Ոստիկանությունը բերման ենթարկեց «Դիմադրություն» շարժման քայլերթի մասնակիցներին

© SputnikԳեղամ Մանուկյան
Գեղամ Մանուկյան - Sputnik Արմենիա, 1920, 05.05.2022
Գեղամ Մանուկյան
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Բերման ենթարկվածների թվում են Սայաթ Շիրինյանն ու Համբիկ Սասունյանը։
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Ոստիկանությունը բերման ենթարկեց «Դիմադրություն» շարժման քայլերթի մասնակիցներին, որոնք երթը սկսել էին Ֆրանսիայի հրապարակից և հասել Աբովյան փողոց։
Ոստիկանները քաղաքացիներին տարան բիրտ ուժ կիրառելով։

«Սա խաղաղ իրազեկման երթ էր, տեսաք, թե ինչպես սկսեցին բերման ենթարկել։ Կարմիրբերետավորները, որոնք ամենաագրեսիվն են, սադրանք արեցին ու քաղաքացիներին բերման ենթարկեցին։ Ամենաահավորն այն է, որ ուսադիրով ոստիկանը բերման ենթարկեց ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանին, որը հանգիստ քայլում էր»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Երթի անդամներն ասում էին, որ կարող են մայթով քայլել, բայց ոստիկաններից ոչ ոք չարձագանքեց։ Նրանք շարունակեցին գրեթե գետնին տապալելով բերման ենթարկել մասնակիցներին։
Պատգամավոր Աննա Գրիգորյանն ընդգծեց, որ ոստիկանները սկսել են ուժ կիրառել խաղաղ երթի ընթացքում և անհասկանալի պայմաններում։
Նշենք, որ բերման է ենթարկվել նաև Համբիկ Սասունյանը, որը 1982 թվականին Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիկանին սպանելու մեղադրանքով դատապարտվել էր, սակայն 2021-ին ազատ արձակվել։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 3-ին փակվեցին նաև միջմարզային մի քանի ճանապարհներ։
Մայիսի 4-ի և 5-ի առավոտյան անհնազանդության ակցիաները վերսկսվեցին։
Այս օրերին ոստիկանությունը պարբերաբար բերման է ենթարկում (երբեմն բիրտ ուժ կիրառելով) անհնազանդության ակցիաների առավել ակտիվ մասնակիցներին։
Լրահոս
0