Երեք պատերազմների մասնակից Արայիկ Մուրադյանին ծեծելու դեպքով հաղորդում է ներկայացվել ԱԱԾ

© Sputnik / Andranik GhazaryanԱԱԾ
ԱԱԾ - Sputnik Արմենիա, 1920, 27.05.2022
ԱԱԾ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պահեստազորի սպաները պահանջում են օրենքի ողջ ուժով պատժել պահեստազորի գնդապետին հարվածներ հասցրած ոստիկանության մայորին։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Պահեստազորի մի խումբ սպաներ հավաքվել են ԱԱԾ շենքի դիմաց և պահանջում են գործողություններ ձեռնարկել պահեստազորի գնդապետ, արցախյան երեք պատերազմների մասնակից Արայիկ Մուրադյանի դեմ բռնի գործողություններ իրականացրած ոստիկանության մայոր Միքայել Այվազյանի նկատմամբ։
Նրանք հաղորդում են ներկայացրել քրեական օրենսգրքի 308 (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309 (պաշտոնեական լիազորություններն անցնելը) և 137 (առողջությանը ծանր վնաս պատճառելը) հոդվածներով, սակայն քրեական գործ դեռ չի հարուցվել։
Ներկաների մեջ է նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Նրա խոսքով` ԱԱԾ–ն ուղղակի աչք է փակում կատարվածի վրա։

«Պաշտոնաթող բարձրաստիճան գեներալները, զինվորականները, իրավապահ համակարգի վետերանները հայտարարություն են անում, որ կարմիր բերետավորները բռնություն են գործադրել պաշտոնաթող գնդապետի նկատմամբ , երկու շաբաթ է անցել, բերանները ջուր են առել, կանգնել են»,– ասաց Մանուկյանը` ընդգծելով, որ պետք է հարգել նրանց։

Հիշեցնենք, որ մայիսի 17-ի առավոտյան Երևան քաղաքի Պուշկինի փողոցում ոստիկանության մի խումբ ծառայողներ, առանց որևէ հիմնավոր պատճառաբանության, բռնություն են կիրառել մայթով քայլող պահեստազորի գնդապետ Արայիկ Մուրադյանի նկատմամբ, որը հորդորել է բերման չենթարկել զոհվածի հորը։ Ոստիկանները բռունցքներով նախ հարվածել են Արայիկ Մուրադյանի մարմնի տարբեր մասերին, գցել գետնին, հետո ոտքերով շարունակել երկար ժամանակ հարվածներ հասցնել, ապա բերման ենթարկել։ Գնդապետը մի շարք վնասվածքներ է ստացել։
Ավելի վաղ «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպությունը հայտարարություն էր տարածել՝ ի պաշտպանություն Մուրադյանի, որի տակ ստորագրած պահեստազորի գեներալների շարքում կան նաև ԳՇ նախկին պետ, պահեստազորի գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի, նախկին ՊՆ նախարար, ԱԺ պատգամավոր, պահեստազորի գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի, ԳՇ նախկին պետի տեղակալ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի անունները։
Լրահոս
0