Քննարկումներ եղել են. Սարգսյանը` Ավինյանին Երևանի փոխքաղաքապետ նշանակելու մասին

Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Երևանի քաղաքապետը վստահեցնում է` շատ լավ գործընկերային հարաբերությունների մեջ է ՀՀ նախկին փոխվարչապետի հետ։
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դեմ չէ ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետի պաշտոնում տեսնել։ Նա այդ մասին ասաց Sputnik Արմենիայի հետ զրույցում։
«Տարբեր քննարկումներ այս հարցի շուրջ ունեցել ենք, սակայն վերջնական համաձայնություն չունենք։ Ընդհանուր համաձայնության դեպքում գուցե պարոն Ավինյանին կնշանակեմ (փոխքաղաքապետի պաշտոնում - խմբ.)»,– նշեց Սարգսյանը։
Հարցին, թե ինչպես է վերաբերվում շրջանառվող այն լուրերին, թե Ավինյանն է կառավարում Երևանի քաղաքապետարանը, ասաց, որ փորձում է ուշադրություն չդարձնել։

«Ինձ համար անհասկանալի է այդ ամենը, չեմ պատկերացնում՝ ինչպես կարող է այդ ամենն արվել։ Մամուլում գրում էին, որ իբր Անգլիայի թագուհին է, բոլոր որոշումներն էլ Ավինյանն է կայացնում։ Ամեն երկուշաբթի գործակարգավարական նիստ է լինում, որտեղ քննարկվում են շաբաթվա խնդիրները, հանձնարարականները և այլն։ Այս պարագայում ի՞նչ է նշանակում կառավարելը` ինձ թուղթ են տալիս ուրբաթ օրերին, շաբաթ–կիրակի օրերին կարդում ու սովորում եմ, երկուշաբթի էլ գալիս, հանձնարարականներ եմ տալի՞ս»,– ասաց Երևանի քաղաքապետը։

Նրա խոսքով` ՀՀ նախկին փոխվարչապետի հետ շատ լավ գործընկերային հարաբերությունների մեջ են դեռ այն ժամանակվանից, երբ նա փոխվարչապետ էր, համատեղ քննարկումներ էլ են ունեցել։ Վերջին անգամ էլ Սարգսյանն Ավինյանի հետ շփում է ունեցել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության օրը։
Նշենք, որ հիմա Երևանի քաղաքապետը 4 տեղակալ ունի․ 1-ը՝ առաջին տեղակալ, 3-ը՝ տեղակալ։
Տիգրան Ավինյանը 2018 թվականի մայիսից մինչև 2021 թվականի օգոստոսը ՀՀ փոխվարչապետն էր։
Դրանից հետո նա նշանակվեց Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) տնօրենների խորհրդի նախագահ։
2022–ից Ավինյանը «Հայբիզնեսբանկի» տնօրենների խորհրդի անդամ է, «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։
Լրահոս
0