա դրական ազդեցություն չի ունենա։ Բայց յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար երևի գալիս է այդ պահը՝ վճռական որոշում կայացնելու։ Այնպես, որ մեզ մնում է հարգել Հենրիխի որոշումը։ Ես անձամբ նրան ցանկանում եմ հաջողություններ ակումբային ֆուտբոլում, որտեղ նա շարունակելու է իր ելույթները»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասեց Կամո Հովհաննիսյանը։
Մեր ընտրանու ապագա համարվող Վահան Բիչախչյանն ասում է, որ Հենրիխն իր համար լեգենդ է։ «Իհարկե շատ լավ կլիներ, որ հավաքականում շարունակեի խաղալ նրա հետ։ Ուրախ ու հպարտ եմ, որ խաղացել ու մարզվել եմ նրա հետ։ Ես շատ բաներ եմ սովորել նրանից, ու ոչ միայն ֆուտբոլում»,- ասաց Բիչախչյանը։
Հավաքականից Մխիթարյանի հեռանալը իհարկե փոփոխություն կմտցնի մեր ընտրանու խաղային ձեռագրի մեջ։ Առանց Հենրիխի հավաքականն արդեն հանդիպումներ անցկացրել ու հաղթել է։ Բայց, միևնույնն է, Հենրիխին սպասում էին։ Իսկ հիմա արդեն ամեն ինչ պետք է անել հստակ գիտակցելով, որ Մխիթարյանն այլևս թիմում չէ։
Նշենք, որ մարտի 3–ին Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտարարեց ազգային հավաքականում իր կարիերան ավարտելու որոշման մասին։
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն առաջիկա հանդիպումն անցկացնելու է մարտի 24-ին` ընկերական խաղում հյուրընկալելով Չեռնոգորիայի ընտրանուն։ Իսկ մարտի 29-ին մերոնք ընկերական արտագնա խաղ են անցկացնելու մրցակցի հարկի տակ՝ Նորվեգիայում։
Ով կարող է փոխարինել Հենրիխ Մխիթարյանին. մեզ ոչ միայն առաջատար է պետք, այլև հեղինակություն
Լրահոս
0