ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի 2 աշխատակիցներ 28 մլն դրամ կաշառք են ուզել կապալառուից

Փող տվող մարդ - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բացահայտվել է շինարարական կազմակերպության սեփականատերերից առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու դեպք:
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Ավարտվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փաստով քննված քրեական գործի նախաքննությունը, հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
ՀՀ պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030թթ. ծրագրում ներառվել էր նաև ՀՀ Արարատի մարզի Հովտաշատ գյուղի միջնակարգ դպրոցի շենքի կառուցումը։
Ըստ այդմ` ստեղծվել էր ապրանքների ձեռքբերման նպատակով գնման գործընթացի միջգերատեսչական գնահատող հանձնաժողով, որի կազմում ընդգրկված են եղել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրերի իրականացման բաժնի պետ Հ. Խ.-ն` որպես հանձնաժողովի նախագահ և նույն բաժնի վերահսկման խմբի ղեկավար Ա. Զ.-ն՝ որպես հանձնաժողովի անդամ:
2021 թվականի մայիսի 24-ին Հիմնադրամի կողմից մրցույթում հաղթող է ճանաչվել Տ. Ն.-ին և Ե. Գ.-ին պատկանող շինարարական ընկերությունը:
Դրանից հետո Հիմնադրամի պաշտոնատար անձինք` Հ. Խ.-ն և Ա. Զ.-ն, նախնական համաձայնություն են ձեռք բերել` կնքվելիք պայմանագրի շուրջ 1,9 մլրդ ՀՀ դրամ արժեքի 2 տոկոսի չափով հիշյալ ընկերության համասեփականատերերից կաշառք պահանջելու վերաբերյալ:
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Զ.-ն Հ. Խ.-ի հանձնարարությամբ հանդիպել է կազմակերպության համասեփականատեր Տ. Ն.-ին և նրա հետ սակարկությունների արդյունքում վերջինից պահանջել պայմանագրի արժեքի 1.5 տոկոսի չափով` ավելի քան 28 մլն ՀՀ դրամ կաշառք` դպրոցի շինարարության պայմանագիր կնքելուն չխոչընդոտելու, կապալառու ընկերության օգտին հովանավորչության, թերությունները չարձանագրելու, այդ կերպ՝ ընկերությանը հավելյալ ֆինանսական ծախսերից զերծ պահելու համար:
Պայմանագրի կնքումից հետո` 2021թ.-ի սեպտեմբերին, Տ. Ն.-ն կապալառու կազմակերպության մյուս համասեփականատիրոջ` Ե. Գ.-ի իմացությամբ այցելել է Հ. Խ.-ի մատնանշած վայր և Հ. Խ.-ին է տվել նրա պահանջած կաշառքի գումարից 2.404.100 ՀՀ դրամին համարժեք 5.000 ԱՄՆ դոլարը:
2021թ.-ի նոյեմբերի 12-ին կաշառքի հերթական մասնաբաժինը՝ 4000 ԱՄՆ դոլարը ստանալուց հետո, Հ. Խ.-ն և կաշառք տված Տ. Ն.-ն բերման են ենթարկվել, իսկ անձնական խուզարկության արդյունքում Հ. Խ.-ի մոտ հայտնաբերվել է կաշառքի հիշյալ գումարը։
Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Վանաձորի թաղման բյուրոյի տնօրենը
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ա. Զ.-ին և Հ. Խ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կազմակերպված խմբի կողմից կաշառք ստանալը): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ա. Զ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը հետագայում փոխարինվել է գրավով:
Կապալառու կազմակերպության համասեփականատերեր Տ. Ն.-ին և Ե. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պաշտոնատար անձին կաշառք տալը): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Լրահոս
0