«Արյունոտ ձեռքերով» պատգամավորին ոստիկանները հեռացրին կառավարության շենքի տարածքից

Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ոստիկաններն Ավետիսյանին չորս կողմից բռնեցին ու հեռացրին տարածքից։
Ընդդիմադիրները կառավարության առջև հերթական ակցիան իրականացրին։ Մասնավորապես, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը կարմիր ներկով էր եկել կառավարության մոտ։
«Կարմիր ներկը խորհրդանշում է կառավարության շենքում նստած մեկ անձի արյան ծարավը։ Նրանց ձեռքերն արյունոտ են, ու դա մեր արյունն է»,–ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Դրանից հետո Թադևոս Ավետիսյանը ձեռքերը կարմիր ներկով պատված դույլի մեջ մտցրեց ու կառավարության առջև «արյունոտ ձեռքերի» հետքեր թողեց։ Ոստիկաններն Ավետիսյանին չորս կողմից բռնեցին ու հեռացրին տարածքից։
Հիշեցնենք` ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը ապրիլի 22-ին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Արդեն մի քանի օր է՝ ընդդիմությունն ակցիաներ է անում Երևանում։ Ապրիլի 26-ին հատկապես ակտիվ էին երիտասարդները։ Նրանց ակցիան ապրիլի 26-ին մեկնարկեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գլխավոր մասնաշենքի մոտ, որտեղ Արցախի դրոշ տեղադրեցին, այնուհետև Արցախի մեծ դրոշը պարզած՝ շարժվեցին դեպի Երևանի պետական համալսարան, հետո հասան ՀՀ կառավարության շենքի մոտ և որոշեցին նվեր հանձնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն ոստիկանները սկսեցին ուժ գործադրել ու հեռացնել նրանց այդտեղից։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 10 հոգու տեղափոխել են ոստիկանություն։
ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչները փողոցներ փակեցին, իսկ 44-օրյա պատերազմում զոհված զինվորականների ծնողներն ու հարազատները երթի դուրս եկան։
Բողոքի ակցիաները վերսկսվեցին ապրիլի 27–ի առավոտյան` Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների քոչարիով։ Հանրապետության հրապարակում «Ազատագրական շարժման» անդամները ցանկանում էին ախտահանել ՀՀ կառավարության շենքը և վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այնուհետև երիտասարդները իրազեկման ակցիա էին անում Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում, որից հետո փակեցին Թումանյան փողոցը։ ՀՀԿ–ական երիտասարդներն էլ փակել էին Մյասնիկյան և Ազատության պողոտաները։ Այսօր` մինչ այս պահը, ոստիկանություն է բերվել 18 քաղաքացի։
Լրահոս
0