Հայաստանը՝ կատարյալ անորոշության մթնոլորտում. հարցեր, որոնք հստակ պատասխան չունեն

© Sputnik / Aram NersesyanԲողոքի ակցիաներ Երևանում
Բողոքի ակցիաներ Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2022
Բողոքի ակցիաներ Երևանում
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Եկեք անկեղծ լինենք։ Եթե փորձենք գնահատել ներկա ժամանակաշրջանը, կարող ենք ամեն ինչ բնորոշել ընդամենը երկու բառով՝ կատարյալ անորոշություն։ Ընդ որում, հարցականները շատ-շատ են։
Օրինակ` էդպես էլ պարզ չէ, թե ինչպիսի շարունակություն են ունենալու ամենօրյա բողոքի գործողությունները, քանզի ակնհայտ է, որ հնարավոր չէ անվերջ փողոց փակել, հանրահավաքներ ու երթեր անցկացնել։ Վաղ թե ուշ ծագելու է պարզ հարցը՝ բա հետո՞։
Էդպես էլ չիմացանք, թե քանի մարդ է հավաքվում Ֆրանսիայի հրապարակում, այնինչ, այդ հարցը ոմանք համաշխարհային նշանակության խնդիր են դարձրել։ Ցույցերի կազմակերպիչները պնդում են, թե դիմադրության շարժումը համատարած բնույթ է կրում, մինչդեռ իշխանության կողմնակիցները տարբեր ձևերով հեգնում են անհնազանդության գործողությունների սակավամարդությունը՝ ներկայացնելով այնպիսի ծիծաղելի թվեր, որոնք ակնհայտորեն չեն համապատասխանում իրականությանը։ Բոլորը մոռանում են, որ Վրաստանում «վարդերի հեղափոխությունը» իրականացրին ընդամենը մի քանի հազար ցուցարարներ։ Այդքան էլ չկար։
Հայաստանը՝ կատարյալ անորոշության մթնոլորտում. հարցեր, որոնք հստակ պատասխան չունեն
Ընդդիմադիր շարժման գլխավոր թեման Արցախն է, այնինչ, էդպես էլ չիմացանք, թե ինչպիսին է Հայաստանի դիրքորոշումը Արցախի հարցում։ «Նշաձողի իջեցումը» մնաց որպես խորհրդավոր արտահայտություն, որի տակ ինչ ուզում ես կարող ես հասկանալ։ Ու տարօրինակ իրավիճակ է ստեղծվում. հազարավոր մարդիկ բողոքում են՝ ղեկավարվելով ընդամենը այն ենթադրությունով, որ Հայաստանի իշխանություններն Արցախը տեսնում են Ադրբեջանի կազմում։ Այնինչ, իշխանությունները պատասխանում են քար լռությամբ։ Համաձայնե՛ք, անսովոր պատկեր է։
Սրա հետ կապված։ Էդպես էլ չիմացանք, թե ինչպես է հաղթահարվելու այն ակնհայտ տարբերությունը, որը գոյություն ունի Երևանի և Ստեփանակերտի դիրքորոշումների միջև։ Հայաստանցի տարբեր պաշտոնյաներ անընդհատ կրկնում ու կրկնում են վարչապետի բավական անհասկանալի ձևակերպումը՝ «մենք պատրաստվում ենք բխեցնել կարգավիճակը մարդկանց իրավունքներից, ոչ թե հակառակից գալ»։ Մինչդեռ Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը ղարաբաղցիների դիրքորոշումն այսպես է ներկայացնում. «Նշաձողեր այլևս չունենք, ունենք կարմիր գծեր։ Իսկ կարմիր գիծն այն է, որ մենք չենք լինելու Ադրբեջանի կազմում։ Սա միանշանակ է»։
Էլի մի անորոշություն։ Էդպես էլ չիմացանք՝ Մինսկի խումբ կա՞, թե՞ այլևս գոյություն չունի։ Լսեք Իլհամ Ալիևին։ Ոչ մի Մինսկի խումբ չկա այն պարզ պատճառով, որ Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի։ Հիմա լսեք հայաստանյան կողմին։ Մինսկի խումբը ոչ միայն պահպանվել է, այլև մենք շարունակում ենք շատ որոշակի հույսեր կապել այդ կառույցի միջնորդական ջանքերի հետ։ Համաձայնե՛ք, չափազանց դժվար է որևէ բանակցություն սկսել այն դեպքում, երբ բացակայում է համաձայնությունը նույնիսկ միջնորդների հարցում։
Բայց եթե բանակցությունները սահմանազատման շուրջ այնուամենայնիվ սկսվեն, էլի պարզ չէ՝ ո՞ր քարտեզների հիման վրա պիտի ճշտվի երկու երկրների միջև սահմանը։ Ու ընդհանրապես՝ արդյոք քարտեզներո՞վ է որոշվում սահմանը, թե՞ բանակցություններով։ Հայաստանցի որոշ քարտեզագիրներ, օրինակ, այսպիսի տեսակետ ունեն։ Վարչական օրենքը ոչ մի կապ չունի պետական սահմանի հետ։ Հայ-ադրբեջանական սահմանը ոչ թե տվյալ բնակավայրի վարչական սահմաններով, այլ բանակցություններով պիտի հստակեցվի։ Այսինքն` քաղաքական առումով պիտի որոշվի, թե կոնկրետ ո՞ր սարի գագաթով, ո՞ր գետով ու ձորով կանցնի սահմանը։
Հենց սահմանների հետ է առնչվում ևս մի անորոշ հարց՝ ինչպիսին է հիմա Հայաստանի զինված ուժերի վիճակը։Կարո՞ղ եք գոնե մոտավորապես պատասխանել այդ հարցին։ Ունա՞կ են մեր զինվորականներն առնվազն պաշտպանել Հայաստանի արևելյան սահմանները։ Եվ արդյոք մենք բավարար ռեսուրս ունե՞նք բանակի մարտունակությունն էապես բարձրացնելու համար։ Չէ՞ որ հենց դրանից է մեծապես կախված առաջիկա բանակցությունների արդյունավետությունը։
Այդպես էլ անորոշ մնաց, թե ով կամ ովքեր են մեղավոր 2020 թվականի ցավալի պարտության համար։ Շատերը համոզված են, որ ճշմարտությունն ի վերջո չի բացահայտվի, որովհետև արդեն ակնհայտ է՝ պատասխանատուները հակված են մեղքը միմյանց վրա բարդելուն։ Համենայնդեպս, շատ քչերն են հավատում, որ համապարփակ, սկզբունքային ու անաչառ եզրակացություն կներկայացնի խորհրդարանական հանձնաժողովը։ Եթե ընդհանրապես որևէ եզրակացություն ներկայացվի։
Սովորաբար մենք այնքան ենք խրված ներկա խնդիրների մեջ, որ նույնիսկ չենք մտածում գոնե մոտ ապագայի մասին։ Իսկ առջևում նույնպես անորոշություն է, ընդ որում, շատ տագնապալի անորոշություն։ Իսկ ի՞նչ կլինի, եթե ռուսաստանցի խաղաղապահները թողնեն ու գնան։ Ի՞նչ են անելու արցախցիները, որոնց անվտանգության միակ երաշխիքը հիմա միայն խաղաղապահներն են։ Գոնե քննարկե՞լ ենք այդ հարցը։
Եվ վերջապես՝ արդյոք այս նոր շարժման մասնակիցներին կհաջողվի հասնել այն նույն արդյունքին, որին ժամանակին հասան ներկա իշխանությունները։ Բայց ամենահետաքրքիր հարցը՝ իսկ ի՞նչ է լինելու, եթե իշխանափոխությունը իրականություն դառնա։
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2022
Փաշինյանն ու Ալիևը կհանդիպե՞ն մայիսի 23-ին
Լրահոս
0