«Շարժվելու ենք դեպի բազմաբևեռ աշխարհ». Լավրովն ու Վան Ին բանակցություններ են անցկացրել

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել ֆոտոբանկՍերգեյ Լավրով
Սերգեյ Լավրով - Sputnik Արմենիա, 1920, 30.03.2022
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Մոսկվան Պեկինի և իր մյուս համախոհների հետ միասին շարժվելու է դեպի բազմաբևեռ, արդար աշխարհակարգ։
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. Ռուսաստանի և Չինաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Վան Ին այսօր Թունսիում երկկողմ բանակցություններ են անցկացրել` քննարկելով երկկողմանի հարաբերությունների և միջազգային օրակարգի մի շարք հարցեր։
Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը` երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները բարձր են գնահատել ռուս–չինական հարաբերությունների ընթացիկ վիճակը։
«Այս տարի սա արդեն մեր երկրորդ հանդիպումն է, ինչը ընդգծում է մեր կանոնավոր երկխոսության ինտենսիվ և վստահելի բնույթը։ Մենք միջազգային հարաբերությունների պատմության բավական լուրջ փուլ ենք ապրում։ Համոզված եմ, որ այս փուլի արդյունքներով միջազգային իրավիճակը զգալի կպարզվի, և մենք ձեր և մեր մյուս համախոհների հետ կշարժվենք դեպի բազմաբևեռ, արդար, ժողովրդավարական աշխարհակարգ», – ասել է Լավրովը` դիմելով չինացի գործընկերոջը։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը հայտնել է Մոսկվայի շահագրգռվածությունը Պեկինի հետ հարաբերությունների կայուն զարգացման հարցում։
Նախարարները Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ կարծիքների փոխանակում են իրականացրել։ Լավրովը չինացի գործընկերոջը տեղեկացրել է ՌԴ ԶՈւ հատուկ գործողությունների անցկացման ընթացքի և Կիևի հետ բանակցային գործընթացի դինամիկայի մասին։
«Կողմերը նշել են Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ–ի և նրա կամակատարների սահմանած միակողմանի անօրինական պատժամիջոցների անարդյունավետ բնույթը», – ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Լավրովն ու Վան Ի–ն քննարկել են նաև գլոբալ և տարածաշրջանային օրակարգի մի շարք կարևոր թեմաներ, այդ թվում Աֆղանստանում, Կենտրոնական Ասիայում ընթացիկ իրավիճակը, իրանական միջուկային ծրագրի շուրջ և Կորեական թերակղզում ստեղծված իրավիճակը։
G7-ի երկրները գազի դիմաց ռուբլով չեն վճարի. Գերմանիայի էկոնոմիկայի նախարար
Ռուս նախարարը չինացի գործընկերոջ ուշադրությունը հրավիրել է Ուկրաինայում ԱՄՆ ռազմակենսաբանական գործունեությանը։
Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները փաստել են, որ միջազգային բարդ իրավիճակի պայմաններում Ռուսաստանն ու Չինաստանը շարունակում են ուժեղացնել ռազմավարական գործընկերությունը, համաշխարհային գործերում հանդես գալ միասնական դիրքորոշմամբ։
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու ընդլայնել աշխարհաքաղաքական համակարգումը, ընդլայնել փոխգործակցությունը երկկողմանի ուղղությամբ և տարբեր բազմակողմանի ձևաչափերում։ Զրույցն ավանդաբար տեղի է ունեցել վստահության և բարեկամական մթնոլորտում»,–նշել է ՌԴ ԱԳՆ–ն։
Նշենք, որ հանդիպումը կայացել է Աֆղանստանի հարևան երկրների արտգործնախարարների երրորդ համաժողովի շրջանակում։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 35–րդ օրը։
Լրահոս
0