Фон для радио  - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

«Քոչարյանի հայտարարությունը մանիպուլյատիվ բնույթ է կրում». Օսկանյանին վտանգ չի՞ սպառնում

Մելոյան. Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը կրում է մանիպուլյատիվ բնույթ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իրավագետ Գոհար Մելոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ ԱԺ պատգամավոր, պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը` կապված 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի լսումներին չներկայանալու հետ։
Անդրանիկ Քոչարյանի խոսքն ավելի շուտ պետք է որակել որպես սպառնալիք, քան իրավական հարթության մեջ գտնվող հարց, որովհետև «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը նախատեսում է իմպերատիվ պահանջ միայն գործող պաշտոնատար անձանց համար, իսկ այլ անձանց պարագայում պարտադիր պահանջն առկա չէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպիսի դիտարկում արեց Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, իրավագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ պատգամավոր, պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը։
Նշենք, որ 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը լսումներին մասնակցելու նպատակով օրեր առաջ հրավեր է ուղարկել Վարդան Օսկանյանին, սակայն նախկին պաշտոնյան հայտարարել է, որ չի պատրաստվում ներկայանալ լսումներին։
Անդրանիկ Քոչարյանն այսօր հայտարարել է, որ ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի լսումներին չներկայանալը լուրջ հետևանքներ կունենա։

«Մեր օրենսդրությամբ` մասնավորապես Քրեական օրենսգրքով, նախատեսված չէ պատասխանատվություն հանձնաժողով հրավիրվելու դեպքում նիստին չներկայանալու համար։ Արդեն իսկ կա պրակտիկ նախադեպ, երբ Յուրի Խաչատուրովը հրաժարվեց ներկայանալ 2016 թվականի ապրիլյան քառօրյայի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին, ինչը որևէ իրավական հետևանք չունեցավ, որովհետև նման բան օերնքով նախատեսված չէ»,- մանրամասնեց Մելոյանը։

Քննիչ հանձնաժողովների ձևավորումը նախատեսում է մի շարք իրադարձությունների վերաբերյալ քննության իրականացում, բայց եթե հանձնաժողովը փորձում է որևէ բնագավառ ուսումնասիրել, որի վերաբերյալ կան հարուցված քրեական գործեր և իրականացվում են վարույթներ, ապա սահմանափակվում է դրանով և իրավասու չէ պաշտոնատար անձանցից տեղեկություններ, նյութեր ստանալ կամ հրավիրել հարցաքննության, ուստի տվյալ պարագայում Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունն, ըստ Մելոյանի, կրում է մանիպուլյատիվ բնույթ։

«Եթե հատկապես պատերազմների որոշ կամ ամբողջական դրվագներն ուսումնասիրելու պարագայում անհրաժեշտ փաստական հանգամանքներ կան` որևէ ներկա, նախկին պաշտոնյայի կամ շարքային քաղաքացու հրավիրելու և հանգամանքներ պարզելու նպատակով, ապա իրավապահ մարմիններն ունեն օրենսդրությամբ նախատեսված բոլոր լիազորությունները, գործիքակազմը և կարող են անհրաժեշտության դեպքում հարուցել գործեր և դրանց շրջանակներում հարցաքննել մարդկանց, ստանալ պարզաբանումներ»,- ասաց իրավագետը։

Մելոյանի խոսքով` եթե Անդրանիկ Քոչարյանի վկայակոչած խնդրի առթիվ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում կատարվեն փոփոխություններ, ապա դրանք կունենան հակասահմանադրական բնույթ, քանի որ Սահմանադրությամբ արդեն իսկ սահմանված են ԱԺ-ի և իրավապահ մարմինների լիազորությունների շրջանակները։
Օսկանյանը 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով չի գնա, նախկին պաշտոնյան բացատրել է` ինչու
Հիշեցնենք` 2022 թ-ի փետրվարի 10-ին ստեղծված 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մայիսի 25-ին հայտարարել է, որ հանձնաժողովի աշխատանքի ընթացքում արդեն 10 000-ից ավելի փաստաթղթերի հետ են առնչվել և հրավիրյալների փուլը չեն սկսել։
Ավելի ուշ մամուլում լուրեր հայտնվեցին, որ հունիսին հանձնաժողովը նախատեսում է նիստի հրավիրել 6-8 նախկին պաշտոնյաների, այդ թվում` նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին ու նախկին փոխնախարար Ժիրայր Լիպարիտյանին:
Լրահոս
0