Фон для радио  - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ավտոմեքենաների գներն աճել են, մեքենա վաճառող քաղաքացիներն էլ օգտվում են առիթից․ մասնագետ

Ինչո՞վ է պայմանավորված ավտոմեքենաների թանկացումը, բացատրում է ոլորտի ներկայացուցիչը
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
«Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արտյոմ Պետրոսյանի հետ Sputnik Արմենիայի եթերում խոսել ենք ավտոշուկայում գնաճի տենդենցի մասին։
Ավտոմեքենաների շուկայում ընդհանուր առմամբ գների աճ է գրանցվել և՛ առաջնային, և՛ երկրորդային շուկաներում, իսկ դրանք տարանջատված չեն ու փոխազդում են իրար վրա։ Թանկացումների առաջին պատճառն այն է, որ աշխարհում, ու հատկապես ԱՄՆ-ում, բարձրացել են առաջնային շուկայի գները, իսկ երկրորդը՝ մեքենաները, որոնք բարձր գնով չեն ներմուծվել, միևնույնն է, օգտվելով տենդենցից, վաճառվում են ավելի թանկ։ Sputnik Արմենիայի եթերում ավտոշուկայում գրանցվող թանկացումների մասին խոսել է «Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արտյոմ Պետրոսյանը։
Պետրոսյանի խոսքով՝ քանի որ Հայաստանում երկրորդային շուկան շատ ավելի մեծ է, այն նաև այն ավելի մեծ ազդեցություն ունի մեր առօրյա կենցաղի և հայկական շուկայի գների վրա։ Պատճառներից առաջինն այն է, որ ԱՄՆ-ում գների աճը Հայաստանի վրա ուղիղ ազդեցություն ունի, որովհետև այն համարվում է ՀՀ ներմուծվող երկրորդային ավտոմեքենաների հիմնական շուկան։ Այսինքն, ըստ Պետրոսյանի, վերջին մինչև մեկ տարվա կտրվածքով օգտագործված ավտոմեքենաների գները 40-50 տոկոս բարձրացել են և, բնական է, երբ դրանք ներմուծվում են Հայաստան, բերվում են ավելի բարձր սկզբնական արժեքով, և, համապատասխանաբար, Հայաստանում էլ ընդհանուր գինն աճում է։
«Աշխարհում՝ մասնավորապես ԱՄՆ-ում, երկրորդային շուկայի մեքենաների պահանջարկն աճել է, որովհետև առաջնայինում լուրջ պակասուրդ կա և, բնականաբար, ամբողջ շղթան՝ արտադրողից մինչև երկրորդային սպառող այդ գործընթացի ազդեցության տակ է»,-բացատրեց Պետրոսյանը։
Մյուս կողմից էլ մարդիկ, ովքեր ցանկանում են իրենց օգտագործված մեքենան վաճառել, առկա գնաճի պայմաններում իրենց սկզբնական արժեքով գնած մեքենայի վրա ավելի թանկ գին են դնում, դա էլ հիմնականում պահանջարկ-առաջարկ տրամաբանության շրջանակներում է աշխատում․ պահանջարկը կա, գինը բարձր է։ Այնուամենայնիվ, ավտոշուկաներում առկա այն մեքենաները, որոնք տարիներով կանգնած են և չեն վաճառվում, միևնույնն է, Պետրոսյանի կարծիքով, թանկ գնով չեն վաճառվելու, որքան էլ համաշխարհային գներն աճեն։ Պայմանական 3000 ԱՄՆ դոլարով չվաճառվող մեքենան կասկածելի է, որ 5000-ով կվաճառվի։
Պետրոսյանը նշեց, որ ավտոշուկայում նկատելի են նաև սպեկուլյատիվ գործոնները, որովհետև այդ առումով շուկան չի կարգավորվում, և ազատ մրցակցային պայմաններ են գործում։
«Կարծում եմ՝ ինչ-որ շտկումներ շուկայում դեռ կլինեն, բայց ոչ համահարթ, այսինքն՝ ոչ բոլոր սեգմենտներում և ոչ բոլոր ավտոմեքենաների վրա։ Մասնավորապես, համեմատաբար նոր ավտոմեքենաները և թարմ ավտոմեքենաները կշարունակեն մնալ բարձր արժեքով, իսկ այն ավտոմեքենաները, որոնք այսպես թե այնպես խնդիր ունեն, հին են կամ տեխնիկական վիճակն այնքան էլ լավը չի, դրանց ընդհանուր գները կիջնեն։ Համոզված եմ՝ ավտոշուկայի տարբեր սեգմենտներում գնային տատանումներ կտեսնենք, ընդ որում երկու ուղղությամբ էլ՝ մի սեգմենտում կտեսնենք մեքենաների թանկացում, մյուսում՝ էժանացում»,- ասաց Պետրոսյանը։
Պարենի համաշխարհային գները բարձրացել են. ի՞նչ ցուցանիշներ են գրանցվել
Նշենք, որ այժմ ավտոշուկայում առկա խնդիրները ոչ միայն ավտոմեքենաների գներին են առնչվում, այլ նաև՝ ավտոապահեստամասերին։ Դրանց մի մասը թանկացել է, մյուս մասի առումով ընդհանրապես պակասուրդ է նկատվում։ Հայաստանում ավտոպահեստամասերի խնդիրը հիմնականում կապված է արևմտյան երկրների՝ ՌԴ դեմ սահմանած պատժամիջոցներով։ Պարզվում է՝ պատժամիջոցների պատճառով Ռուսաստանում ավտոմասերի գները 100%-ով բարձրացել են, ինչ-որ մասեր էլ ընդհանրապես չկան շուկայում, իսկ Հայաստանը հիմնականում հենց Ռուսաստանից էր պատվիրում դրանք։
Լրահոս
0