Կապալառուն գնաց, ճաքերը մնացին. երբ ու ինչ փողերով կավարտվի Հյուսիս–հարավի շինարարությունը

© Sputnik / Aram NersesyanՀյուսիս–հարավ ճանապարհ
Հյուսիս–հարավ ճանապարհ - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2022
Հյուսիս–հարավ ճանապարհ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հյուսիս–հարավ ավտոճանապարհի` արդեն կառուցված ու կիսավարտ մնացած 5-6 տոկոսանոց հատվածի շինարարության վրա Հայաստանն արդեն 260 մլն դոլար է ծախսել։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik, Նելլի Դանիելյան. Հյուսիս–հարավ ավտոճանապարհի շինարարության մեկնարկը Հայաստանում տրվեց 2009 թ-ին, երբ Ասիական զարգացման բանկի հետ կնքվեց վարկային առաջին համաձայնագիրը։ 13 տարի անց` 2022թ–ի հունիսի 1-ին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարեց` մինչև օրս կառուցվել է Հյուսիս–հարավի ընդամենը 5-6 տոկոսը։
Իրավիճակի շուրջ պարզաբանում ստանալու համար Sputnik Արմենիան զրուցել է ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի հետ։
Նրա խոսքով` այս պահին ամբողջությամբ պատրաստ է Հյուսիս–հարավ ավտոճանապարհի միայն 31 կմ–ը` Երևան–Արտաշատ 19.6 և Երևան–Աշտարակ 11.4 կմ–անոց հատվածները։ Դրանք շահագործման են հանձնվել 2016թ–ին, բայց խնդրահարույց որակով ու առանց պայմանագրային ձևակերպման` ընդունման–հանձնման ակտի։
«Թեև այն փաստացի շահագործվում է, բայց պայմանագրով ամբողջությամբ ու վերջնական շահագործման չի ընդունվել` հաշվի առնելով, որ որոշակի թերություններ էին հայտնվել, և կապալառու ընկերությունը դրանք ոչ ամբողջությամբ վերացրեց։ Բետոնապատված հատվածներում ճաքեր և այլ տարաբնույթ խնդիրներ հիմա էլ ենք դիտարկում։ Մենք որոշակի գումար ունենք պահված այդ թերությունների վերացման համար»,– ասաց փոխնախարարը` հավելելով, որ հարցով կապալառու շինարարական ընկերության դեմ ՀՀ–ի արբիտրաժային վարույթը դեռ ընթացքի մեջ է։
Երևան–Արտաշատ ավտոճանապարհը կառուցվել է Ասիական զարգացման բանկի տրամադրած 60 մլն դոլարի վարկային միջոցներով։ Կապալառուն իսպանական «Կորսան Կորվիամ» ընկերությունն է։
Տարիներ առաջ նույն ընկերությանն էր վստահվել նաև Հյուսիս–հարավի Աշտարակ–Թալին հատվածի շինարարությունը, որի համար ՀՀ կառավարությունը 170 ԱՄՆ դոլարի վարկ էր ներգրավել` 100 մլն դոլարը` Ասիական զարգացման բանկից, 60 մլն եվրոն` Եվրոպական ներդրումային բանկից։
Այս ճանապարհը ևս «Կորսան Կորվիամն» անավարտ է թողել. 2018թ–ին Աշտարակ–Թալին կիսակառույց ճանապարհի շինարարության ընթացքում տարաբնույթ խախտումներ էին բացահայտվել, որոնց արդյունքում կապալառուն լքել էր ոչ միայն շինհրապարակը, այլև Հայաստանը` պայմանագրային իր պարտավորությունները թողնելով անավարտ։ 2019թ–ին ՀՀ կառավարությունը որոշում էր ընդունել լուծել պայմանագիրն ու նոր մրցույթ հայտարարել։
Այժմ ճանապարհի շինարարությունն իրականացնում է 1 կապալառու` չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» կազմակերպությունը։
Հյուսիս-հարավի կառուցման ծրագրում Հայաստանը կարևորում է ԱԶԲ–ի ներգրավվածությունը
Թեև Աշտարակ–Թալին ճանապարհի որոշ հատվածներ անցյալ տարվանից բացվել են երթևեկության համար, բայց, Քրիստինե Ղալեչյանի խոսքով, կառավարությունն այն դեռ ավարտված չի դիտարկում։
«Շինարարական աշխատանքներ պետք է ընթանան Աշտարակ–Թալին 42 կմ հատվածում։ Այս պահին աշխատանքներն ընթանում են Թալին–Լանջիկ 18.7 և Լանջիկ–Գյումրի 27.5 կմ հատվածում։ Այսպիսով` մենք ընթացիկ աշխատանքներ ունենք նաև Թալին–Գյումրի հատվածում»,– հայտնեց պաշտոնյան։
Ճանապարհի մնացած հատվածների համար կառավարությունը նոր մրցույթներ է հայտարարել կիսատ մնացած շինարարությունն ավարտին հասցնելու համար։
Հյուսիս–հարավն ամբողջությամբ ավարտելու համար, սակայն, դեռ մնում է կառուցել նաև Արտաշատ–Սիսիան 175 կմ–անոց հատվածը, Սիսիան–Քաջարան 60, Քաջարան–Ագարակ 32 և Գյումրի–Բավրա 60 կմ–անոց հատվածները։
Ընդ որում, փոխնախարարի խոսքով, ծրագրի ամենաթանկարժեք հատվածը լինելու է Սիսիան–Քաջարանը` հաշվի առնելով այդ տարածքում նախատեսվող մեծ թվով կամուրջների ու թունելների շինարարությունը։
Ճանապարհի այս հատվածի ընդհանուր արժեքը պաշտոնյան չբարձրաձայնեց, բայց նշեց, որ կառավարությունը ֆինանսավորման հայտով արդեն դիմել է Եվրոպական ներդրումային և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկերին։
Ճանապարհի հաջորդ հատվածի` մինչև Իրանի սահման հասնող Քաջարան–Ագարակ ճանապարհահատվածի ֆինանսավորումն արդեն ստանձնել է Եվրասիական զարգացման ֆոնդը` 154 մլն դոլարի վարկով։ Ծրագրի արժեքը, սակայն, ըստ Ղալեչյանի, փոքր–ինչ բարձրացել է, և կառավարությունը ստիպված է լինելու ավելացնել ծրագրի համաֆինանսավորման իր մասնաբաժինը։
«Այս հատվածում մենք արդեն մրցույթ ենք ուզում հայտարարել այն ակնկալիքով, որ հաջորդ տարի մենք շինարար կունենանք ու շինարարական աշխատանքներ կկատարենք»,– ասաց Ղալեչյանը։
Հարավային հատվածում կառավարությունն ակնկալում է խոշոր միջազգային կազմակերպություններ ներգրավել` այդ նպատակով միջազգային մրցույթներ հայտարարելով ինչպես շինարարության, այնպես էլ վերահսկողության աշխատանքներում։
Ինչ վերաբերում է Հյուսիս–հարավի վերջին 2 հատվածներին (Գյումրի–Բավրա և Արտաշատ–Սիսիան), մեր զրուցակիցը հայտնեց, որ առաջինի նախագծման աշխատանքներն ավարտվել են, բայց ֆինանսավորման հարցը դեռ լուծված չէ, իսկ Արտաշատ–Սիսիան հատվածը ո՛չ նախագծված է, ո՛չ էլ արժեքն է հաշվարկված։
Թե երբ կավարտվի Հյուսիս–հարավի ձգձգված շինարարությունը, այս պահին դժվար է ասել. Ղալեչյանը միայն մոտավոր ժամկետներ նշեց։ Ըստ նրա` շինարարության ամենաբարդ ու ժամանակատար հատվածը` Սիսիան–Ագարակը, կառավարությունում հույս ունեն կառուցել 6 տարում։
«Եթե մենք մնացած հատվածներում էլ կարողանանք շինարարությունը սկսել առաջիկա 1-2 տարում, ապա, իմ գնահատմամբ, կկարողանանք 8-9 տարում ավարտել։ Այդ ժամկետի մեջ ես հաշվարկում եմ նաև մրցույթների իրականացումն ու բոլոր այլ գործընթացները»,– ասաց Ղալեչյանը։
Նշենք, որ Հյուսիս–հարավ ավտոճանապարհի` արդեն կառուցված ու կիսավարտ մնացած 5-6 տոկոսանոց հատվածի շինարարության վրա Հայաստանն արդեն 260 մլն դոլար է ծախսել։ Եվս 302 մլն դոլար դեռ կա տարբեր աղբյուրներից ներգրավված վարկային միջոցներից։
Ինչ վերաբերում է շինարարության ընդհանուր արժեքին, փոխնախարարի խոսքով, ամենամոտավոր հաշվարկներով Հյուսիս–հարավի կառուցումը ՀՀ բյուջեի համար կարժենա շուրջ 3.5 մլրդ ԱՄՆ դոլար։
Լրահոս
0