Արմեն Գևորգյանի պաշտպանը 50 000 դրամով տուգանվեց, դատական նիստը հետաձգվեց

© Sputnik / Aram NersesyanԼուսինե Սահակյան
Լուսինե Սահակյան - Sputnik Արմենիա, 1920, 22.03.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Եթե մեկ ամսվա ընթացքում Լուսինե Սահակյանը չվճարի 50 000 դրամը, ապա այն նրա հաշվից ԴԱՀԿ–ն կգանձի։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանին դատարանը տուգանեց դատական նիստերի դահլիճը լքելու համար։ Դատարանի որոշումը կարդաց դատավոր Աննա Դանիբեկյանը։
Հայտնել էինք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Գևորգյանի դեմ հարուցված քրգործով Արմեն Գևորգյանն ասել է, որ չի հասականում իրեն վերագրվող մեղադրանքի էությունը և խնդրել էր դատարանից պարզաբանել այն։ Սակայն դատավորը հայտնել էր, որ պետք է ապացույցների հետազոտման փուլ անցնել։ Ի նշան բողոքի` Լուսինե Սահակյանը լքել էր նիստերի դահլիճը։
«Դատարանը որոշեց 50 000 դրամով տուգանել Լուսինե Սահակյանին։ Եթե նա 1 ամսվա ընթացքում կամովին չկատարի այս որոշումը, ապա ԴԱՀԿ–ն կանի այն։ Որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ քրեական դատարանում»,–ասաց Դանիբեկյանը։
Քանի որ ամբաստանյալի պաշտպանի բացակայությամբ հնարավոր չէր դատական նիստը շարունակել, այն հետաձգվեց։
Դանիբեկյանն ասաց, որ հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 29-ին, ժամը 13։00-ին։
Ռոբերտ Քոչարյանն այսօր հայտնել էր, որ իրեն մեղավոր չի ճանաչում և իրեն վերագրվող մեղադրանքն անհեթեթ է համարում։ Նրա խոսքով` իր դեմ պարզապես քաղաքական պատվեր է իրականացվում։
Դատարանը թույլ չտվեց, որ Արմեն Գևորգյանը մեկնի Հայաստանից
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի` Քոչարյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, նպաստել է «Թի Էս Էս Սի Արմենիայի» տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն, այն է՝ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008–ի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է 3 միլիոն դոլար կաշառք։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311–րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը)։
Նշենք, որ մյուս քրգործով` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 (սահմանադրական կարգը տապալելը) հոդվածով Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։
ՍԴ–ն որոշել էր, որ այդ հոդվածը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը։
Արմեն Գևորգյանն էլ մեղադրվում է փողերի լվացման մեջ։
Գևորգյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը հանդիսանալով պետական մարմնում պաշտոնատար անձ, վերոնշյալ գործարքի շրջանակներում Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ Սիլվա Համբարձումյանից ստացել է 309 միլիոն դրամին համարժեք 1 մլն դոլար կաշառք և օրինականացրել ստացված եկամուտները։
Լրահոս
0