ՀՀ ԱԳՆ–ն պահանջում է, որ Արցախում խաղաղապահ զորախմբի գործողությունների քննություն տարվի

© Sputnik / Asatur YesayantsՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 26.03.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
ՀՀ ԱԳՆ–ն ակնկալում է, որ ԼՂ–ում ՌԴ խաղաղապահ զորախումբը կոնկրետ և տեսանելի քայլեր ձեռնարկի իրադրությունը կարգավորելու, նոր զոհեր և մարտական գործողություններ թույլ չտալու համար:
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Ադրբեջանի կողմից ագրեսիան Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում նախապես ծրագրված է։ Այս բովանդակությամբ հայտարարություն է այսօր տարածել ՀՀ ԱԳՆ–ն` անդրադառնալով Արցախում վերջին շրջանում ստեղծված իրավիճակին։
Հայտարարության մեջ նշվում է, որ դա բացահայտ արհամարհանք է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների՝ ներառյալ իրենց զբաղեցրած դիրքերում կողմերի կանգ առնելու վերաբերյալ դրույթի նկատմամբ:
«Կարևոր ենք համարում, որ ադրբեջանական ստորաբաժանումների՝ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ներխուժման ընթացքում խաղաղապահ զորախմբի գործողությունների պատշաճ քննություն տեղի ունենա, ինչպես նաև խաղաղապահ զորախումբը ադրբեջանական ստորաբաժանումները ելման դիրքեր վերադարձնելու հստակ պահանջ ձևակերպի և հրապարակի»,–ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:
ՀՀ ԱԳՆ–ն ակնկալում է նաև, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախումբը կոնկրետ և տեսանելի քայլեր ձեռնարկի իրադրությունը կարգավորելու, նոր զոհեր և մարտական գործողություններ թույլ չտալու համար:
«Ադրբեջանն իր հայտարարություններով պահանջում է դուրս բերել Լեռնային Ղարաբաղի հայկական բնակչության ինքնապաշտպանական ուժերը։ Վերջնանպատակն էթնիկ զտումների իր ուղեգիծն ամբողջացնելը և արցախահայությանը ցեղասպանության ենթարկելու քաղաքականությունը նոր թափով իրագործելն է»,–ասվում է հայտարարության մեջ։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը կարծում է, որ միջազգային հանրությունը պարտավոր է գործուն և հասցեական քայլեր գործարկել Հարավային Կովկասում իրավիճակը ապակայունացնելու փորձերը կանխելու ուղղությամբ։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, արդյունքում հայկական կողմից վիրավորում են ստացել 5 պայմանագրային զինծառայողներ։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:
Մարտի 26–ի առավոտյան Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ:
Լրահոս
0