Լարված իրավիճակ Թումանյան փողոցում. երիտասարդները փորձում են փակել փողոցը

Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ոստիկանները տղաներին բերման են ենթարկում, աղջիկներին` հեռացնում ճանապարհից։
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Այս պահին ոստիկանները բերման են ենթարկում իրազեկման ակցիա իրականացնող երիտասարդներից ոմանց։
Նշենք, որ ուսանողները քիչ առաջ մտան Բրյուսովի անվան պետական համալսարան` «Պայքա՛ր» վանկարկելով, որից հետո որոշ երիտասարդներ նստեցին Թումանյան փողոցի ասֆալտին` փակելով ճանապարհը։ Ոստիկանները, սակայն, սկսեցին բերման ենթարկել նրանց` փորձելով բացել ճանապարհը։
Նրանք տղաներին բերման ենթարկեցին, իսկ աղջիկներին հեռացրին ճանապարհից։
Ցուցարարները քայլերթով շարժվեցին դեպի ոստիկանության Էրեբունի բաժին. նրանց ընկերները հիմա այնտեղ են։
«Ազատագրական շարժման» անդամներից 11–ին Հանրապետության հրապարակից տարել են ոստիկանություն
Հիշեցնենք` ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը ապրիլի 22-ին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Արդեն մի քանի օր է՝ ընդդիմությունն ակցիաներ է անում Երևանում։ Ապրիլի 26-ին հատկապես ակտիվ էին երիտասարդները։ Նրանց ակցիան ապրիլի 26-ին մեկնարկեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գլխավոր մասնաշենքի մոտ, որտեղ Արցախի դրոշ տեղադրեցին, այնուհետև Արցախի մեծ դրոշը պարզած՝ շարժվեցին դեպի Երևանի պետական համալսարան, հետո հասան ՀՀ կառավարության շենքի մոտ և որոշեցին նվեր հանձնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն ոստիկանները սկսեցին ուժ գործադրել ու հեռացնել նրանց այդտեղից։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 10 հոգու տեղափոխել են ոստիկանություն։
ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչները փողոցներ փակեցին, իսկ 44-օրյա պատերազմում զոհված զինվորականների ծնողներն ու հարազատները երթի դուրս եկան։
Լրահոս
0