50 Cent-ն առաջին ծիծեռնակն էր. «Հայա» փառատոնը ՀՀ է հրավիրել Սթինգին, Լոպեսին, Իգլեսիասին

© AP Photo / Evan Agostini50 Cent
50 Cent - Sputnik Արմենիա, 1920, 06.05.2022
50 Cent. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
«Հայա» փառատոնի շրջանակում համերգներով Հայաստան կժամանեն աշխարհահռչակ աստղեր։ Թե ինչպես կայացավ նրանց հետ պայմանավորվածությունը, և առաջիկայում է՛լ ինչ հեղինակավոր արտիստներ են գալու Հայաստան, Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է «Հայա» փառատոնի հիմնադիրը։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի– Sputnik. Շատ բարդ բանակցությունների արդյունքում հաջողվեց ռեփ երգիչ 50 Cent-ին հրավիրել Հայաստան, քանի որ Հայաստան այդ մեծության արտիստ դեռ չի եկել, ու վստահությունը շահելը հեշտ գործ չէր։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Հայա» փառատոնի հիմնադիր Սոնա Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` շատերը կասկածում էին, որ 50 Cent-ը կգա Հայաստան և միայն երգչի սոցցանցային գրառումից հետո համոզվեցին, որ դա ճիշտ է։

Հովհաննիսյանը՝ լինելով «Երևանյան հեռանկարներ» փառատոնի հիմնադիր, արդեն իսկ համաշխարհային աստղերի մենեջմենթի հետ աշխատելու ավելի քան 20 տարվա փորձ ունի։ Կորոնավիրուսի համաճարակից ու պատերազմից հետո նա հստակ որոշեց, որ պետք է Հայաստանը աշխարհին է՛լ ավելի ճանաչելի դառնա։ Հենց այդ ցանկությամբ հիմնվեց «Հայա» փառատոնը, որի շրջանակում Հայաստանում համերգներ կտան այն համաշխարհային աստղերը, որոնց կգա լսելու 30.000-60.000 հանդիսատես։ Դա կնպաստի նաև երկրի տնտեսության աշխուժացմանը, զբոսաշրջիկների մեծ հոսքին, որոնք կոնկրետ այդ համերգների համար կայցելեն Հայաստան։

Առաջինը, որն իր համաձայնությունը տվեց Հայաստանում համերգ տալու` աշխարհահռչակ ռեփ երգիչ 50 Cent-ն է, նա իր ամբողջ խմբով` 25 հոգով, գալու է Երևան և հունիսի 1-ին համերգ ունենա։
«Մենք տեղեկացանք, որ Լեդի Գագան ունի համերգային շրջագայություն և դիմեցինք նրա մենեջմենթին` երգչուհուն Հայաստան հրավիրելու համար։ Հենց երգուհու մենեջմենթն առաջարկեց հրավիրել 50 Cent-ին, քանի որ Գագայի մոտ արդեն քաղաքների ցանկը փակ էր։ Նրան եկող տարի կհրավիրենք»,- ասաց Հովհաննիսյանը։
Նշենք, որ հունիսի 25-ին Երևան կժամանի ֆրանսիացի սիրված փոփ երգչուհի Զազը և իր առաջին համերգը կունենա այստեղ, իսկ հուլիսի 9-ին անգլիական «Լեդ Զեփելին» սիմֆոնիկը կներկայա իր հայաստանցի երկրպագուներին. ծրագրում՝ իրենց 25 լավագույն երգերը։
«Մենք նախատեսում ենք «Հայա» փառատոնի համար շատ գեղեցիկ բեմ ստեղծել, և դա ոչ միայն արտիստների ռայդերն է (պահանջներ)` լույսի, ձայնի, այլև մեր պահանջները։ Կարծում եմ` ով էլ գա Հայաստան, կդառնա փառատոնի մշտական հյուրը»,- վստահ է Հովհաննիսյանը։
Խոսելով արտիստների ռայդերից` նա շեշտեց, որ, օրինակ, 50 Cent-ի դեպքում դա կարելի է «հաստափոր գիրք» անվանել։

«Մի ամբողջ թիմ է աշխատում դրա վրա։ Ես, իհարկե, անձամբ չեմ կարդացել, բայց ասում են` ոչ մի քմահաճույք չկա, բայց կան հստակ պահանջներ, որոնք լուրջ աշխատանք են պահանջում։ Զազի դեպքում կան տեխնիկական և կենցաղային հստակ պահանջներ»,- ասաց փառատոնի հիմնադիրը։

Անդրադառնալով օրեր առաջ Հայաստանում մեծ համերգ ունեցած Գարուի պահանջներին, նա նշեց, որ երգիչը հստակ խմիչքների ցանկ էր պահանջել, որոնք կազմակերպիչների ընկերներն են բերել արտերկրից։
Փաստն այն է, որ բոլորն էլ ունեն նախասիրություններ, որոնք պետք է առանց քննարկման կատարել։
Նա վստահ է, որ այս արտիստներին ընդունեցուց հետո ավելի մեծ ճանապարհ կբացվի իրենց առջև և կկարողանան է՛լ ավելի արդյունավետ բանակցություններ ունենալ։
Հովհաննիսյանն անդրադարձավ նաև այն խոսակցություններին` թե արդյոք Հայաստանն այդքան գումար ունի՞ նման մեծության աստղերին հրավիրելու համար։
«Դրանք ոչ պրոֆեսիոնալ, սիրողական մակարդակի խոսակցություններ են, քանի որ գոյությունի ունի տոմսերի վաճառք, հովանավորների հետ աշխատանք, և այդ երկուսը միասին բոլոր ծախսերը փակում են»,- ասաց նա։
Երևանյան համերգը հարգանքի տուրք կլինի ռուսական մշակույթին. թավջութակահար Նարեկ Հախնազարյան
Իհարկե, կազմակերպիչը միշտ ռիսկի է դիմում։ Օրինակ` դասական համերգների դեպքում շատ անգամ է եղել, որ նրանք անձամբ են ֆինանսական ծախսերը հոգացել։
Դեռ վաղ է խոսել առաջին համերգի տոմսերի վաճառքի արդյունքների մասին, բայց Հովհաննիսյանը կարծում է, որ տոմսերը 20 օրում լիովին կսպառվեն, քանի օր օրական բազմաթիվ սոցցանցային հաղորդագրություններ են ստանում, ինչպես սփյուռքահայերից , այնպես էլ արտասահմանցիներից։
Ինչ վերաբերում է արտիստների հոնորարին, Հովհաննիսյանը շեշտեց, որ ինքն իրավունք չունի դա հրապարակելու, որպեսզի շահարկման առիթ չտա։
«Ես միայն կարող եմ ասել, որ տեխնիկական մասը` ձայնը, լույսը, բեմը ապահովելու համար անհրաժեշտ է ավելի քան 300 մլն դրամ»,- ասաց նա։
Ի դեպ, այս աշնանը Հայաստան են հրավիրել ու պատասխան են սպասում Սթինգից, Ջենիֆեր Լոպեսից, Էնրիկե Իգլեսիասից։ Առաջիկա օրերին նրանցից պատասխան կստանան։
Հովհաննիսյանի խոսքով` հաջորդ տարի մեկ այլ պլատֆորմ կընտրեն տուրիզմի զարգացման համար։ Դա կլինի քաղաքից դուրս մի տարածք, որտեղ մարդիկ կգան համերգի ու հնարավորություն կունենան նաև գիշերելու։

«Էլի կլինեն աշխարհահռչակ արտիստներ, ուղղակի համերգը կլինի Հայաստանի որևէ գեղատեսիլ վայրում, բացի այդ, համերգներ կլինեն նաև «Հրազդան» մարզադաշտում»,- ասաց Հովհաննիսյանը։

Նշենք, որ Սոնա Հովհաննիսյանն իր բանակցություններով Հայաստան է հրավիրել այնպիսի աշխարհահռչակ երաժիշտների, ինչպիսիք են համաշխարհային ջազի լեգենդ Ջորջ Բենսոնը, ամերիկացի ջազ-երգիչ, երաժիշտ, 7 «Գրեմմի» մրցանակների դափնեկիր Ալ Ջերոնը, բրիտանացի երգիչ Ջո Կոկերը, երգչուհի Լառա Ֆաբիանը և այլք։ Նրա ակտիվ մասնակցությամբ Երևանում կայացել է նաև աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի վերջին մենահամերգը։
Լրահոս
0