Թագուհի լինելուց լավ բա՞ն. Եղիսաբեթ Երկրորդը կրկին ռեկորդ սահմանեց

© AP Photo / Steve ParsonsԵղիսաբեթ Երկրորդ
Եղիսաբեթ Երկրորդ - Sputnik Արմենիա, 1920, 13.06.2022
Եղիսաբեթ Երկրորդ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Եկեք անկեղծ լինենք։ Բրիտանացի միապետները երկար են ապրում։ Բնականաբար, երկար էլ թագավորում են։
Այսօրվանից Եղիսաբեթ Երկրորդը մեր ժամանակի ամենից երկար թագավորող միապետն է։ Մինչև այժմ այդ ռեկորդը պատկանում էր Թաիլանդի թագավոր Փհումիփհոն Ադուլյադետին, որը 1946 թվականից ի վեր մինչև կյանքի վերջը գահակալել է 70 տարի և 126 օր։ Ճիշտ է, պատմության ընթացքում եղել են նաև ավելի երկար գահակալություններ, օրինակ, Ֆրանսիայի ամենահայտնի թագավորներից մեկը՝ Լյուդովիկոս 14-րդը, 72 տարի է մնացել գահին, բայց ախր նրա գահակալությունը սկսվել է 4 տարեկանում։ Պատկերացնո՞ւմ եք. մանկապարտեզի երեխան՝ երկրի ղեկավար։
Ասում են, անգլիական թագավորական գերդաստանի անդամներն ընդհանրապես աչքի են ընկնում երկարակեցությամբ։ Իրոք, Եղիսաբեթ Երկրորդը 4 տարի հետո կբոլորի իր հարյուրամյակը։ Նրա մայրը 101 տարի է ապրել, իսկ հորեղբոր աղջիկը՝ Ալիսը, 102 տարի։ Թագուհու ամուսինը՝ Ֆիլիպը, իր 100-ամյա հոբելյանից ընդամենը երկու ամիս առաջ մահացավ։ Իհարկե, կարող եք ասել՝ Ֆիլիպի երկարակեցությունը ի՞նչ կապ ունի, նա հո թագուհու ազգակի՞ցը չէր, ամուսինն էր։ Լավ էլ կապ ունի, որովհետև երկուսի ընդհանուր նախնիներից մեկը Վիկտորյա թագուհին է եղել։ Այո′, Եղիսաբեթ Երկրորդը ու Ֆիլիպը ոչ միայն ամուսիններ էին, այլև հեռու ազգականներ։
Թագուհի լինելուց լավ բա՞ն. Էլիզաբեթ երկրորդը կրկին ռեկորդ սահմանեց
Փաստն այն է, որ 1707 թվականից ի վեր, երբ հռչակվեց Բրիտանական թագավորությունը, մինչև 80 տարի և ավելի ապրել են թագավորական ընտանիքի գրեթե 30 անդամներ։ Հատուկ ուսումնասիրելով այս թվերն ու փաստերը, ամերիկացի հայտնի մասնագետ Ջեյ Օլշանսկին եկել է այն եզրակացության, որ բրիտանացի միապետները միջինը 30 տարով ավելի են ապրում, քան իրենց հպատակները։ Նրա տեսության վառ ապացույցն է հենց Եղիսաբեթ Երկրորդը։ Երբ նա ծնվեց 1926 թվականին, բրիտանացի կանանց կյանքի սպասվող տևողությունը կազմում էր 62 տարի, այնինչ թագուհին դեռ անցած տարի արդեն դարձել է 95 տարեկան։
Ճիշտ է, միապետների երկարակեցության ինչ-որ արտառոց, առեղծվածային պատճառներ Օլշանսկին չի բացահայտել։ Նախ, երկար են ապրել նրանց նախնիները, այսինքն կապը գենետիկ է։ Եվ երկրորդ, ինչպես մենք՝ հայերս ենք փաստել մեր հայտնի երգերից մեկում՝ եթե թագավոր ես, «կե′ր, խմի′, քե′ֆ արա շարունակ»։ Լոնդոնյան «Գարդիանը» ավելի է մանրամասնել. «Երևի դուք էլ շատ ավելի առողջ կլինեիք, եթե կեսօրի լանչին ձեզ մատուցեին թագավորական լճակներում հենց նոր բռնած իշխան, իսկ ճաշին համտեսեիք եղջերուի ամենաթարմ մսից պատրաստած բիֆշտեքս»։
Պարենային վիճակը շատ կվատանա. ուկրաինական իրադարձությունների համաշխարհային հետևանքները
Ու նաև՝ ոչ մի հոգս չունեք։ Այդ նախկինում էր, որ կայսրը իր զորքն առաջնորդում էր վճռորոշ ճակատամարտի ժամանակ կամ բարդ բանակցություններ էր վարում ագրեսիվ հարևանի հետ։ Հիմա վաղուց արդեն բոլոր միապետները դարձել են իսկական «անգլիական թագուհի»։ Ճիշտ է, կան բացառություններ, որոնցից մեկն է Սուլթան Հաջի Հասանալ Բոլքիահ Մուիզ ուդ-Դին Վադաուլահ իբն ալ-Մարհում սուլթան Հաջի Օմար Ալի Սաիֆ ուդ-Դին Սաադ ուլ-Հաիր ուա ուդ-Դինը։ Իհարկե, հասկացաք, որ խոսքը Բրունեյի թագավորի մասին է։ Այս մարդուն բնավ «անգլիական թագուհի» չես անվանի, որովհետև նա ոչ միայն այդ պետության թագավորն է, այլև վարչապետը, պաշտպանության, ֆինանսների, էկոնոմիկայի, արտաքին գործերի նախարարը, պլյուս՝ հոգևոր առաջնորդը։
Այնուամենայնիվ, անկեղծ լինենք՝ Բրունեյի թագավորի կյանքն էլ առանձնապես չի ծանրաբեռնված պրոբլեմներով, որովհետև կղզին ապրում է նավթի և գազի հսկայական պաշարների հաշվին, իսկ միապետը միայն մի հոգս ունի՝ էլ որտե′ղ ծախսել փողը։ Չնայած նրա կարողությունը կազմում է, կներե′ք, ընդամենը 20 միլիարդ դոլար, իրականում շատ մասնագետներ պնդում են, որ այդ 20 միլիարդը Իլոն Մասկի 200 միլիարդից ավելին է, քանզի եթե Մասկի փողը իրոք թուղթ է, արժեթուղթ, որի գինը մեկ օրում կարող է երկու անգամ կրճատվել, Բրունեյի թագավորի փողը, այսպես ասենք, միանգամայն իրական է, շոշափելի, որովհետև դրանք շքեղ հյուրանոցներ ու առանձնատներ են աշխարհի ամենահայտնի վայրերում՝ Բևեռլի Հիլզ, Փարիզ, Դուբայ, ինչպես նաև թանկարժեք զարդեր ու ավտոմեքենաներ։
Մատիաս Ռուստի «Սեսնա» ինքնաթիռը - Sputnik Արմենիա, 1920, 31.05.2022
Թե ինչպես 18-ամյա գերմանացի երիտասարդը անհավանական վայրէջք կատարեց Կարմիր հրապարակում
Հեռու չգնանք, հենց Բրունեյում գտնվող նրա պալատն ունի ավելի քան 1500 սենյակ և 200 լոգարան։ Ու նաև էսպիսի դեպք են պատմում։ Մի անգամ արքայազն Չարլզի հետ գոլֆ խաղալիս կոշիկները թողել էր դաշտի մյուս կողմում։ Զանգահարել էր, ուղղաթիռ կանչել, որն էլ դաշտի մի ծայրից մյուս ծայրն էր հասցրել թագավորական կոշիկները։
Բայց ամենակարևորը՝ վաղուց արդեն ոչ մի երկրում միապետներից դժգոհ քաղաքացիները փողոցներ չեն փակում, վիրավորական կարգախոսներ չեն վանկարկում, ընդդիմադիրները բողոքի հանրահավաքներ ու երթեր չեն կազմակերպում ու հրաժարական չեն պահանջում։ Համաձայնե′ք՝ իրոք շատ դիպուկ է ասել ժողովուրդը. «Թագավոր լինելուց լավ բա՞ն»։
Լրահոս
0