Фон для радио  - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Կանենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանի և Արցախի օժանդակության չափն ավելանա. Չուլջյան

ԱՄՆ–ն չպետք է օժանդակի Ալիևի կառավարությանը, որը բռնել է երկրորդ ցեղասպանության ճամփան (լուսանկարը՝ AP Photo)
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մամուլի քարտուղար Եղիսաբեթ Չուլջյանն անդրադարձել է ԱՄՆ-ի արտաքին հատկացումների բյուջեի նախագծին, որով ՀՀ–ին տրամադրվող տնտեսական օգնությունը կազմում է շուրջ 23 մլն դոլար, իսկ ԼՂՀ-ում մարդասիրական ծրագրերի համար որևէ միջոց չի նախատեսվել:
ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը հիասթափված է, որ Հայաստանին հատկացվելիք գումարն ԱՄՆ-ի վարչակազմի նախագծով մոտ 24 միլիոն դոլար է, իսկ Արցախի համար որևէ հատուկ գումար չի նախատեսվել. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մամուլի քարտուղար Եղիսաբեթ Չուլջյանը։

«Նախորդ տարի ևս այդքան գումար էր արձանագրվել, սակայն Կոնգրեսում հաշվի առան ՀՀ-ում առկա իրավիճակը, և օժանդակությունը հասցվեց 45 միլիոնի։ Հիմա էլ պետք է շարունակենք մեր աշխատանքները Կոնգրեսում, որպեսզի գումարի չափը վերանայվի»,- նշեց նա։

Սա ԱՄՆ-ի վարչակազմի հրապարակած 2023 թվականի արտաքին հատկացումների բյուջեի նախագծի սկզբնակետն է, և Սպիտակ տան տեսլականն այդ հարցի վերաբերյալ։ Նախագիծը դեռ պետք է քննարկվի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում և Սենատում։
Ըստ Չուլջյանի, Հայ դատի հանձնախումբը պատրաստվում է ամերիկյան օրենսդիրներին հանգամանորեն ներկայացնել Արցախում տիրող իրավիճակը` ընդգծելով, որ մոտ 100 հազար արցախահայեր տեղահանվել են իրենց պատմական հողերից 44-օրյա պատերազմի արդյունքում և կարիք ունեն մարդասիրական օժանդակության։
«Մենք արդեն կոչ ենք արել, որպեսզի Արցախին այս տարի հատկացվի 50 միլիոն դոլար, և Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող հանձնախումբն արդեն իսկ տվել է իր համաձայնությունը։ Պետք է շարունակենք աշխատանքները, որպեսզի Հայաստանին նույնպես հատկացվի 50 միլիոն դոլարի օժանդակություն։ Երբ Կոնգրեսում քննարկումները մեկնարկեն, և արտաքին հատկացումների 2023 թվականի նախագիծը վերջնականապես հաստատվի, հույս ունենք, որ համապատասխան շտկումներն անպայման կարվեն»,- ասաց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մամուլի քարտուղարը։
Չուլջյանի խոսքով, հանձնախումբն ամեն ինչ կանի, որպեսզի ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին հատկացվելիք ռազմական օգնությունը դադարեցվի` նկատի առնելով Ադրբեջանի շարունակական հարձակումներն Արցախի վրա, ինչպես նաև ագրեսիվ կեցվածքը Հայաստանի նկատմամբ. ԱՄՆ-ը չպետք է օժանդակի Ալիևի կառավարությանը, որը բռնել է երկրորդ ցեղասպանության ճամփան։

«Այսօր Հայաստանն ու Արցախը կանգնած են տնտեսական ու սոցիալական ահռելի մարտահրավերների առջև։ Ադրբեջանցիների ագրեսիան շարունակվում է, որի հետևանքով վերջին շաբաթում ականատես եղանք ևս հինգ հայ զինծառայողների սպանության, տասնհինգ հոգի էլ վիրավորվեցին։ Ադրբեջանը հետևողականորեն ցանկանում է ամեն կերպ հայաթափել Արցախը, հետևաբար ԱՄՆ-ի կառավարությունը չպետք է որևէ ռազմական օժանդակություն հատկացնի Ադրբեջանին, այլ պետք է աջակցի արցախահայությանը, որն ուզում է խաղաղ ապրել իր հողում»,- ասաց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մամուլի քարտուղարը։

Չուլջյանի դիտարկմամբ, փորձը ցույց է տալիս, որ Կոնգրեսի հետ ճիշտ աշխատանքի արդյունքում Սպիտակ տան կողմից ներկայացված թվերը վերանայվում են ու շտկվում։ Անցյալ տարի Հայաստանի համար նախատեսված օգնությունը մեծացավ, բայց Արցախին հատկացվեց ընդամենը 2 միլիոն դոլար, այն էլ՝ ականազերծման աշխատանքների համար, մինչդեռ արցախցիները կարիք ունեն անմիջականորեն իրենց ուղղված օժանդակության, որպեսզի ինչ-որ չափով հոգան իրենց կարիքները և դիմակայեն սոցիալ-տնտեսական մարտահրավերներին։
Օրերս ԱՄՆ-ի վարչակազմը հրապարակել է 2023 թվականի համար արտաքին հատկացումների բյուջեի իր նախագիծը, որում Հայաստանին տրամադրվող ամերիկյան տնտեսական օգնությունը կազմում է 23,405,000, իսկ ռազմականը՝ 600 հազար դոլար, մինչդեռ վարչակազմը որևէ միջոց չի նախատեսել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ծրագրերի համար:
2022 թվականի ընթացքում ԱՄՆ-ի Կոնգրեսը Հայաստանի համար նախատեսել էր 45 միլիոն դոլարի օգնություն և 2 միլիոն դոլար՝ Լեռնային Ղարաբաղում ականազերծում իրականացնելու համար:
Լրահոս
0