Պատգամավորը փակել է ոստիկանության «Գազելի» ճանապարհը. իրավիճակը լարված է

Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ոստիկանները շարունակում են քաղաքացիներին բերման ենթարկել, քաղաքացիներն էլ շարունակում են փակ պահել փողոցները։ Ընդհարումները կողմերի միջև ևս շարունակվում են։
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Խանջյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում փակել է ոստիկանության «Գազել» ավտոմեքենայի ճանապարհը։

Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ոստիկանությունը փորձում էր բերման ենթարկել այս հատվածում փողոցը փակած անհնազանդության ակցիաների մասնակիցներին։ Երբ քաղաքացիները փորձում էին բացել «Գազելի» դուռը՝ ավտոմեքենայի մեջ նստեցրած իրենց գաղափարակից ընկերներին ազատելու համար, դուռը պոկվեց` ոստիկանների ու քաղաքացիների միջև վիճաբանության առիթ դառնալով։

Տեղում գտնվող ԱԺ պատգամավորներ Իշխան Սաղաթելյանն ու Գեղամ Մանուկյանը փորձեցին թուլացնել լարվածությունը` ցուցարարներին հանդարտության կոչ անելով։
Գեղամ Մանուկյանը մի խումբ քաղաքացիների հետ կանգնեց «Գազելի» դիմաց` փակելով վերջինի ճանապարհն ու թույլ չտալով տեղից շարժվել։ Իսկ Իշխան Սաղաթելյանը ոստիկաններին առաջարկեց ազատ արձակել ավտոմեքենայի մեջ գտնվող քաղաքացիներին` դրա դիմաց խոստանալով բացել փողոցը։
Քաշքշուկից հետո ոստիկաններն այնուամենայնիվ ազատեցին քաղաքացիներին։ Լարումը, սակայն, դրանով չավարտվեց։ Ոստիկանները շարունակեցին նոր քաղաքացիների բերման ենթարկել, քաղաքացիներն էլ շարունակում են փակ պահել փողոցը։ Ընդհարումները կողմերի միջև շարունակվում են։
Ոստիկանները փորձեցին բերման ենթարկել պատգամավոր Տիգրան Աբրահամյանին
Ինչպես արդեն հայտնել ենք, գիշերը Երևանի Ֆրանսիայի հրապարակում անցկացրած ցուցարարներն ու նրանց համախոհները վաղ առավոտից սկսել են անհնազանդության խաղաղ ակցիաները Երևանի տարբեր հատվածներում։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Բողոքի ակցիաներն ու երթերը մայրաքաղաքում սկսվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ ԱԺ-ում ապրիլի 13-ի հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
«Դիմադրություն» շարժման անդամները նաև Հայաստանի 4 տարբեր մարզերից քայլերթեր սկսեցին դեպի Երևան։ Առաջին երթը մեկնարկեց ապրիլի 25-ին` Տավուշի մարզի Իջևան քաղաքից, հաջորդը` Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղից, նույն օրը երթ մեկնարկեց նաև Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից։ Վերջին՝ 4-րդ երթը մեկնարկեց Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղից։
Լրահոս
0