Ո՞ւր են փաստաթղթերը. Աղվան Հովսեփյանը պահանջում է վերադարձնել նկարների հավաքածուն

© Sputnik / Asatur YesayantsԱղվան Հովսեփյան
Աղվան Հովսեփյան - Sputnik Արմենիա, 1920, 16.05.2022
Աղվան Հովսեփյան
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Նախկին գլխավոր դատախազի պաշտպանները հայտարարեցին, որ քրեական գործի` իրենց տրամադրված տարբերակում հարյուրավոր թղթեր են բացակայում։
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նախաքննական մարմնից պահանջում է վերադարձնել նախաքննության ընթացքում իրենից առգրաված նկարների հավաքածուն կամ ներկայացնել դրանց փորձաքննության եզրակացությունը։ Նախկին պաշտոնյան այս մասին հայտարարեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական նիստում։

«Ես տանն ունեմ նկարների հավաքածու։ Այդ նկարների հավաքածուն իմ բնակարանից առգրավել են։ Նշանակվել է փորձաքննություն։ Որոշմանը ինձ ծանոթացրել են` փորձաքննություն նշանակելու։ Ո՞ւր է այդ փորձաքննության եզրակացությունը, ո՞ւր են նկարների առգրավման հետ կապված փաստաթղթերը։ Միգուցե մենք դատարանում պետք է քննարկենք այդ նկարները վերադարձնելու հարցը։ Ես հիմնավորեմ, որ դրանք օրինական ճանապարհով են ձեռք բերված»,- ասաց Հովսեփյանը։

Նախկին դատախազը նաև հայտարարեց, որ հավաքածուի առգրավման ու փորձաքննության փաստաթղթերից բացի, քրեական գործից բազմաթիվ այլ փաստաթղթեր նույնպես բացակայում են։
«Բազում մարդկանց կանչել, հարցաքննել են, էդ մարդիկ ցուցմունք են տվել Աղվան Հովսեփյանի օգտին։ Քրեական գործում այդ նյութերը չկան»,- ասաց Հովսեփյանը` նշելով, որ քրեական գործի բազմաթիվ նյութեր նախաքննական մարմինն ուղղակի թաքցրել է, քանի որ քննությունն իրականացվել է ոչ թե ինչ-ինչ դեպքերի բացահայտման, այլ բացառապես իր անձի դեմ ինչ-ինչ ապացույցներ ձեռք բերելու համար։
Նախկին գլխավոր դատախազի պաշտպանները ևս հայտարարեցին, որ քրեական գործի` իրենց տրամադրված տարբերակում հարյուրավոր թղթեր են բացակայում։ Ուստի դատարանին միջնորդություն ներկայացրին իրենց տրամադրել քրեական գործի նյութերի ամբողջ ծավալը, որպեսզի ապահովվի ամբողջական ու բազմակողմանի պաշտպանություն։
Մեղադրող դատախազը հիշեցրեց, որ քրեական գործից այս պահին դատարան է ներկայացվել միայն դրանից անջատված մասը, հետևաբար, նախաքննական մարմինը հիշատակված բացակայող ապացույցները համարել է քննվող այլ հանցադեպին վերաբերող և չի ընդգրկել այս գործի նյութերում։
Միջնորդություններից հետո դատական նիստը հետաձգվեց, քանի որ ժամը 15։30-ին Աղվան Հովսեփյանը պետք է բժշկական հետազոտություն անցներ։ Դատական հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 24-ին` ժամը 11։30-ին։
Մի՛ փորձեք Հովսեփյանին բռնացնել. նախկին դատախազը մեղադրողին խորհուրդ տվեց գրադարան գնալ
Հիշեցնենք` քննվող քրեական գործով Աղվան Հովսեփյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը՝ զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հակառակ օրենքով նախատեսված արգելքին, 2007-2015թթ. ընթացքում իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Արշավիր Սարգսյանի հետ հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություններ, որոնք ղեկավարել է անձամբ և իր որդիների միջոցով։ Իսկ ապօրինի ձեռնարկատիրության արդյունքում ստացած խոշոր եկամուտն օրինականացրել է:
Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը
Բացի այդ, Աղվան Հովսեփյանը 2010 թվականի հոկտեմբերին, իր պաշտոնի հեղինակությամբ ազդեցություն գործադրելով Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի ղեկավար Հրաչյա Ավագյանի նկատմամբ, նրան դրդել է չարաշահել պաշտոնեական լիազորությունը, որի արդյունքում ստացված խոշոր չափերով գույքը ևս օրինականացրել է:
Մեղադրական եզրակացության մեկ այլ դրվագով Աղվան Հովսեփյանը Վարշամ Ղարիբյանի օգտին հովանավորչության համար նրանից պահանջել և 2011 թվականի փետրվարի 14-ին ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, որը ևս օրինականացրել է:
2017 թվականի ապրիլի 10-ին էլ իր հետ մտերիմ Վրեժ Մարկոսյանին համոզել է վատնել նրան վստահված 3 հեկտար մակերեսով, 672 400 000 ՀՀ դրամ արժողությամբ հողամասը։
Նշենք, որ Աղվան Վարդանյանը կալանավորվել է 2021 թվականի սեպտեմբերին։ Վերաքննիչ քրեական դատարանը հոկտեմբերի 4-ին մերժել է նրա կալանքը վերացնելու միջնորդությունը։ Նոյեմբերի 2-ին Աղվան Հովսեփյանի կալանավորումը երկարացվել է ևս երկու ամսով։
Լրահոս
0