Եթե Ադրբեջանի սադրանքը ներվի, ամեն պահի կարող է կրկնվել. Թովմասյանը` Կոպիրկինին

© Photo : Facebook / Taguhi Tovmasyan / Թագուհի ԹովմասյանՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հանդիպել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ (11 ապրիլի, 2022թ)․ Երևան
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հանդիպել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ (11 ապրիլի, 2022թ)․ Երևան - Sputnik Արմենիա, 1920, 12.04.2022
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հանդիպել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ (11 ապրիլի, 2022թ)․ Երևան
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ընդդիմադիր պատգամավորը ՌԴ դեսպանին տեղեկացրել է, որ Ադրբեջանը հրաձգային զինատեսակներ, նույնիսկ ականանետներ է կիրառում Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Արցախի Փառուխ գյուղում ադրբեջանական կողմի սադրանքն առաջին հերթին ռուս խաղաղապահների դեմ է, ինչը, ներվելու դեպքում, ամեն պահի կարող է կրկնվել։ Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ երեկ կայացած հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Պատգամավորը հանդիպման մանրամասները ներկայացրել է ֆեյսբուքյան իր էջում։
Նա մարտի 22-ից գտնվել է Արցախում, և երբ ադրբեջանական զինուժը հարձակվել է Փառուխ համայնքի վրա՝ բռնի օկուպացնելով այն, այդ օրը Խրամորթ համայնքում է եղել։ Թովմասյանը Կոպիրկինից շտապ ընդունելություն է խնդրել, որպեսզի ականատեսի աչքերով ներկայացնի իրավիճակը։
«Փոխադարձ արձանագրեցինք այն կարևոր իրողությունը, որ ադրբեջանական զինուժը ռուսական կողմի բանակցություններից հետո դուրս է եկել Փառուխ համայնքից։ Սակայն ընդգծեցի, որ ադրբեջանցի զինվորները դեռ շարունակում են մնալ Քարագլխի լանջերում»,–գրել է Թովմասյանը։
Պատգամավորը Կոպիրկինին տեղեկացրել է, որ Ադրբեջանը հրաձգային զինատեսակներ, նույնիսկ ականանետներ է կիրառում Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ, թիրախավորում գյուղացուն, որը գյուղատնտեսական աշխատանք է իրականացնում իր սեփական տան բակում, կրակում է գյուղատնտեսական տեխնիկաների ուղղությամբ, որի հետևանքով ունենք վիրավորներ։
Թովմասյանը դեսպանի ուշադրությունը հրավիրել է Հայաստանի սահմաններում առկա իրավիճակի վրա. Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները շարունակում են օկուպացված պահել ՀՀ սուվերեն տարածքի կոնկրետ հատվածներ։
Խոսել են Ռուսաստանում և Ուկրաինայում ապրող մեր հայրենակիցների իրավունքներից, որոնցից շատերը Հայաստան կամ երրորդ երկիր վերադառնալու ցանկություն ունեն։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել էին շփման գիծը ու առաջ շարժվել Քարագլխի դիրքերի ուղղությամբ։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ էին բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, արդյունքում հայկական կողմից 5 պայմանագրային զինծառայող է վիրավորվել։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել էին նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:
Իրավիճակի սրացման պատճառով Խրամորթից տարհանվել են երեխաներն ու կանայք։
Մարտի 29-ին ադրբեջանցիները հեռացել են Փառուխից, ու այնտեղ ռուս խաղաղապահներ են տեղակայվել, բայց նրանք շարունակում են մնալ Քարագլխի դիրքերի մի հատվածում։
Արցախի իշխանություններն ու խաղաղապահները բանակցություններ են վարում ադրբեջանցիներին այդտեղից հեռացնելու նպատակով։
Լրահոս
0