Սահմանին հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները

© Sputnik / Asatur YesayantsՄհեր Գրիգորյան
Մհեր Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 24.05.2022
Մհեր Գրիգորյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Կողմերը պայմանավորվել են երկրորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում, երրորդը՝ Բրյուսելում։
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը` հավելելով, որ հանդիպումը կայացել է երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում և համապատասխան հանձնարարականների հիման վրա։
Տեղեկացվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։
«Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը` հանձնաժողովների շրջանակներում աշխատանքներ տանելու սահմանազատման և այլ համապատասխան հարցերի, այդ թվում՝ սահմանային անվտանգության ապահովման հարցերի շուրջ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Քննարկվել են հանձնաժողովների համատեղ գործունեության կազմակերպչական և ընթացակարգային հարցեր։
Միջպետական սահմանին հանդիպումների հետ մեկտեղ՝ կողմերը համաձայնության են եկել hանձնաժողովների հետագա հանդիպումների անցկացման համար տարբեր հարթակներ օգտագործելու նպատակահարմարության շուրջ։
Մասնավորապես՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում, երրորդը՝ Բրյուսելում։
Հիշեցնենք` մայիսի 22-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Համատեղ քննարկման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանն ուղղված աշխատանքների հետագա ընթացքի, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել եռակողմ հանդիպումները` նախատեսելով նմանատիպ հանդիպում անցկացնել հուլիսին կամ օգոստոսին: Քննարկվել է նաև կողմերի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը։ Այս համատեքստում Միշելն ընդգծել է, որ կարևոր է՝ գործընթացի ընթացքում քննարկվեն Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքները։
Լրահոս
0