8 անձ ձերբակալվել է կառավարական թիվ 3 շենքի մոտ անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով

© Sputnik / Aram NersesyanԲողոքի ակցիա կառավարական 3–րդ շենքի մոտ
Բողոքի ակցիա կառավարական 3–րդ շենքի մոտ - Sputnik Արմենիա, 1920, 31.05.2022
Բողոքի ակցիա կառավարական 3–րդ շենքի մոտ
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Քննչական կոմիտեն հաղորդում է, որ զանգվածային անկարգությունների ընթացքում մեկ տասնյակից ավելի ոստիկաններ ստացել են մարմնական վնասվածքներ։
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Երևանի կառավարական տուն 3 վարչական շենքի դիմաց զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու դեպքի առթիվ։ Ինչպես հայտնում են քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, այս պահի դրությամբ կա ձերբակալված ութ անձ:
«Մայիսի 30-ին ընդդիմադիր «Դիմադրություն» շարժման կազմակերպիչները Երևանի Ֆրանսիայի հրապարակում կազմակերպել են հերթական հավաքը, որի ընթացքում նրանց որոշմամբ և ուղղորդմամբ մասնակիցները շարժվել և հասել են վերը նշված հասցեում գտնվող նախարարություններ՝ պարզելու նախարարների դիրքորոշումը՝ Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու հարցի վերաբերյալ»,- հիշեցնում են գերատեսչությունից:
Նույն աղբյուրը ծանուցում է, որ կառավարական տան դիմաց ընդդիմադիր պատգամավորները փորձել են մուտք գործել մասնաշենք, որտեղ հասարակական կարգի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողներից տեղեկացել են, որ նախարարները տվյալ պահին չեն կարող ընդունել իրենց: Հավաքի կազմակերպիչները կոչ են արել ճեղքել ոստիկանական պատը և ներխուժել մասնաշենք։

«Չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, մասնակիցները սկսել են զանգվածային անկարգություններ՝ հրել ու հարվածներ են հասցրել ոստիկաններին։ Ապա ճեղքել են պատնեշը, առաջացել, կոտրել մասնաշենքի դռներն ու ապակիները, մուտք գործել շենքի նախասրահ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հետո հավաքի կազմակերպիչները հայտարարել են, թե հեռանում են նշված վայրից և շարունակում երթը: «Այդ կերպ շեղելով ոստիկանության ծառայողների ուշադրությունը և հասնելով մետրոյի Հանրապետության Հրապարակ կայարանի մոտ` հավաքի կազմակերպիչների ուղղորդմամբ, զանգվածային անկարգությունների մասնակիցները, խմբերով, տարբեր ուղղություններով վազել և կրկին առաջացել են դեպի կառավարական 3-րդ տուն, և չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, փորձել են կրկին մուտք գործել նախարարություններ։ Սակայն հանդիպելով ոստիկանական պատնեշին, քաշքշելով, հրելով ու հարվածելով` նրանց նկատմամբ կրկին բռնություն են գործադրել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Այնուհետ ասվում է, որ զանգվածային անկարգության մասնակիցների գործողությունները երկու դեպքում էլ կասեցվել և խափանվել են այնտեղ ժամանած ոստիկանության լրացուցիչ ուժերի միջամտության արդյունքում, որի ընթացքում մեկ տասնյակից ավելի ոստիկաններ ստացել են մարմնական վնասվածքներ՝ աջ բազկի ստորին երրորդականի կտրած-պատռած վերքի, գանգուղեղային, կրծքավանդակի, կրծոսկրի սալջարդի, որովայնի, աջ ազդրի հետին մասի վնասվածքների և այլնի ձևերով:
Դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով:
Նախաքննությունը շարունակվում է:
Մայիսի 30-ին «Դիմադրություն» արժման անդամ Իշխան Սաղաթելյանը տեղեկացրել է, որ այցելելու են պետական գիտական, կրթական տարբեր հաստատություններ` ներկայացնելու հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին իրենց հայտարարության տեքստը և իմանալու նախարարների ու պաշտոնյաների վերաբերմունքը դրան։
Նույն օրը կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ «Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիայի ժամանակ ցուցարարների ու ոստիկանների միջև 2 անգամ բախում և հրմշտոց եղավ։ Ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
Մայիսի 25-ին հայտնի դարձավ, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները, հանդես են եկել արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ։ Նրանք առաջարկում են, որ ԱԺ-ն հայտարարությամբ հանդես գա, որում, ի թիվս այլ դրույթների, նշվի, որ Արցախը երբեք չի եղել ու չի լինելու Ադրբեջանի կազմում։
Լրահոս
0