Տպավորություն է, թե ոստիկանությունը դեմ է խաղաղ հավաքների մասնակիցներին. զեկույց

© Sputnik / Asatur YesayantsՈստիկանները բերման են ենթարկում քաղաքացուն
Ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացուն - Sputnik Արմենիա, 1920, 14.05.2022
Ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացուն
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ավետիք Իշխանյանը հուսով է, որ միջազգային կառույցներն ամենախիստ ձևով կարձագանքեն վերջին շրջանում տեղի ունեցած իրավախախտումներին։
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Հայաստանում տեղի ունեցող խաղաղ հավաքներում ոչ միայն իրավապահների ու հավաքի մասնակիցների ուժերի հավասարության միջազգային սկզբունքը չի պահպանվում, այլև խաղաղ հավաքների մասնակիցներին ահաբեկում են դիպուկահարներով ու այլ միջոցներով։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը` ներկայացնելով վերջին օրերի բողոքի ակցիաների ընթացքում ուժային կառույցների գործողությունների մասին զեկույցը։

«Հավաքի մասնակիցներին բերման ենթարկելը հաճախ ուղեկցվում է անհամաչափ ուժի կիրառմամբ և բռնություններով։ Ես նույնիսկ կասեի` ոչ միայն անհամաչափ, այլև անհիմն, որովհետև անհամաչափ նշանակում է, որ հիմքեր կային բերման ենթարկելու, բայց ուժը կիրառվել է անհամաչափ։ Բայց շատ հաճախ մենք դիտարկում ենք հենց անհիմն ուժի կիրառում»,– ասաց Իշխանյանը` հիշեցնելով մայիսի 2-ին Սայաթ–Նովայի փողոցում տեղի ունեցած դեպքը, երբ բերման ենթարկողը բռունցքներով հարվածներ էր հասցրել ցուցարարի դեմքին ու գլխին` կրելով կոշտ ձեռնոցներ։

Մայիսի 10-ին էլ, ըստ զեկույցի, Ռուբինյանց և Պարույր Սևակի փողոցների խաչմերուկում ոստիկանները կոպիտ ուժ են կիրառել փողոցը փակած կին ցուցարարների նկատմամբ։
«Նույն հավաքի ժամանակ լրատվամիջոցներից մեկի կողմից արձանագրվել է, թե ինչպես է բերման ենթարկողը թքում բերման ենթարկվող ցուցարարի վրա»,– ասաց Իշխանյանը` հավելելով, որ ոստիկանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն։
Զեկույցում արձանագրված են նաև սահմանափակ կարողություններով քաղաքացիների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառման դեպքեր։
Իշխանյանը նաև շեշտեց, որ ոստիկանության գործողություններից տուժել են նաև հավաքները լուսաբանող լրագրողները։
«Այնպիսի տպավորություն է, որ ոստիկանությունը խաղաղ հավաքների ժամանակ հավաքի մասնակիցների դեմ է։ Իրականում ոստիկանության պարտականությունն է պաշտպանել խաղաղ հավաքը»,– հիշեցրեց Իշխանյանը։
Նա ակցիաների կազմակերպիչներին առաջարկեց ունենալ հատուկ թևկապներով կարգադրիչներ, քանի որ կազմակերպիչները շատ հաճախ չեն հասցնում հսկել իրավիճակն ու անհրաժեշտության դեպքում հրահանգներ տալ ակցիայի մասնակիցներին։
Իրավապաշտպանն անդրադարձավ նաև հավաքների օրերին արձանագրված մի շարք աղմկահարույց դեպքերի, մասնավորապես` հավաքի մասնակիցների կողմից «Անտարես» մեդիահոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանի վրա պլաստիկ շշեր նետելու, ինչպես նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մոր` ցուցարարներին հայհոյելու ու պատշգամբից նրանց վրա թքելու դեպքերին։ Իշխանյանը փաստեց, որ առաջին դեպքով հարուցվել է քրեական գործ, մինչդեռ երկրորդ դեպքում կնոջ արարքն արդարացվել է նրանով, որ հավաքի մասնակիցները հայհոյել են նրա ընտանիքի անդամներին։
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի զեկույցը հիմնված է ապրիլ–մայիս ամիսներին ՀՀ–ում տեղի ունեցած 80 հավաքների, ինչպես նաև մամուլում դրանց լուսաբանումների մշտադիտարկումների վրա։
Այդուհանդերձ, պատասխանելով լրագրողների հարցերին, Ավետիք Իշխանյանը համոզմունք հայտնեց, որ զեկույցը ՀՀ իշխանության վրա որևէ ազդեցություն չի թողնելու, քանի որ նրանք վաղուց հեռացել են ամենատարրական ժողովրդավարական ու իրավական հասկացություններից։
«Հայաստանում գործում է մեկ մարդու կամք, և բոլոր իրավապահ մարմինները ենթարկվում են այդ մեկ մարդու կամքին։ Ես համոզված եմ, որ որևէ մեկը չի համարձակվի նրան որևէ բան առաջարկել։ Ուղղակի աշխատանքից կազատի ու քրեական գործ կհարուցի նրա հանդեպ։ Սա մեր իրականությունն է»,– ասաց Իշխանյանը։
Նա նաև հայտնեց, որ զեկույցն ուղղված է ՀՀ հասարակությանն ու միջազգային իրավապաշտպան կառույցներին։ Այն նաև ներկայացվելու է ՀՀ–ում գործող դիվանագիտական ներկայացուցչություններին։ Իշխանյանը հուսով է, որ միջազգային կառույցներն ամենախիստ ձևով կարձագանքեն վերջին շրջանում տեղի ունեցած իրավախախտումներին։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։
Լրահոս
0