Աղվան Հովսեփյանի պաշտպանը դիմել է Վերաքննիչ քրեական դատարանի նախագահին

© Sputnik / Aram Nersesyan / Աղվան Հովսեփյան
Աղվան Հովսեփյան - Sputnik Արմենիա, 1920, 30.05.2022
Աղվան Հովսեփյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երեմ Սարգսյանը ցանկանում է պարզել, թե ինչու Հովսեփյանի պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքը մայիսի 20-ին մակագրվել է մի դատավորի, այնուհետև` մեկ այլ։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի փաստաբան Երեմ Սարգսյանը դիմում է ուղարկել Քրեական վերաքննիչ դատարանի նախագահ Տիգրան Սահակյանին։ Այս մասին նա հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում` հրապարակելով դիմումը։
Փաստաբանը Սահակյանին ներկայացրած դիմումի միջոցով ցանկանում է պարզել, թե ինչու է «Դատալեքս» տեղեկատվական համակարգից ջնջվել այն տեղեկությունը, որով գործերի բաշխման հատուկ համակարգչային ծրագրով Աղվան Հովսեփյանի պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքը մայիսի 20-ին մակագրվել էր դատավոր Արշակ Վարդանյանին։

«Քրեական գործն անհասկանալի պատճառներով վերցվել է Արշակ Վարդանյանից և Ձեր կողմից մայիսի 23-ին ձեռքով մակագրվել է նույն դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանին։ Խնդրում եմ տրամադրել համապատասխան ապացույց, որ նշված գործը դատավոր Ռուբիկ Մխիթարյանին մակագրելիս պահպանվել է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգը (մակագրությունը կատարվել է ըստ դատավորների ազգանունների այբբենական հերթականության),– դիմումում նշել է Երեմ Սարգսյանը։

«Ֆեյսբուքում» Սարգսյանը նաև գրառում է կատարել. «Աղվան Հովսեփյանին ապօրինի կալանքի տակ պահելու ցանկությունն այնքան մեծ է, որ վերաքննիչ բողոքի քննությունը ցանկալի դատավորին հանձնելու համար իրավասու պաշտոնյանները պատրաստ են ցանկացած ապօրինության։ Սպասենք պատասխանին»,– նշել է պաշտպանը։
Աղվան Հովսեփյանի կալանավորումն անփոփոխ թողնելու որոշման դեմ բողոքը պաշտպանները ներկայացրել են մայիսի 20-ին. միջնորդել են Հովսեփյանի նկատմամբ ընտրված փախանման միջոց կալանավորումը փոխարինել գրավով։
Հիշեցնենք` ՀՀ հատուկ քննչական ծառայությունը 2021 թվականի սեպտեմբերի 7-ին հայտնել է, որ Աղվան Հովսեփյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով` 190 մլն դրամ կաշառք ստանալու և խարդախության եղանակով 800 մլն դրամ գույքի հափշտակություն կատարելու համար:
Նա մեղադրվում է նաև հանցավոր ճանապարհով ստացված 1 միլիարդ 299 միլիոն դրամի գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար: Ավելի ուշ ՀՔԾ-ն Հովսեփյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել։
Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը), 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը` փողերի լվացումը):
Հովսեփյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Լրահոս
0