Фон для радио  - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Եթե Իրանն ուզում է ակտիվանալ Սյունիքում, ապա պարսկերենի դասավանդումն այդ առումով կարևոր է

Մեզանում պարսկերենի դասավանդումը կարևոր է ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական առումով․ Ոսկանյան
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն տեղեկությանը, ըստ որի` Կապան քաղաքի ուսումնական հաստատություններում սեպտեմբերից կդասավանդեն պարսկերեն։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրանական կողմը պատրաստվում է Սյունքի մարզկենտրոն Կապանում ունենալ հյուպատոսություն, պարսկերենի դասավանդումն այդ առումով կարևոր է, և եթե նման բան իրականացվի, կարելի է միայն ողջունել, առավել ևս, որ Սյունիքի պարագայում իրանական կողմը նպատակամղված կերպով ցանկանում է ապահովել տնտեսական ակտիվություն, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Հայաստանում պարսկերենի դասավանդումը վաղուց կա, Խորհրդային Միության վերջին տարիներին Երևանի դպրոցներից երկուսում աշակերտները սովորում էին պարսկերեն, իսկ հիմա արդեն մի շարք դպրոցներում, նաև Երևանից դուրս գտնվող հաստատություններում ֆակուլտատիվ կամ հիմնական ձևաչափով դասավանդում են պարսկերեն, բայց դա պետական ծրագրով չէ, այլ անհատական նախաձեռնությամբ»,- ասաց իրանագետը։
Ոսկանյանի կարծիքով` մեզ մոտ պարսկերենի դասավանդումը կարևոր է ոչ միայն քաղաքական տեսանկյունից, այլև գործարարների երկուստեք տնտեսական ակտիվությունը սպասարկելու առումով։ Ըստ նրա` պարսկերենն աշխարհի ամենազարգացած լեզուներից է, Արևելքի պոեզիայի հիմնական լեզուն։

«Հայաստանյան բոլոր կենտրոններում դասավանդում են ԵՊՀ իրանագիտության ամբիոնի շրջանավարտները, այդ թվում՝ Կապանից ուսումնառության նպատակով մայրաքաղաք ժամանած շրջանավարտները, որոնք լավագույն կերպով տիրապետում են պարսկերենին և իրենց մոտ կարող են իրականացնել այդ կարևոր առաքելությունը»,- նշեց իրանագետը։

Ոսկանյանի գնահատմամբ` Հայաստանը համարվում է իրանագիտական կարևոր կենտրոններից մեկը հետխորհրդային տարածքում, մեր իրանագիտական դպրոցն ունի լավագույն ավանդույթները։
Նշենք, որ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին հայտնել է, որ սեպտեմբերից Կապանի համայնքային ենթակայության ուսումնական հաստատությունում կսկսվի պարսկերենի դասավանդումը։ Տեղեկությունը հրապարակվել է Սյունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում։
Լրահոս
0