ՊԲ–ն նորություններ է հայտնել շփման գծից և վիրավոր զինծառայողների վիճակից

© Sputnik / Aram NersesyanԶինվորը խրամատում
Զինվորը խրամատում - Sputnik Արմենիա, 1920, 26.03.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ադրբեջանական կողմը շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում:
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած ՊԲ զինծառայողներից երկուսի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, մեկ զինծառայողի վիճակը միջին ծանրության է։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը։
«Մարտի 25-ի լույս 26-ի գիշերը և առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ օպերատիվ- մարտավարական իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև արևելյան սահմանագոտում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել»,–ասվում է ՊԲ հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ադրբեջանական կողմը շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում: Բանակցությունները նրանց ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են:
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։ Անվտանգության նկատառումներից ելնելով` տարհանվել են հարևան Խրամորթ գյուղի կանայք և երեխաները։
Sputnik Արմենիայի աղբյուրը տեղեկացրել էր, որ ադրբեջանական զինուժը առաջ է անցել իր դիրքերից և մտել Փառուխ գյուղ։ Դա տեղի է ունեցել դիրքերից պաշտպանության բանակի ստորաբաժանումների պլանային դուրսբերման ժամանակ։
Արցախի ՊՆ–ն մարտի 25–ին հայտնեց, որ ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ։
Ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրեց, որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների հրահրած փոխհրաձգության հետևանքով հայկական կողմը 5 վիրավոր ունի, բոլորը պայմանագրայիններ են։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:
Լրահոս
0